ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԲՈՒՆ ԾՐԱԳՐԻՑ, ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՑԵԽ ՇՊՐՏԵԼ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախարարության նկատմամբ հասարակության վստահությունն ավելացել է: Ավելին, ըստ նախարարի՝ ի տարբերություն այլ նախարարների, ովքեր իրենց համակարգի յուրաքանչյուր աշխատակցի կարող են հանձնարարական տալ, Սփյուռքի նախարարը Սփյուռքի որեւէ կառույցի կամ սփյուռքահայի հանձնարարություն տալ չի կարող: Սփյուռքի նախարարության աշխատակիցները համագործակցությամբ, զուտ մարդկային գործոնով են աշխատում:

-Տիկին Հակոբյան, «Արի տուն» ծրագիրը, որը 2009թ. կյանքի է կոչվել, ըստ տարբեր կարծիքների, ձեւական բնույթ է կրում եւ այդքան էլ չի ծառայում իր բուն նպատակին: Բանն այն է, որ սփյուռքահայերը գալով հայրենիք եւ մասնակցելով այս ծրագրին, միանգամայն այլ պատկեր են տեսնում՝ հիասթափվելով մեր երկրի վարքուբարքից, օրենքների կիրառման մեթոդներից… Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ սփյուռքահայերի նկատմամբ մեղմ վերաբերմունք կիրառելու անհրաժեշտությունը զգան նաեւ բարձրագույն ատյաններում:
-Եթե բարձրագույն ատյաններում չզգային սփյուռքահայերի նկատմամբ ջերմ ու մարդկային վերաբերմունքը, ապա Սփյուռքի նախարարությունը չէր ստեղծվի: Բայց նախարարությունը ոչ միայն պետական մարմին է, այլեւ ազգային, հայկական, որն աշխատում է Սփյուռքի բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ: Այլ բան է, երբ 5 տարում հնարավոր չէ 7 միլիոնի հետ աշխատել: Սակայն կարող եմ հայտարարել, որ դուք չեք գտնի մի մարդ, որն անցնող 5 տարիների ընթացքում մասնակցել է մեր բոլոր ծրագրերին եւ դժգոհ է եղել` լինեն փառատոներ, համաժողովներ, «Արի տուն» ծրագիրը, երիտասարդական միջոցառումներ եւ այլն: Նախարարության նկատմամբ մեծ ջերմություն կա: Ես ձեզ հետ համամիտ եմ մի հարցում, որ, ցավոք, որոշ մարդիկ, ովքեր տեղյակ չեն բուն ծրագրից, փորձում են ծրագրի անունը շահարկել եւ ցեխ շպրտել: «Արի տուն»-ը հայրենադարձության ծրագիր չէ, 12 կամ 13 տարեկան երեխան գալիս է՝ հայրենիքը ճանաչելու, եւ ոչ թե հայրենադարձվում է, սակայն ես հավատացած եմ, որ այդ երեխաները հետագայում կվերադառնան հայրենիք:
-Սիրիահայերի դժգոհությունների ֆոնին հայ հասարակությունը սկսել է նախարարության գործունեությանը չվստահել: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ես չեմ ընդունում ձեր արտահայտությունը «հայ հասարակություն» ասելով: Կներեք, Սփյուռքի նախարարությունը նախեւառաջ գործում եւ աշխատում է Սփյուռքի համար, այլ ոչ թե հայաստանցիների համար: Իհարկե, հայաստանցիներին մենք եւս ներգրավում ենք շատ ու շատ ծրագրերում: Ի տարբերություն ձեզ, ես դրական առումով վերաբերմունքի փոփոխություն եմ տեսնում դեպի նախարարություն: Համահայկական խոշոր կառույցները նախարարության հետ համատեղ ծրագրեր են իրականացնում, եթե չվստահեին, վատ գնահատեին, չէին աշխատի մեզ հետ: Ես մյուս նախարարների նման հրամաններով չեմ կարող աշխատել Սփյուռքի հետ, զուտ մարդկային հարաբերությունների գործոնն է աշխատում:
-Մեզ տեղեկություններ են հասել, որ մի շարք մանկապարտեզների աշխատակիցների տնօրեններ հորդորում են, որ սփյուռքահայ երիտասարդներին իրենց բնակարաններում ժամանակավոր ապաստան տան, սակայն մանկավարժների մի մասը վատ պայմաններում ապրելու պատճառով հրաժարվել է: Հետաքրքիր է՝ եղե՞լ են գործարարներ, ովքեր իրենց պատկանող էլիտար դատարկ տներն առաջարկած լինեն սիրիահայերին՝ որպես ժամանակավոր կացարան:
-Այո, ինչու չէ: Կարող եմ ասել, որ մեր գեներալներից շատերն ամռանը երեխաներին տանում, իրենց տներում են պահում:
-Եվ ովքե՞ր են նրանք:
-Ռազմական ոստիկանության գեներալներից մեկը ոչ միայն զույգ քույրերին տարել էր ու իր տունը պահում էր, այլ նույնիսկ «Արի տուն» ծրագրի բոլոր երեխաներին ճաշով հյուրասիրել: Կառավարության բոլոր անդամներին խնդրում ենք, որ իրենց աշխատակիցներին հորդորեն՝ երեխաներին տանել եւ պահել իրենց տներում: Օրինակ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց «Արի տուն» ծրագրի մասնակից, մի իսպանախոս երեխա ուղարկենք իրենց տուն: Երկու տարի առաջ մի շաբաթով վարչապետի տանը սփյուռքահայ է ապրել: Շատ հետաքրքիր դեպքեր ունենք:
-Իսկ նախարարները երբեւէ տարել պահե՞լ են իրենց տանը:
-Այո, օրինակ՝ պաշտպանության նախարարը միշտ գալիս հանդիպում է: Ճիշտ է, տանը պահելու հարցով նախարարին չեմ դիմել, բայց որ գրեմ, գիտեմ՝ հաստատ որեւէ խնդիր չի լինի, անպայման կհյուրընկալվի:
-Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տալու հարցը շարունակ ձգձգվում է։ Ինչո՞ւ: Հնարավոր չէ՞ արցախյան պատերազմի հրամանատարին ՀՀ քաղաքացիություն տալ:
-Ես զբաղվել եմ այդ հարցով: Զբաղվել եմ ե՛ւ Սարգիս Հացպանյանի, ե՛ւ Ժիրայր Սէֆիլյանի հարցով: Ցավով եմ ասում, որ իմ տեղեկության համաձայն՝ պարոն Սէֆիլյանը չի գնացել եւ դիմում չի գրել իրեն քաղաքացիություն տալու հարցով:
– Չփորձեցի՞ք հասկանալ, թե ինչու:
-Չեմ կարող ասել, փորձ արվեց, լուր ուղարկվեց, նույնիսկ հիշում եմ կանանց խումբ կար, ովքեր գալիս էին եւ զբաղվում այդ հարցերով: Ժիրայր Սէֆիլյանը 20 տարի Հայաստանում է ապրում, նա սփյուռքահայ չէ, նա հայաստանցի է: Հետեւաբար նրա փաստաթղթային խնդիրների համար համապատասխան կառույցին պետք է դիմեն, բայց քանի որ մեզ դիմեցին, մենք անմիջապես փորձեցինք ընթացք տալ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
շարունակելի

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՎԱԽԵՑԱԾ ԿՈՃԱԿՆԵՐՈՎ

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագիծը, որին կողմ է քվեարկել 71, դեմ` 2, ձեռնպահ` 37 պատգամավոր. նկատեցի՞ք, նույնիսկ ԱԺ ոչ իշխանական ուժերն են ձեռնպահ քվեարկել: Միայն Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն են դեմ քվեարկել: Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Աղվան Հովսեփյանից վախը դեռ կա (հայտնի է, որ հենց նա է գլխավորելու այդ մարմինը): Ինչո՞ւ, որովհետեւ հայրենի ազգընտիրների մեծ մասի երեխաները հաճախ հայտնվում են քրեական պատմությունների կիզակետում եւ Աղվան Հովսեփյանը դեռ շատ պետք կգա նրանց՝ ապահով ապրելու համար:

 
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ

ՀՀ կառավարության վաղվա նիստում մշակույթի նախարարությանը հատկացվելու է ավելի քան 2.2 մլն դրամ: Գումարը նախատեսված է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արաքսի Սարյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն: Գումարը տրամադրվելու է Արաքսի Սարյանի դուստր Սոֆյա Սարյանին` վերջինիս դիմում-խնդրանքի համաձայն:

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍ

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության գործունեությանը` հարց է ուղղել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին. «Այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր անձնական 4 հեռուստատեսություն ունեն՝ մասնավորապես Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանը: Այսինքն՝ այս հանրությունը պատշաճ մակարդակով մի հատ հեռուստատեսություն պահելու իրավունք չունի, իսկ մյուսները 4-5 հեռուստատեսություն պահելու իրավունք ունեն: Նկատելի է, որ վերջին տարիներին Հայաստանում վարվում է Հանրային հեռուստատեսությունը նսեմացելու քաղաքականություն: Դուք ձեր ելույթում ասացիք, որ Չեմպիոնների լիգան ցուցադրում է Հանրային հեռուստատեսությունը, բայց երեւի չեք նկատել, որ Չեմպիոնների լիգան հանրայինով այլեւս եթեր չի հեռարձակվում, այլ եթեր է հեռարձակվում քիչ առաջ իմ կողմից մատնանշված անձի հեռուստատեսությունում: Արդյոք դուք այստեղ չե՞ք նկատում հակասություններ կառավարության վարած քաղաքականության մեջ»:

 

ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ

Այսօր «Տոնուս» ընկերության կողմից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր փակելու են Սերժ Սարգսյանի առանձնատան ճանապարհը: Հիշեցնենք, որ Դավիթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 բնակատերեր հայց էին ներկայացրել Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի, որն էլ պատկանում է նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Տուժած քաղաքացիների վերջին հույսը երկրի առաջին դեմքն է:

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

 

«Պարզապես այս նախագծով հիմնական միտումն այն էր, որ իբր թե իրավապահ բլոկին պիտի կարողանան հարցաքննության ենթարկեն, որպեսզի կարողանան նաեւ հետքեր գտնեն: Կարծում ենք, որ դա ճանապարհ չէ»:

Գալուստ Սահակյան Medialab.am
Հայ քաղաքական մտքի ռահվիրան այստեղ նկատի ունի Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման հարցը, որն ամեն անգամ տապալվում է ՀՀԿ-ի «թեթեւ ձեռքով»: Եվ ամեն անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վարպետորեն գտնում է բացատրություն` իհարկե, անհոդաբաշխ մտքի տեսքով: Եթե իրավապահ բլոկին հարցաքննելը ճանապարհ չէ, ապա ինչպե՞ս բացահայտել եւ գտնել մեղավորներին, թե՞ պետք է մեղքը բարդել միայն մի կողմի վրա եւ այդքանով հարցը փակել: Հավանաբար Գալուստ Գրիգորիչը դա է համարում ճիշտ ճանապարհը, իսկ մնացած տարբերակները հանրապետականները կմերժեն, մերժելուց հետո էլ անհիմն «կհիմնավորեն» մերժումը:

 
«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրել ընտանիքում, եւ մեր բոլորի քայլերը, ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այդ նպատակի իրականացմանը»:

Արտեմ Ասատրյան «Առավոտ»
Լավ է, իհարկե, երբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը մտահոգվում է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումներով, նույնիսկ այդ թեմայով համաժողովի է մասնակցում, սակայն ավելի լավ կլիներ, որ հաճախակի մտածեր նաեւ երկրում առկա աշխատանքի եւ սոցիալական բազմաթիվ հարցերի մասին: Իսկ եթե մտածեր, ապա այդ հարցերը գնալով չէին ավելանա: Երեխաների` ընտանիքներում ապրելու իրավունքները պաշտպանելու համար պետք է նախ չկորցնել այդ ընտանիքները, հնարավորություն տալ նրանց` արդար աշխատանքով ապահովել բարեկեցություն իրենց եւ իրենց երեխաների համար:

 
«Ձեւիդ նայի, կանգնած ձեւին… Էս տգետը… պիտի հարցին էլ պատասխանես…»:

Ռուբեն Հայրապետյան armlur.am
Մարդն ի վիճակի չէ փոխել իր բուն էությունը, եւ ՀՖՖ նախագահը դա հերթական անգամ ապացուցեց: Ասուլիսի ժամանակ Հայրապետյանի` լրագրողի հասցեին թույլ տված այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, գրվեց, որ լրագրողի հարցը տեղին չէր, քննադատվեց պահվածքը, բայց փաստը մնում է փաստ, որ Ռուբեն Հայրապետյանը կրկին անգամ ներկայացել է փողոցային բառապաշարով, չի կարողացել ինքնատիրապետել իրեն` այն էլ մամլո ասուլիսի ժամանակ: Նման պահվածքն անթույլատրելի պետք է լինի նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդու համար:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս