«Ժառանգություն» խմբակցությունը դեմ կքվեարկի Կառավարության ներկայացրած 2015թ. բյուջեի նախագծին: Այդ մասին այսօր խորհրդարանի դահլիճում հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այս կառավարությունը ոչինչ չի արել: «Եթե մեկ բառ, ապա՝ ոչինչ: Ավելին՝ ավելի խորացրեց ճգնաժամը, քանի որ նոր եկող կառավարությունն իր հետ բերում է հույս, իսկ այս Կառավարությունը, ոչինչ չանելով, ավելի խորացրեց այն»:
«Հովիկ Աբրահամյանը ասել է՝ «Իսկ ո՞վ է ասում, որ Կառավարությունում կան գործարարներ». դրանով նա ասաց՝ ժողովո՛ւրդ, ինչ ասենք, չհավատաք: Ձեզ չեն հավատում, չեն հավատում, ձեր խոսքը գործի հետ կապ չունի»,-ասաց Հակոբյանը:
Խմբակցության ղեկավարը համոզված է, որ բոլորն էլ գիտեն՝ սա արհեստական, անիմաստ բյուջե է, չնայած որ կառավարության անդամներից շատերին նա պրոֆեսիոնալ համարեց, ովքեր, սակայն, վատ համակարգի պատճառով չեն կարողանում աշխատել: