Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով դադարեցնել Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարությունը:
Հայտարարությունում, որն ուղղված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, ՀՀ վարչապետին, ՀՀ մշակույթի նախարարին, Կոտայքի մարզպետին և Ծաղկաձորի քաղաքապետին երիտասարդ գրողները իրազեկում են, որ պատմամշակութային երկու արժեքների Ծաղկաձորի Կեչառիս և Սուրբ Հարություն եկեղեցու միջև ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն կարժեզրկի մշակութային համալիրի պատմական նշանակությունը և կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգևոր և բարոյական միջավայրի վրա:
“Մեր շրջայցի ժամանակ, հավանաբար, մասամբ գործող կիսակառույց հաստատությունից արդեն իսկ հնչում էր հայալեզու մուղամ: Հետևաբար, մենք` համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհությունն ու վրդովմունքը հայտնելու վերոնշյալ տարածքում կատարվող շինարարության դեմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը և պատկան մարմիններից ակնկալում ենք հետևողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման և իրագործման հարցում”,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից է: Այնտեղ ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։
Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։