ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ՈՒՄ ԴԵՌ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ, ԲԱՅՑ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆ

ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է «Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ու առաջիկայում այն պետք է քննարկվի նաեւ ԱԺ-ում: Նշենք, որ այդ նախագծի համաձայն` օրենքում նախատեսված է ավելացնել հետեւյալ դրույթները. «Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ` Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ»:

«Քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ» չպետք է պարունակի նաեւ ՎՊ տարեկան հաշվետվությունը: Զուգահեռ, կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքում, եւ այնտեղ ամրագրել, որ ՎՊ տարեկան հաշվետվությունն ԱԺ ներկայացնելիս դրան կցվում են վերահսկվողի ներկայացրած առարկությունները կամ պատասխանները: Օրենքում կատարվելիք փոփոխությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ` պարզելու ՀՀԿ խմբակցության տեսակետը:
-Պարոն Սահակյան, կառավարության կողմից ներկայացված «Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը որակվում է որպես ՎՊ-ին լռեցնելու փորձ: Դուք ինչպես եք ընդունում կառավարության նման քայլը:
-Նախ՝ ամբողջական գնահատական հնչեցնելու համար պետք է նախագիծը գա ԱԺ, որպեսզի քննարկենք ու տանք ավելի մասնագիտական գնահատական: Առհասարակ, իմ տեսակետն այս հարցի հետ կապված հետեւյալն է. կարծում եմ՝ կան գործառույթներ, աշխատանքներ, որոնց դեպքում պետք է հետ կանգնել քաղաքական որոշակի շահարկումներից, գնահատականներից եւ այլն: Օրինակ՝ իրավապահ մարմիններում, երբ քննություն է ընթանում, եթե քննիչը կարողանա ցանկացած գործով իր տեսակետն արտահայտել, ապա այդ դաշտը կխճճվի: Եթե նման համակարգերը վեր չկանգնեն քաղաքական շահարկումներից եւ միայն մասնագիտական գործառույթներ չկատարեն, ապա մենք կխճճվենք միանշանակ: Որպեսզի նման մասնագետներն իսկապես մասնագիտական գործունեություն իրականացնեն, անկախ քաղաքական որոշակի վայրիվերումներից, պետք է նման քայլի դիմել: Հետեաբար` այժմ այդ խնդիրն առկա է: Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ Վերահսկիչ պալատի գործունեությունը: Որովհետեւ, եթե ՎՊ-ն վերահսկողություն է իրականացնում, ասենք` վերցնենք գլոբալ առումով, պետական բյուջեի արդյունավետ օգտագործման հարցն է քննում, ապա պետք է զերծ մնա քաղաքական որակումներից: Օրինակ՝ պետք է ներկայացնի, որ` ենթադրենք այսինչ գերատեսչությունում եղել է նման չարաշահում, բայց դա արվի առանց որեւէ որակման կամ առանց որեւէ ձեւակերպման:
-Բայց «չարաշահել» բառն արդեն ինքնին գնահատական է:
-Եթե, օրինակ, եղել է գնումների հետ կապված այսինչ սխալը, ապա օրենքի այսինչ կետով նախատեսված է նման բան. ահա նման ձեւակերպում պետք է լինի: Իսկ երբ ՎՊ-ն ԱԺ կներկայացնի իր ծրագրերը կամ հաշվետվությունները, այդ ժամանակ թող ԱԺ-ն արդեն գանահատականը տա, գնահատական կտան խմբակցությունները, անհատ պատգամավորները:
-Տեսակետ կա, որ այս օրենքի նախագծի «ստեղծման» պատճառը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` անցած ամռանը ԱԺ ամբիոնից հնչեցրած կոշտ գնահատականներն էին` կապված կառավարության գործունեության հետ:
-Ես կառավարության անդամ չեմ, բայց չեմ կարծում, որ նման բան կա: Ուղղակի մենք պետք է կարողանանք զերծ մնալ քաղաքական շահարկումներից: Խնդիրն առկա է ու պետք է դրա համար լուծում տրվի: Այստեղ խնդիրը միայն մասնագիտական դաշտում է:
-Այսինքն՝ կարելի է ասել, որ ՀՀԿ խմբակցությունը կո՞ղմ է այս նախագծին:
-Ես հիմա չեմ կարող ասել, քանի որ պետք է դա քննարկենք:
-Պարոն Սահակյան, Դուք նշանակվել եք ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: Այժմ հանձնաժողովի վարույթում են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վարքի հետ կապված դիմումներ: Որքանո՞վ անաչառ կլինեք Ձեր իսկ կուսակիցների հետ կապված հարցերը քննելիս:
-Ընդհանուր առմամբ տեղյակ եմ, դեռեւս չեմ ուսումնասիրել մանրամասն, առաջիկա օրերին կպայմանավորվենք անդամների հետ, նիստ կհրավիրենք ու կքննարկենք հարցերը: Էթիկայի հանձնաժողովը դատող կամ մանդատից զրկող որեւէ լիազորություն չունի: Ու էթիկայի հանձնաժողովը պետք է ունենա այնպիսի դիրք, այնպիսի վստահություն, որ ցանկացած պատգամավոր, որի հետ կապված հարց է մտնում հանձնաժողով, հասկանա, որ արդեն սթափվելու, զգոնանալու ժամանակն է: Դրա համար այստեղ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները պետք է համախմբված աշխատեն, որպեսզի մենք միասին ինչ-որ բան տեղից շարժենք:

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ-ՈՒՄ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ «ՆԿԱՐՈՒՄ»

Շուրջ մեկ ամիս է, ինչ Ազգային ժողովի շենքի գրեթե բոլոր միջանցքներում տեսախցիկներ են տեղադրված: Ու արդեն տեւական ժամանակ է, ինչ հայրենի պատգամավորներն աշխատում են միմյանց հետ չշփվել այն հատվածներում, որտեղ առկա են տեսախցիկները: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, որ իրականում այդ տեսախցիկները դեռեւս չեն գործում ու փաստորեն` մինչ այժմ պատգամավորները զրուցելիս անիմաստ են «թաքնվել» այս ու այն պատի «տակ»:

Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարց էր ուղղել` փորձելով պարզել, թե որն է ԱԺ-ում տեսախցիկներ տեղադրելու նպատակը: «Տեսախցիկաֆիկացիա է անցկացվում ԱԺ-ում: Ես կարծում եմ, որ մենք այդ պրոբլեմը չունենք, որովհետեւ այն, ինչ ասում ենք աշխատասենյակում, նույնն ասում ենք դահլիճում, հրապարակներում: Բայց ես չեմ կարծում, թե ԱԺ-ն էդքան տոտալ վերահսկողության խնդիր ունի»,- նկատել էր ՀԱԿ պատգամավորը, ինչին ի պատասխան` Հ. Աբրահամյանը հավստիացրել էր, թե դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի հետ` պարզելու, թե ե՞րբ են ավարտվում ԱԺ-ում տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
-Տեսախցիկների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, մինչեւ մարտ ամսվա վերջ կավարտենք աշխատանքներն ու մեր անվտնագության նոր համակարգը կսկսի գործել:
-ԱԺ շենքից դուրս եւս տեսախցիկներ են տեղադրվում, այդ մասում աշխատանքներն ի՞նչ փուլում են գտնվում:
-Շուտով բոլոր աշխատանքները միասին կավարտվեն ու բոլոր տեսախցիկները կգործեն: Ընդամենը անվտանգության նկատառումներով պայմանավորված է դա արվում ու այդտեղ զարմանալու բան չկա, ուրիշ խնդիր չկա: Գիտեք ինչ, 21-րդ դարում անվտանգության համակարգերն առանց տեսախցիկների նույնիսկ դժվար է պատկերացնել: Դա ոչ միայն մեր բակում է, դրանք փողոցներում են, բակերում են, տներում են, դա համատարած կիրառվում է, ու նույնիսկ զարմանալի է, որ մինչ այժմ ԱԺ-ում չի եղել: Հասկանալի է նաեւ պատճառը` այն ֆինանսական է եղել, բայց արդեն որոշակի խնայողությունների շնորհիվ մենք կարողացանք այդ խնդիրը լուծել:
-Պատգամավորներն այս ժամանակահատվածում կարծել են, թե համակարգն արդեն գործում է եւ խուսափել են այն հատվածներում զրուցել, որտեղ տեսախցիկները տեղադրված են: Փաստորեն` զուր տե՞ղը, համակարգը դեռեւս չի՞ գործում:
-Համակարգն ավարտական փուլում է ու արդեն մինչեւ մարտի վերջ այն լիովին, ամբողջական կգործի:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՄԵԿԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԳՏՆՈՒՄ

«Orange» ընկերությունից երեկ հերքեցին տեղեկությունը, ըստ որի` անցյալ տարվա 4-րդ եռամսյակում իրենք վնասով են աշխատել: Նշենք, որ օրերս լուր տարածվեց, թե միայն 2013թ. վերջին 3 ամիսներին նշված բջջային օպերատորը 1,82 միլիարդ դրամի վնասով է աշխատել: Մինչդեռ «Ժողովուրդ»-ին ուղղված պարզաբանման մեջ «Orange»-ից ասացին, որ իրենց եկամուտները նշված ժամանակահատվածում աճել են 6,3 տոկոսով, այն դեպքում, երբ ընդհանուր շուկայում 0,4 %-ի անկում է գրանցվել:
Վնասով չի աշխատում նաեւ «Vivacell MTS»-ը, ավելին՝ ունեն 239.7 մլն դրամի շահույթ:
Հետաքրքիր է, որ բջջային կապի 3-րդ օպերատորը նույնպես չի ընդունում շուկան կորցնելու իրողությունը: «Beeline»-ին ուղղված մեր հարցմանն ի պատասխան ընդամենը բանավոր հավաստիացրեցին, որ իրենց գործերը լավ են՝ չընդունելով 1,73 միլիարդ դրամի ֆինանսական վնաս կրելու մասին պնդումները: Սակայն պաշտոնական փաստարկված պարզաբանում այդպես էլ չստացանք:

 
ԲԱՐԵՀԱՄԲՈՒՅՐ ԵՆ

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀ գազամատակարարման ոլորտի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի` սակագների ձեւավորման մեխանիզմներն ուսումնասիրող ենթահանձնաժողովի նիստը: Ընդ որում, ինչպես «Ժողովուրդ»-ին փոխանցեցին լավատեղյակ աղբյուրները, այս նիստն անցել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի աշխատասենյակում: Բանն այն է, որ երեկ Մանուկյանն առողջական որոշակի խնդիրների պատճառով դժվարանում էր ազատ ելումուտ անել, աստիճաններ բարձրանալ: Եվ ենթահանձնաժողովի անդամներ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու Վարդան Այվազյանը, իմանալով այդ մասին, իրենք են գնացել Մանուկյանի աշխատասենյակ` այնտեղ նիստն անցկացնելու համար: Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս փաստը` տեղեկացնելով, որ նիստում քննարկվել են ընթացիկ հարցեր:

 
ԳՈՐԾԱՐՔ՝ ՄԻՍԱԿԻՆ

2013 թվականի նոյեմբեր ամսից կալանքի տակ գտնվող «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման ժամկետը եւս երկու ամսով երկարացվել է, որը, ըստ նրա փաստաբան Վարդան Զուռնաչյանի, գործի քննությունն անիմաստ ձգձգվում է:
Ի դեպ, armlur.am-ին հայտնի է դարձել, որ Միսակ Մարտիրոսյանին առաջարկել են ցուցմունք տալ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ, ինչն անելուց հետո խոստացել են ազատ արձակել, սակայն Մարտիրոսյանը հրաժարվել է:
Այս լուրի իսկությունը armlur.am-ը փորձեց ճշտել Վարդան Զուռնաչյանից, ով հայտնեց, որ սրա մասին Միսակ Մարիտիրոսյանը կհայտարարի դատարանի դահլիճում:




Լրահոս