Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել. azatutyun.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

azatutyun.am-ը գրում է. «Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ Ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում,«Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը»։

Ուղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում: Նախապես հայտարարվել էր, որ անձնակազմի երեք անդամները զոհվել են։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝  համացանցում եղած տեսանյութը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԼՂ ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը և որևէ դիրքի վրա չեն գրոհել: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմից տարածված տեսանյութում երևում է, որ հայկական երկու ուղղաթիռներ պարզապես թռիչք են կատարում, երբ ադրբեջանական կողմից կրակի արդյունքում ուղղաթիռներից մեկը խոցվում է։

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թռիչքներ հենց այսօր էլ իրականացվել են և շարունակվելու են՝ շեշտելով, որ Ղարաբաղի օդային տարածքը բաց է:

«Իրոք փակ է, բայց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար, ուղղակի նրանք պիտի տղամարդկություն ունենային այս երկրորդ մասը նույնպես նշեին», – ասաց Բաբայանը:

Նա նույնպես հաստատեց այն կասկածները, որ անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել: Այս պահին աշխատանքներ են տարվում դա ճշտելու համար։

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադարձնենք անձնակազմի դիակները, բայց արդեն դիմել ենք Կարմի Խաչի միջազգային կոմիտեին, այսինքն՝ քաղաքակիրթ ձևով ենք ուզում դա իրականացնել» – նշեց Դավիթ Բաբայանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս