1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունը հռչակեց Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որտեղ ասված էր. ,Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունե:Դա տեղի ունեցավ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:
Հունիսի սկզբին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց հաղորդագրություն. ,Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունըե:
Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրեց Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
Նորաստեղծ պետությունն հռչակումից անմիջապես հետո առաջին՝ պարտադրված պայմանագիրը ստորագրեց Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացնում էին Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը:
Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն Հայաստանը հրաժարվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից:
Հայաստանի Հանրապետությանը մնաց ընդամենը 12 հզ. կմ քառ. տարածք:
Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժեց պայմանագրի պահանջը, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը:
Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական ,ավազակային զորաջոկատներըե՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները:
1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանեց Երևան. հիմնական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվեց բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվեցին տարբեր կուսակցությունների, ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական:
Հուլիսի 24-ին հրապարակվեց գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը, որի առանցքային դեմքերն էին վարչապետը՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարարը՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան:
Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարեց իր առաջին նիստը, նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում ընդունեց քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար:
1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը բարելավվեց, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն կրեց և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից: Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն ծագեց Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվեց հայ-վրացական պատերազմի: Հայկական զինված ուժերը Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ կարողացան վրացիներին դուրս քշել Լոռուց և զգալի ռազմամթերք գրավել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս կանխեցին անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ-ի հունվարի 9–17-ը տեղի ունեցած խորհրդաժողովում կնքվեց հաշտություն:
Լոռին հայտարարվեց չեզոք գոտի՝ անգլիական գեներալ-նահանգապետի իշխանության ներքո: Ախալքալաքի գավառը ժամանակավորապես մնալու էր Վրաստանի իշխանության տակ: Թեև այդ հիմնախնդրի վերջնական լուծման համար ստեղծվել էր հայ-վրացական հանձնախումբ, սակայն այն չկարողացավ որևէ լուծում գտնել:
Հարևան երկրներից միայն Իրանի հետ էին հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ:
1919 թ-ի գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրեցին Կարսի մարզը և Նախիջևանի գավառը. Կարսի նահանգապետ նշանակվեվ Ստեփան Ղորղանյանը:
Այսպիսով, հանրապետության տարածքն ընդարձակվեց և հասավ 60 հզ. կմ քառ.-ի:1919 թ-ի աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ տեղի ունեցան Զանգեզուրի համար: Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը:
1919 թ-ի փետրվարին Երևանում տեղի ունեցավ Արևմտահայության 2-րդ համագումարը, որոշում ընդունվեց Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին:
Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն: Փաստորեն ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը:
1919 թ-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ (միակը ՀՀ-ում)՝ 366 հզ. ընտրողների և 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Օգոստոսի 1-ին գումարված նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում նախագահ ընտրվել Ավետիս Ահարոնյանը (դաշնակցական):
Հանրապետությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում էր, քայքայվել էր տնտեսությունը: 1918 թ-ի վերջին և 1919 թ-ի սկզբին սովյալների թիվն անցնում էր կես միլիոնը: Սովից ու համաճարակներից մահացավ 180 հզ. մարդ, հիմնականում՝ արևմտահայ գաղթականներ:
Արտասահմանում օգնություն կազմակերպելու համար Եվրոպա և Ամերիկա է մեկնել պատվիրակություն՝ Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Ամերիկյան առաջին օգնությունը Հայաստան հասավ 1919 թ-ի մայիսին:
Լուսավորության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի ջանքերով 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվեց պետական համալսարանը: Հիմնադրվեց Հնությունների պահպանման պետական կոմիտեն, նախատեսվում էր ստեղծել նաև պետական թատրոն:
ՀՀ կայունությանը, սակայն, սպառնում էին թուրք-թաթարական ներքին խռովությունները, որոնք ճնշելու համար իշխանությունները ստիպված էին դիմելու զինված ուժերին: Ճնշվեց թուրք-թաթարական խռովությունը Զանգիբասարում (հետագայում՝ Մասիսի շրջան), Բեյուք-Վեդիում (Արարատի շրջան, երկուսն էլ այժմ ՀՀ Արարատի մարզում են) և այլ վայրերում:
ՀՀ-ում կյանքի կայունացման ընթացքը խանգարվեց 1920 թ-ի մայիսին բոլշևիկների կազմակերպած ապստամբությամբ: Մայիսի 5-ին կազմվեց նոր Կառավարություն՝ Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ, ընդունվեց օրենք՝ արտակարգ դրություն մտցնելու մասին: Մայիսի կեսերին կառավարական ուժերին հաջողվեց ճնշել ապստամբությունը, որը, սակայն, երկրի համար ծանր հետևանքներ ունեցավ:
1920 թ-ից սկսվեց Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշեցին փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920 թ-ի ապրիլի 24-ին ճանաչեց նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:
Դեռևս 1918 թ-ի վերջին Հայաստանի խորհրդարանը կազմել էր հատուկ պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, և ուղարկել Եվրոպա՝ 1919 թ-ի հունվարին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Փարիզ էր ժամանել նաև արևմտահայության շահերը ներկայացնող ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ. մշակվել էր խորհրդաժողովին ներկայացվելիք միասնական ծրագիր:
Թուրքիայի հետ հաշտության նախագծի մշակման համար 1920 թ-ի ապրիլին Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովում մեծ տերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել Հայկական հարցին՝ լուծումը համարելով Հայաստանի 2 հատվածների միավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ որևէ մեծ տերություն ընդուներ Հայաստանի հովանավորությունը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը համաձայնեց ստանձնել Հայաստանի մանդատը, սակայն 1920 թ-ի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը (52 դեմ, 23 կողմ) մերժեց այդ նախագիծը:
1920 թ-ի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրեցին պայմանագիր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրեց Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Ցավոք, ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ո՜չ Սևրի պայմանագիրը, ո՜չ Հայաստանի Հանրապետությունը:
1920 թ-ի մայիսին Կարմիր բանակը մտավ Ղարաբաղ, հունիսին՝ Զանգեզուր, օգոստոսին՝ Նախիջևան: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների՝ իբրև հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը:
1920 թ-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության՝ այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր:
1920 թ-ի սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Հայաստանի վրա: Հետագայում թուրքական կառավարությունը պատերազմի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանը ներկայացրեց որպես նախահարձակ:Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշևիկյանից, հանդես են եկել հայրենիքի պաշտպանության կոչով:
Սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցին Սարիղամիշը, ապա՝ Կաղզվանը:
Հայկական բանակը, Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, դիրքեր գրավեց Կարսի մատույցներում, սակայն հոկտեմբերի 30-ին թշնամին առանց դիմադրության գրավեց նաև Կարսի բերդը: Շուրջ 3 հզ. հայ զինվոր և 120 սպա գերի ընկան: Նոյեմբերի 7-ին ընկավ նաև Ալեքսանդրապոլը:
Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունեց թուրքերի առաջարկած զինադադարը: 1920 թ-ի նոյեմբերի 24-ին կազմվեց նոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտավ Իջևան և երկրում հայտարարեց խորհրդային իշխանություն:
Դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրով Հայաստանը հռչակվեց խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքեց հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվեց հայ-թուրքական պատերազմը:
ՀՀ-ն գոյություն ունեցավ երկուսուկես տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից` Հայաստանի Առաջին Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց, բայց հայ ժողովրդի մեջ արմատավորեց սեփական պետություն ունենալու անհրաժեշտությունը: