ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Վերջին տարիներին Հայաստանում զարգացած ինտերնետային կապը լրջորեն վնասել է ձայնասկավառակների վաճառքով զբաղվող տնտեսվարողներին: Մարդիկ սկսել են իրենց անհրաժեշտ հոլովակներն ու ֆիլմերը դիտել ոչ թե սկավառակներով, այլ՝ անմիջապես ինտերնետով: Արդյունքում՝ ձայնասկավառակների վաճառքով զբաղվող խանութները փակվում են:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի ընդունվեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն, ըստ որի՝ մեր հանրապետությունում արտադրված կամ ՀՀ ներմուծված սկավառակների վրա իրացման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է:
Իսկ դրոշմապիտակներ ձեռքբերելու համար սկավառակներ արտադրող եւ ներմուծող անձինք պետք է դիմեին հարկային մարմին եւ ներկայացնեին մի շարք փաստաթղթեր, այդ թվում` պայմանագիր հեղինակի հետ: Այդ կապակցությամբ սկավառակ վաճառող ընկերություններն անցյալ տարի բողոքի ակցիա անցկացրեցին, քանի որ օրենքի ընդունումից հետո չէին կարող առանց հսկիչ նշանների վաճառել ներմուծված եւ արտադրված մեծ քանակությամբ սկավառակներ: Սակայն ավելի ուշ, ՀՀ կառավարությունը տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տվեց իրացնել մինչեւ 2012 թ. նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված եւ չիրացված կրիչները: Այս խնդիրը, կարծես թե լուծվեց: Հիմա էլ ձայնատեսաերիզների, սկավառակների թողարկմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերություններին խանգարում է զարգացած ինտերնետային կապը:

 

Սկավառակներ արտադրող եւ վաճառող ընկերությունների տնօրենները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ զարգացած ինտերնետային կապը լրջորեն վնասել է իրենց բիզնեսին, քանի որ մարդիկ սկսել են իրենց անհրաժեշտ հոլովակներն ու ֆիլմերը դիտել ոչ թե սկավառակներով, այլ անմիջապես ինտերնետով: «Շուկան ընդհանուր փոքրացել է: Մեծ սպառումն արդեն ակտուալ չէ, մեծ խանութ պահելը` նույնպես: Կա պահանջարկ, բայց շատ քիչ է»,-ներկայացրեց «Դիսկ Ուորլդ» ընկերության տնօրեն Կարեն Քյուփելյանը:
Նա տեղեկացրեց, որ «Դիսկ Ուորլդ»-ի հետ միասին տնօրինել է նաեւ «Դիսկ» խանութը: Սակայն այս պահի դրությամբ ընկերության տնօրենը խանութների քանակը փոքրացրել է, տարածքը` նույնպես: «Նախկինում այս խանութն ուներ 140 քմ տարածք, իսկ հիմա այն դարձել է 20 քմ: Ընդհանուր համաշխարհային տենդենց կա սկավառակների վաճառքի հետ կապված: Բացի այս, Հայաստանի տնտեսական վատ վիճակն էլ է անդրադառնում վաճառքի վրա»,-նկատեց Քյուփելյանը: Նա նաեւ նշեց, որ սկավառակների թողարկմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողներն ունեն վարկային խոշոր պարտավորություններ:
Ձայնատեսաերիզների եւ սկավառակների թողարկմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ռեքո-Ռեքորդս» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Խանոյանը եւս հավաստիացրեց, որ ինտերնետ կապի զարգացման հետ մեկտեղ մարդկանց հետաքրքրությունը կորել է սկավառակների նկատմամբ. «Պահանջարկը նվազել է: 94-95 թվականից հետո մեր բնակչությունը կարծես թե չի ավելացել, ես չեմ նկատում: Եթե ավելացած լիներ, այսօր այս պատկերը չէինք ունենա: Մարդ չկա, չի մնացել»:
Նրա խոսքով՝ առաջիկայում փակվելու են ձայնասկավառակների բոլոր խանութները: Մեր զրուցակիցը պնդեց, որ ժամանակի ընթացքում դրանք անհետանալու են: «Այս մեկ տարվա ընթացքում արդեն հասցրել են մի քանի տասնյակ խանութներ փակվել: Մարդիկ չեն կարողանում նորություն մտածել, չեն կարողանում նույնիսկ իրենց ներդրած գումարը հանել եւ մեկ այլ գործ ձեռնարկել: Ստիպված գլորում ենք, կարելի է ասել` յոլա ենք գնում: Այսօր ամեն նման խանութի փակվելն արտադրող ստուդիայի վրա կտրուկ անդրադառնում է: Այսինքն՝ մենք մեծածախ վաճառում ենք, իրենք մեզանից վերցնում են եւ տանում վերավաճառում: Հիմա մի խանութը, որը նախկինում մի քանի հատիկ ապրանք էր տանում, ինձ համար խոշոր սպառող է համարվում: Ես ձեզ ավելին ասեմ. մի խանութ փակվելուց հետո արտադրող ստուդիաներում մի աշխատող գործազուրկ է դառնում»,-նշեց Խանոյանը` հավելելով, որ ստեղծված պայմաններում արտադրամասը կարող է հինգ օր չաշխատել, ինչը նախկինում չի եղել:
Ի դեպ, ՏՏ-ների լայն թափով զարգացումը լուրջ խնդիր է ոչ միայն սկավառակների արտադրմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերությունների, այլեւ երգիչ-երգչուհիների համար, ովքեր խուսափում են ձայնասկավառակներ թողարկել` գերադասելով գումար ծախսել տեսահոլովակների նկարահանման եւ ցուցադրման վրա:

 

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս