Ուղղաթիռի ոչնչացումը կոնֆլիկտի սրման նոր սպառնալիք է. Նիկոլայ Բորդյուժա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ԶՈւ կողմից ուղղաթիռի կործանման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Այս վտանգավոր միջադեպը հրահրում է տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացում և ուժեղացնում է մեր անհանգստությունը»,- ասված է հայտարարության մեջ:

«Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Առաջացել է հակամարտության սրման նոր փուլի սպառնալիք: Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է է՛լ ավելի սրված»,- նշված է հայտարարության մեջ:

«Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության հարցում: Ամենակարևորը, որ կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը, ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին պայմանավորվածությունների խստագույն պահպանումը և սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը: Կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը»:

Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռ է խոցվել, որի հետևանքով զոհվել են անձնակազմի երեք անդամները:




Լրահոս