ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿ-Ը ԿԿԱՌՈՒՑԻ ՄԵՂՐԻԻ ՀԷԿ-Ը

Որոտանի հէկ-ը, ՀՀ էներգետիկ համակարգի համար ունենալով առանցքային նշանակություն, իր վրա է սեւեռել իշխանությունների ուշադրությունը:
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը դեռ փետրվարի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե «Որոտանի կասկադն արդեն շուրջ 40 տարեկան է դառնում, իսկ նման սարքավորումների համար, նման կասկադների համար 40 տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ խոշոր կապիտալ ներդրումներ: Սա է եղել պատճառը, որ կառավարությունը որոշել է վաճառել «Որոտանի կասկադ» ՓԲԸ-ի գույքը»։ Ըստ նրա՝ հէկ-ի շահույթը բավարար չէ համապատասխան ներդրումներ իրականացնելու համար: Չնայած, ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր է մշակել ու իրականացրել՝ Որոտանի հէկ-ի առողջացման, վերազինման համար: Օրինակ՝ ՀՀ կառավարության՝ 2003թ. նոյեմբերի 6-ի N1694-Ն որոշմամբ, սահմանվել է ՀՀ էներգետիկ ոլորտի պետական ընկերությունների՝ 2003-2007թթ. ֆինանսական առողջացման ծրագիրը, որով «Որոտանի հէկ»-ին զիջել են չվճարած հարկերը՝ գույքահարկ, հողի հարկ: Հէկ-ն ազատվել է նաեւ չվճարած հարկերի դիմաց հաշվարկված տույժերից ու տուգանքներից:
Որոտանի հէկ-ի վերազինման նպատակով նաեւ վարկային միջոցներ են հատկացվել: Դեռ 2010թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը գերմանական Kfw բանկի հետ ստորագրել է վարկային համաձայնագիր՝ «Որոտանի հէկ»-երի համալիրի վերազինման ծրագիր իրականացնելու նպատակով: Գերմանական բանկը 15 տարի մարման ժամկետով տրամադրել է 51 մլն եվրո վարկ, տարեկան՝ միջինը 2.78 % տոկոսադրույքով: Փաստաթղթերով նախատեսված է «Որոտանի հէկ»-երի համակարգի վերակառուցման ու վերազինման աշխատանքներն ավարտին հասցնել 2015թ.: Այնինչ, «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ վարկային գումարները ոչ միայն չեն ուղղվել Որոտանի հէկ-ի վերակառուցմանն ու վերազինմանը, այլեւ հիմա՝ հէկ-ի վաճառքից հետո, անհայտ է վարկի հետագա ճակատագիրը: Փոխարենը հայտնի է մեկ բան. այդ 51 մլն եվրո վարկային պարտքը վճարելու ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս:
Այս վարկի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների, ինչպես նաեւ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններից ուշագրավ պատասխաններ են ուղարկել, որոնք համադրելով` հետաքրքիր պատկեր է բացահայտվում: «Տվյալ վարկային ծրագիրը վերաբերում էր «Որոտանի հէկ-երի» համակարգի վերակառուցմանն ու վերազինմանը: Հետեւաբար, քննարկվող միջոցները կարող են օգտագործվել միայն վերը նշված ուղղություններով, քանի դեռ ծրագրում չեն կատարվել համապատասխան փոփոխություններ: Ծրագրի շարունակականությունը եւ ձեւաչափը քննարկվում են: Նշված վարկային ծրագրի շրջանակներում «Որոտանի հէկ-երի» համակարգի վերազինման ուղղությամբ որեւէ շինաշխատանք չի կատարվել, քանի որ ծրագրի համաձայն, նախ՝ պետք է կատարվեին վերազինման եւ վերակառուցման նախագծային աշխատանքները»,- ասված է ՀՀ էներգետիկայի նախարարության պատասխանում:
Իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են, որ Որոտանի հէկ-ի գույքի առքուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո, «Պայմանավորված այս փոփոխությամբ՝ Որոտանի հէկ-երի կասկադի վերակառուցման ծրագրի շարունակականության եւ ձեւաչափի հարցը քննարկման փուլում է: Այս պահի դրությամբ, վարկային միջոցներից օգտագործվել է 698 հազար եվրո: Այդ գումարն օգտագործվել է Վարկ 1-ի առաջին մասնաբաժնից եւ ուղղվել է խորհրդատվական եւ նախագծման ծառայությունների իրականացմանը»:
Փաստորեն, վարկային պայմանագիրը կնքվել է 2010թ., եւ այս չորս տարվա ընթացքում այդպես էլ որեւէ լուրջ գործ չի արվել, չնայած, նախատեսված է՝ Որոտանի վերազինման ծրագիրն ավարտին հասցնել 2015թ.: Ավելին՝ ծրագրի ավարտին մնացել է մեկ տարի, սակայն այս ողջ ընթացքում միայն խորհրդատվական ու նախագծման աշխատանքներ են իրականացվել, եւ դրա համար 698 հազար եվրո է ծախսվել, ավելի ճիշտ՝ փոշիացվել ու մսխվել: Թեեւ, Տիգրան Սարգսյանի կառավարության դեպքում, սա բնական երեւույթ է. այս կառավարության համար սովորույթ է դարձել խորհրդատվական ծառայություններ ու դասախոսություններ կազմակերպելով, «ատկատ» անել. այս առումով, շատերը, հավանաբար, կհիշեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում գյուղացիների համար 16,6 մլն դոլարի դասախոսություն կարդալու պատմությունը:
Որոտանի հէկ-ի դեպքում իրավիճակն այլ է. ծախսվել է 698 հազար եվրո, ու ստացվում է՝ այդ ամենն անիմաստ է, քանի որ հիմա Որոտանի հէկ-ի նոր սեփականատերը պետք է ներդրումներ անի, վերազինի ու վերակառուցի համակարգը: Ավելին՝ Որոտանի հէկ-ի վաճառքից հետո կողմերը դեռ պետք է քննարկեն ու որոշեն, թե մնացած վարկն ինչ անեն:

 

 

 

 

Չէ, էլի, նետ

Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ «Ժողովուրդ»-ին հաջողվել է փոքրիկ ճեպազրույց ունենալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

-Պարոն Մովսիսյան, ինչպես կմեկնաբանեք, որ Որոտանի հէկ-ը մասնավորեցվել է օրենքի խախտումներով:
-Օրենքի խախտում չի կատարվել: Բացատրել է արդարադատության նախարարը:
-Իսկ Որոտանի հէկ-ի գույքի շրջանակներում պետական նշանակության ջրամբարների մասնավորեցման մասին ի՞նչ կասեք:
-Էդ ջրամբարները կառուցվել են Որոտանի համար, եւ այդ կարգի հէկ-երը չեն կարող առանց ջրամբարի գոյություն ունենալ: Չէ որ դա կուտակային ջրի վրա է աշխատում:
-Բայց «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի համաձայն՝ մասնավորեցված երկու ջրամբարները՝ Սպանդարյանի եւ Տոլորսի ջրամբարները համարվում են պետական նշանակության, իսկ պետական նշանակության ջրամբարները նույն օրենքի համաձայն՝ ենթակա չեն մասնավորեցման:
-Հիմա կնայենք, թե ինչ նշանակության են համարվում: ԱԺ-ում էլ այդ հարցը բարձրացրել են, խոստացել ենք պատասխանել:
-Հնարավո՞ր է՝ գործարքը չեղյալ համարեք:
-Ոչ, մեզ ձեռք չի տալիս հետ գործարքել: Ամբողջ գործարքը օրենքի սահմաններում է եւ որեւէ նման խնդիր չկա:
-Որոտանի հէկ-ի վաճառքի մասին կառավարության որոշում կայացվե՞լ է, թե ոչ:
-Բա ո՞նց չի կայացվել: Բա առանց դրա ո՞նց կլինի:
-Եթե կար կառավարության որոշում, ինչու որեւէ մեկն այդ մասին չէր խոսում, չնայած՝ ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին:
-Իսկ ո՞վ է ասել, որ հենց կառավարության որոշում է դուրս գալիս, մենք էլ պետք է դուրս գանք՝ հայտարարենք: Կայքում ամեն ինչը բաց դրված է: ԱԺ-ում քանի անգամ հարցրել են, ասել եմ՝ բանակցությունները գնում են, հենց որոշակի կլինի, ձեզ կասենք:
-Որոտանի հէկ-ի վաճառքի մասին կառավարության որոշումն ընդունվել է կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ նիստի օրակարգում չի եղել Որոտանի հէկ-ի վաճառքի մասին որոշման նախագիծը:
-Կարող ա՝ լրացուցիչ է մտել այդ հարցը: Չեմ հիշում արդեն:
-Այդ օրը Դուք երկու որոշման նախագիծ եք ներկայացրել կառավարության նիստում, որից մեկը՝ գաղտնի: Արդյոք դա Որոտանի վաճառքի մասին որոշումը չի եղել:
-Ես գաղտնի որոշումներ շատ եմ ներկայացնում, շաբաթ չի լինում, որ գաղտնի որոշում չներկայացնեմ: Բնական է, որ այս համակարգը պետք է ունենա գաղտնի որոշումներ:
-Դա Որոտանի վաճառքի մասին որոշումը չի եղե՞լ:
-Չէ, չէ: Եթե գաղտնի լիներ, ո՞նց կբացեինք: Ենթադրենք՝ գաղտնի է, հետո պիտի բացեի՞նք: Հո ասեղ չի, որ թաքցնես, ախր:
-Ընդդիմությունը կասկածում է, որ հետին թվով եք որոշումն ընդունել:
-Ինչ թվով ուզում ա, լինի: Ենթադրենք՝ մի տարի առաջ է եղել, բայց պիտի բացես, չէ՞: Ո՞նց կլինի՝ ասենք պետական է, տակից մասնավորին տանք:
-Հնարավոր է՝ Որոտանի հէկ-ը Ձորահէկ-ի ճակատագրին արժանանա, երբ սկզբում գույքը վաճառվեց, հետո վեց ամիս անց լուծարվեց նաեւ հէկ-ը:
-Այնտեղ ուղղակի իմաստ չուներ Ձորահէկ-ը պահել: Այստեղ խնդիրն այլ է: Որոտանի կասկադն ունի բավականին լավ ինժեներական անձնակազմ: Մեր խնդիրն է այդ անձնակազմն օգտագործել Մեղրիի հէկ-ի շինարարության ժամանակ: Եվ հետո, Որոտանի ամբողջ գույքը չի վաճառվել, փոքր հէկ ունենք՝ Հերհերի հէկ-ը, որ մնացել է Որոտանի կազմում: Բայց Որոտանի հիմնական խնդիրը հիմա դառնալու է Մեղրիի հէկ-ի կառուցումը:
-Չե՞ք լուծարի Որոտանի հէկ-ը:
-Չէ, չէ, չէ: Մենք կօգտագործենք դա Մեղրիի հէկ-ի շինարարության համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ ԴԱԺԱՆ ԳՏՆՎԵՑԻՆ

Մարտի 2-ին Երեւանում մեկնարկել է Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությունը, որը նվիրված է լեգենդար հայ շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին։ 7-րդ տուրից հետո (ընդհանուր առմամբ տեղի է ունենալու 11 տուր) հայ շախմատիստներից առաջատար դիրքերում էին Հրանտ Մելքումյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, ովքեր 5.5-ական միավորներով գտնվում էին համապատասխանաբար 3-րդ եւ 7-րդ հորիզոնականներում: Գաբրիել Սարգսյանը 5 միավորով 18-րդ տեղում էր: Միանձնյա առաջատարը ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Մոտիլյովն էր՝ 6 միավորով: Հիշեցնենք, որ առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 80 շախմատիստ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, մրցաշարի կազմակերպիչ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ։
-Ըստ Ձեզ, ինչպե՞ս է ընթանում Եվրոպայի առաջնությունը։
-Թե ինչպես է ընթանում Եվրոպայի առաջնությունը, ես չպետք է ասեմ, քանի որ կազմակերպիչն եմ։ Լավ կլինի, որ դրա մասին կարծիք հայտնեն մրցաշարի մասնակիցները կամ մարդիկ, ովքեր կողքից են նայում։ Միայն կասեմ, որ նորմալ է, կողքից էլ ասում են, որ լավ է։
-Գո՞հ եք մեր մասնակիցների ելույթներից։
-Մեր մասնակիցները լավ են հանդես գալիս, որովհետեւ նրանցից մի քանիսը զբաղեցնում են առաջատար դիրքեր՝ Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը։ Եվ մյուս տղաները նույնպես լավ են խաղում։ Հատկապես շատ ուրախացնում են երիտասարդները, եւ օրինակ՝ Հայկ Մարտիրոսյանը, ով ընդամենը 13 տարեկան է, շատ լավ է հանդես գալիս եւ այդպես շարունակելու դեպքում կարող է նույնիսկ գրոսմայստերի նորմա լրացնել։
-Իսկ աղջիկների ելույթներից գո՞հ եք։ Ոմանք կատակով նշում են, որ տղամարդիկ ջենթլմենություն չարեցին եւ Մարտի 8-ին մեր առաջատար շախմատիստուհիներին պարտության մատնեցին։
-Աղջիկների ելույթներից ընդհանրապես այնքան էլ գոհ չեմ, նրանցից ավելին էի սպասում, վստահ էի, որ ավելի լավ կխաղան։ Բայց ինչ-որ մի բան այնպես չի ընթանում, ինչպես ե՛ւ իրենք, ե՛ւ մենք կցանկանայինք։ Ինչ վերաբերում է Մարտի 8-ի հանդիպումներին, ապա միայն մեր աղջիկները չեն պարտվել, ընդհանրապես տղամարդիկ այդ օրը աղջիկների հանդեպ շատ դաժան գտնվեցին։
-Տիգրան Պետրոսյանին նվիրված այլ միջոցառումնե՞ր էլ կլինեն այս տարի։
-Հայաստանում մասսայական կանցկացվեն վետերանների մրցաշարեր, այգիներում կընթանան շախմատային հանդիպումներ։ Ընդհանրապես փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի շախմատային միջոցառումների առումով տոնական, հիշվող լինի այս տարին։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 




Լրահոս