ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանողներն իրենց ուժերով բարեգործական ակցիա են իրականացնում Երեւանում: Ակցիայի նպատակն է գումար հավաքել եւ տրամադրել դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին: Անցորդներն իրենց փոքրիկ լուման են նվիրաբերել Կարենի բուժման համար: Նշենք, որ Կարենի բուժումը հնարավոր է իրականացնել Գերմանիայում կամ Իսրայելում, իսկ դրա համար անհրաժեշտ է 80 հազար եվրո:
Հիշեցնենք, որ անցյալ տարի` դեկտեմբերի 26-ի գիշերը, իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից դերասանը ծեծի է ենթարկվել, ինչից հետո առողջական խնդիրներ ունի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ տեղեկանալ, թե կոնկրետ ինչ փաստաթղթերի հիման վրա է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննությունը:

Լենա Մխիթարյան (55 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված՝ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձեւ): (Հիմք ՀՀ կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ):
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ «UNICEF»-ի տվյալների՝ ՀՀ-ում կա մոտ 12 հազար հաշմանդամ երեխա, որոնց կարգավիճակը տարբեր պատճառներով հաստատված չէ: Ընդհանուր ուսումնասիրություններ են անցկացվել 5707 երեխաների շրջանում, որոնցից 5322-ն ընտանեկան խնամքի ներքո են, իսկ 385-ը՝ մանկատների սաներ:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք կարող են դրամական օգնություն ստանալ:

Դանիել Կարապետյան (68 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,
այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,
ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,
ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
ՀՀ ազգային հերոսները,
«Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք,
ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները:
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, օրենքի կետերում նշված են այն կատեգորիաները, որոնք ներկայացնող անձինք իրավունք ունեն ստանալ դրամական օգնություն, սակայն խմբագրության ստացած զանգերն ու դժգոհությունները փաստում են, որ օրենքը միշտ չէ, որ կիրառվում է: Եվ ցավալի է, որ նման կարգավիճակ ունեցող մարդկանց նույնպես խաբում են:

 

 
ՀԱՐՑ. Կուզեի իմանալ, թե որն է ապրանքի մաքսային արժեքը: Եվ խնդրում եմ ասեք, ապրանքները մինչեւ ինչքա՞ն ժամանակ կարող են հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:

Նորայր Գաբրիելյան (48 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Գաբրիելյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի hոդված 126-ի 1-ին կետի՝ պատասխանատու պահպանության հանձնված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները կարող են պահպանվել մինչեւ դրանց պահպանման համար օրենքով սահմանված վճարի գումարի հավասարվելն ապրանքի մաքսային արժեքին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նշված ժամկետը կարող է սահմանափակվել` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից եւ պահպանման առանձնահատկություններից:
Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռքբերելու եւ մինչեւ ՀՀ մաքսային սահմանը տեղափոխելու համար:
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում ներկայացված է մաքսային մարմիններին հանձնված ապրանքների պահպանության ժամկետը, մնում է՝ յուրաքաչյուրը տեղյակ լինի գործող կարգից եւ հարկ եղած դեպքում կիրառի այն:




Լրահոս