ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է Ի ՎՆԱՍ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ»

 

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալե քաղաքում փետրվարի 20-ին ներկայացվեց «Մինաս եւ Նարեկ Ավետիսյան. մոդեռնը եւ ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ մայիսի 4-ը։
Ցուցահանդեսին եւ գեղանկարչությանն առնչվող հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց արվեստագետ Նարեկ Ավետիսյանի հետ:

-Ցուցահանդեսը կազմակերպել էր «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը՝ համագործակցելով Մորիցբուրգ արվեստի թանգարանի հետ։ Ի դեպ, նույն հիմնադրամը իմ ու նաեւ բազմաթիվ այլ ցուցահանդեսների կազմակերպիչն է, մեծ ներդրում ունի Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսի կազմակերպման, պատկերագրքի տպագրման, որմնանկարների փրկության գործում։ Եվրոպական նման թանգարանում այդքան մեծ ժամանակահատված ցուցահանդես ներկայացնելը պատվաբեր է. այնտեղ նախօրոք մինչեւ երեք տարվա նախագծեր, հերթագրվածներ կան։ Անցյալ տարի Մինաս Ավետիսյանի 85-ամյակն էր, եւ ցավալի է, որ Հայաստանում պետականորեն առ այսօր այն չի նշվել, բայց ուրախալի է, որ առաջին նման իրադարձությունը տեղի ունեցավ Եվրոպայում՝ շատ բարձր մակարդակով։
-Ինչպիսի՞ արձագանքներ կան։
-Շատ հետաքրքրված են ընդհանրապես ցուցահանդեսով, Հայաստանի ժամանակակից արվեստին, կարելի է ասել, ծանոթ չեն։ Մինաս Ավետիսյանի մասին հատուկենտ մարդիկ գիտեին՝ շատ խորացած մասնագետներ։ Եվ հանրությունը հնարավորություն ստացավ ծանոթանալու պատմական ժամանակաշրջանների հետ. Մինասը՝ որպես 60-70-ականների հայ նկարչության վերելքի կարեւոր կերպար, արվեստագետ, եւ ես՝ որպես անկախ Հայաստանի առաջին ավանգարդիստական սերնդի ներկայացուցիչ։ Ի դեպ, ժամանակակից արվեստի թանգարանում գտնվող Մինասի ամենահայտնի կտավը՝ «Ջաջուռը», մեր սեփականությունն է, բայց նույնիսկ չտվեցին, որ տանենք, Գերմանիայում ցուցադրենք… Ու նաեւ մեկ այլ նկար։
-Մեր ժամանակներում ի՞նչ դժվարությունների է հանդիպում նկարիչը։
-Մեր հայրենիքում մշակութային քաղաքականությունը սխալ է կամ ընդհանրապես չի տարվում։ Պետական կառույցները չեն ցանկանում որեւէ մասնակցություն ունենալ ցուցահանդեսների կազմակերպման եւ այլ հարցերում։ Օրինակ՝ նրանք հոգացել են միայն Մինաս Ավետիսյանի գործերի ապահովագրության եւ տեղափոխության ծախսերը, մնացած ծախսերի մի մասը ընտանիքն է հոգացել, մյուս մասը՝ հիմնադրամն ու գերմանական կողմը։ Համապատասխան կառույցներ, պետական հովանու ներքո արվեստի կենտրոններ չեն ստեղծվում։ Չկան էքսպերիմենտներ անող, կայացման ձգտող երիտասարդներին ձեռք մեկնող կենտրոններ, միայն ՆՓԱԿ-ը չի բավարարում։ Մասնավոր պատկերասրահներն էլ մեծ տուրքեր են վճարում… Մի խոսքով՝ կարծես ամեն ինչ արվում է ի վնաս արվեստագետի։ Եվ ոչ միայն գեղարվեստի բնագավառում։
-Ինչպե՞ս է պահպանվում Ձեր հոր ժառանգությունը, Ջաջուռի տուն-թանգարանն ի՞նչ խնդիրներ ունի։
-Ջաջուռի՝ Մինաս Ավետիսյանի թանգարանը անդադար խնդիրներ ունի, ու եթե տնօրենը ավագ եղբայրս չլիներ, երեւի ոչ ոք չէր համաձայնվի այնտեղ աշխատել. տրանսպորտով չեն ապահովում, աշխատավարձը չնչին է, սիմվոլիկ, ցանկացած մանրուքի համար պետք է դիմել տարբեր ատյաններ, դեռեւս պրոֆեսիոնալ ձեւով չի լուծված ջեռուցման խնդիրը։ Եվ ամենակարեւորը. տուն-թանգարանը զբոսաշրջության ծրագրում չկա՝ մինչդեռ այնտեղ դիտելու շատ բան կա։ Մասնավորապես, այնտեղ է գտնվում փրկված եզակի մի որմնանկար՝ «Թորոս Ռոսլինի ծնունդը» եւ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, այլ նյութեր, արխիվից հանված լուսանկարներ… Ժամանակին ես էլ եմ օգնել եղբորս, ցուցահանդեսներ ենք կազմակերպել, որոնք չեն ֆինանսավորվել պետականորեն։ Փառք Աստծո, գոնե Մինաս Ավետիսյանի որմնանկարները իտալացի մասնագետները վերականգնում են, համարյա բան չմնաց:

 

 

 

 

 

 

 

 

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՇԵՐՏ ՉԿԱ

«Լանդշաֆտի աղավաղումը բացառվում է, քանի որ նախատեսվածը շինություն չի լինելու, այլ՝ թեթեւ կոնստրուկցիաներով հավաքված սեղան, աթոռ, որն անհրաժեշտության դեպքում շատ արագ կապամոնտաժվի: Հավելում լանդշաֆտի առումով. ԽՍՀՄ ժամանակներից այնտեղ կառուցվել է հնագետների բազայի շենքը, տարիներ առաջ՝ գյուղի բնակիչների ոռոգման ջրի ապահովման համար ջրավազանը եւ հենապատը»,-մեզ հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը՝ անդրադառնալով որոշ շահագրգիռ անձանց, ակտիվիստների այն մտահոգությանը, որ Գառնի հեթանոսական տաճարի մոտ սրճարանի կառուցումն անթույլատրելի է, այն կաղավաղի նաեւ լանդշաֆտը:

-Իսկ այս պահին շինարարություն ընթանո՞ւմ է։
-Մինչ այս պահը Գառնի արգելոց-թանգարանի տարածքում սրճարանի տեղադրման հետ կապված որեւէ աշխատանք չի իրականացվել: Աղմուկն իրապես անհասկանալի էր, քանի որ սկսել էինք արքունական բաղնիքից փոքր-ինչ վերեւ` հնագետների բազայի հարեւանությամբ գտնվող 37 մետր երկարությամբ հենապատի բարեկարգման աշխատանքները. քարերը թուլացել, թափվել էին, եւ ամրացնելու կարիք կար: Աշխատանքները շաբաթվա վերջին կավարտենք` բերելով նախնական տեսքի: Մեր ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում եւ արգելոց-թանգարաններում ամեն տարի բարեկարգում իրականացնում ենք, բայց սա դիտարկվեց իբրեւ սրճարանի կառուցում: Աթոռների ու սեղանի տեղադրումը պետք է անեինք ավելի ուշ, բայց անհարկի շահարկումները պատճառ դարձան, որ ծրագիրը մանրակրկիտ պարզաբանվի հանրությանը, շահագրգիռ անձանց, լսենք նրանց մտահոգությունները, քննարկենք խնդրահարույց կետերը, նոր որոշում կայացվի: Մշակույթի նախարարը հանդիպեց շահագրգիռ կողմերի՝ մասնավորապես գիդերի եւ տուրօպերատորների խմբի հետ, նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը` «Արորդիների Ուխտ»-ի քրմերի հետ: Քննարկումները ընթացքի մեջ են, Մշակույթի նախարարության կողմից հաշվի կառնվեն ուշադրության արժանի դիտարկումները, հետո որոշում կկայացվի:
-Նշում են, որ հնագիտական շերտ կա։
-2009թ. մասնագետների մի խումբ ուսումնասիրել է տեղանքը եւ եզրակացություն ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն` հնագիտական շերտի բացակայության մասին: Վերջերս նման եզրակացություն է տվել նաեւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրինությունը: Ավելի համոզիչ, քան նման հեղինակավոր անձանց խոսքն է, կարծում եմ՝ չի կարող լինել: Նախատեսվող տարածքը բուն հուշարձանից 90 եւ բաղնիքից 20 մ հեռավորության վրա է, եւ հուշարձանի տեսքը չի խաթարվում: Մեր ակնկալիքը մեկն է` ապահովել Գառնիի գրավչությունը նաեւ գիշերային ժամերին: Զբոսաշրջիկը, այցելուն իրավունք ունեն տաճարը եւ հարակից տարածքը դիտելուց հետո մի բաժակ թեյ կամ սուրճ վայելելով՝ հաղորդակցվել հնավայրի ողջ գեղեցկության հետ` լույսի ու ձայնի խորհրդում, դիտահարթակից տեսնելով տաճարի շքեղությունը:

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ

Այսօր Անդրեն հանդիսատեսին կներկայացնի իր նոր՝ «Իմ Հոգի» ձայնասկավառակը, որը բաղկացած է 10 երգից՝ Սուրեն Կնյազյանի հեղինակությամբ: Սա Անդրեի՝ թվով 6-րդ ձայնասկավառակն է: Այն նվիրված է կանանց մեկամսյակին: Շնորհանդեսի ընթացքում Անդրեն հանդես է գալու նոր երգերի կատարումներով, սպասվում են նաեւ այլ անակնկալներ: Համերգ-շնորհանդեսը տեղի կունենա ժամը 18։30-ին, Yerevan Mall-ում:

 
ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԸ ԿՓՈԽՎԻ

Փարիզի գլխավոր տեսարժան վայրի՝ Էյֆելյան աշտարակի առաջին հարկը կվերակառուցվի Moatti-RiviՌre Architects բյուրոյի կողմից: Աշխատանքների արժեքը կկազմի 25 մլն եվրո: Ճարտարապետները մտադիր են աշտարակի առաջին հարկը վերածել մինի-քաղաքի:
Առաջին հարկում կհայտնվեն բազմաթիվ ապակե տաղավարներ, խանութներ, ռեստորաններ, փոքրիկ փողոցներ եւ բուլվարներ, ինչպես նաեւ թափանցիկ հատակ, որը տարածքը կհագեցնի «օդով»: Վերակառուցումից հետո առաջին հարկը հասանելի կլինի սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, քանի որ այժմ նրանց համար բարձրանալը շատ բարդ է:

 




Լրահոս