Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ն խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում. նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 3 զոհ։
Եվրամիությունն իր պաշտոնական կայքէջում դեպքի առթիվ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Եվրոպական միությունը դատապարտում է ու կոչ անում բացահայտել Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած միջադեպը, այն է՝ հայկական ուղղաթիռի կործանումն Ադրբեջանի կողմից: Կարևոր է, որ հակամարտության կողմերը զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը:
«Եվրամիությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա համանախագահների ջանքերին: Պայմանավորվածության համաձայն՝ երկու կողմերը պետք է խստորեն հարգեն հրադադարը, խուսափեն ուժի կիրառումից, սպառնալիքից և վերսկսեն ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ԵԱՀԿ երեք համանախագահները նույնպես հաղորդագրություն են տարածել միջադեպի հետ կապված՝ դատապարտելով այն և իրենց ցավակցությունը հայտնելով զոհերի ընտանիքներին: Նրանք նաև հավելել են, որ անհանգստացած են դեպքի առթիվ և կփորձեն ամեն ինչ անել դրա բացահայտման համար: