ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն է այն մտքի հետ, թե պետական բյուջեն նախևառաջ քաղաքական փաստաթուղթ է: Այս մասին նա նշեց խորհրդարանում 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«Այն, որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, ու դրանք շուտափույթ լուծման անհրաժեշտություն ունեն, փաստ է, և ես, բացառությամբ մեկ-երկու ելույթի, չլսեցի, թե ինչ ճանապարհով պետք է լուծենք այդ խնդիրները, առաջարկ չկար»-, – ընդգծեց Շարմազամովը:
Նրա խոսքով՝ եթե մի բան քննադատում են, նորը պետք է առաջարկեն: «Կանգնում եք, ասում եք՝ էս չկա, էն չկա, Ադրբեջանում սա զարգացած է, այն զարգացած է: Եթե Հայաստանում նավթահոր կամ նոր գազի պաշար եք գտել, ասեք՝ մենք էլ իմանանք: Չի կարելի ամբոխահաճո պոպուլիստական քաղաքականություն տանել ու Հայաստանը համեմատել Ադրբեջանի հետ», – նկատեց նա:
Անդրադառնալով Ռուբիկ Հակոբյանի՝ կառավարությանն ուղղված այն կոչին, թե պետք է հրաժարական տան, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ասում են՝ ռոմանտիկ եղեք, ավելորդ ռոմանտիզմը խանգարում է ոչ միայն իշխանությանն ու ընդդիմությանը, այլև առաջին հերթին հասարակությանը և ժողովրդին: Մենք կուշտ ենք այդ ռոմանտիզմից, դուք վաղուց արդեն հրաժարական եք տվել, և մի՛ գայթակղեք ձեր հրաժարականներով մեզ»:
Ապա անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրայանի հայտարարությանը, թե այս կառավարությունը ժամանակավոր է, Շարմազանովը նշեց. «Եթե դուք քաղաքական դաշտում ժամանակավոր եք, ապա մի՛ կարծեք, որ այս կառավարության գործունեությունը ժամանակավոր է»: Նա հայտարարեց, թե պետք է լինել իրատեսական և հավելեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեին: