ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում
Տպավորություն է, թե կարմիր գծանշումներով այս վճարովի կանգառում հաշմանդամների համար նույնպես տարածք են հատկացրել գումար գանձելու ակնկալիքով: Բոլորովին զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց օրենք ընդունվի, եւ հաշմանդամություն ունեցող անձինք ստիպված լինեն Երեւանում որեւէ տեղ սայլակով կայանելու համար գումար վճարել:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության օտարերկրացիները մերժվեն կացության կարգավիճակ ստանալիս:
Տիգրանուհի Հայրապետյան (51 տարեկան, դերձակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես ընդհանուր կանոն, օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե
– նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
– նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
– գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
– նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
– կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:
ՀՀ սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ գործում են այնպիսի նորմեր, որոնք հնարավորություն են տալիս նման կարգավիճակ ունեցող անձանց չտալ ՀՀ քաղաքացիություն:
ՀԱՐՑ. Ցանկանում եմ տեղեկանալ, թե ինչ կարգով է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվում առանց դատարան դիմելու:
Գարիկ Գաբրիելյան (32 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը ներկայացված է, մնում է Գ. Գաբրիելյանը ծանոթանա գործող կարգին եւ դիմի համապատասխան քայլերի:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպես է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե նա, իր առողջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ տարածքային մարմին:
Գայանե Ասատրյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում՝ ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր: Հիմք (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ):
Տրվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ, ելնելով առկա հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարումների հետեւանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակից կամ աստիճանից: Հիմք (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետ):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրեթե յուրաքանչյուր օր «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից դժգոհ ՀՀ քաղաքացիներ, ինչը, թերեւս, վկայում է այն մասին, որ համակարգում իրականացվող բարեփոխումները դեռեւս շատ հեռու են բավարար լինելուց: