Բռնաբարության և գողության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վ.-ի գործով դատաքննությունն ավարտվեց: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, դատական նիստին ամբաստանյալը հանդես եկավ վերջին խոսքով՝ մասնավորապես վստահեցնելով, թե դատաբժշկական և դատաձեռագրաբանական փորձաքննություններն ապացուցել են, որ ինքը դեպքի հետ առնչություն չունի:
«Ես այդ օրը եղել եմ իմ բնակարանում ընկերուհուս հետ: Ինչպե՞ս եղավ, որ ես խաղալիք ատրճանակը, որով իբր գնացել եմ հանցագործություն կատարելու, պահել եմ իմ բնակարանում, իսկ ձեռնաշղթաներն ու դիմակը չեմ թաքցրել»,- ասաց ամբաստանյալը:
Վերջինիս ներկայացրած բոլոր պատճառաբանություններին, որոնցով փորձում էր ապացուցել իր անմեղությունը, մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը պատասխանեց, թե ամբաստանյալը փաստերը ներկայացնում է խեղաթյուրված՝ յուրովի մեկնաբանություններով:
Նշենք նաև, որ Էդգար Վ.-ն պարբերաբար փորձում էր հակասություններ ներկայացնել տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներից, սակայն դատավոր Մակյանը ընդհատում էր նրան՝ բացատրելով, որ չհրապարակված ցուցմունքները, որոնք չեն հետազոտվել, ամբաստանյալն իրավունք չունի ներկայացնել: Այդուհանդերձ, նախկին ոստիկանը ամեն կերպ փորձում էր ապացուցել այն հանգամանքը, որ տուժողը նախաքննական ցուցմունքում որպես կասկածյալներ տվել է նաև այլ մարդկանց անուններ:
Իր վերջին խոսքում ամբաստանյալն ասաց. «Տուժող կոչվածն ասել է, թե երբ հանել է իրեն բռնաբարողի դիմակը, տեսել է շագանակագույն մազերով, բայց իմ մազերը, ինչպես տեսնում եք սև են, կապույտ աչքերով, բայց իմ աչքերը, ինչպես տեսնում եք, կապույտ չեն, կլոր քթով և կոլոտ մարդու, բայց իմ քիթը սուր է: Նա ասել է նաև, իբր մարմինը սափրած է եղել, բայց նայեք իմ մարմինը սափրա՞ծ է»: Ապա պատռեց վերնաշապիկը՝ քիչ անց փորձելով հանել նաև տաբատը:
Որոշ ժամանակ անց դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 17-ին:
Ավելի մանրամասն՝ armlur.am-ի տեսանյութում: