Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի գլխավորած լիտվացի գործարարների պատվիրակության անդամների հետ:
Հյուրերին ներկայացնելով Երևանի քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է նաև մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը. «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում Տարոն Մարգարյանի մոտեցումները և վստահեցրել է, որ լիտվական կողմը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանի ներդրումային ծրագրերի իրականացմանը. «Արդյունավետ համագործակցության առումով իսկապես Երևանում ապահովված է ներդրումային բարենպաստ միջավայր, ինչը, վստահ եմ, հիանալի հնարավորություն է համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար: Կարող եմ վստահեցնել, պարոն քաղաքապետ, որ կա այդ պատրաստակամությունը և որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը Երևանի և Վիլնյուսի միջև արդյունավետ փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ, այդ թվում նաև լիտվացի գործարարների հետ փոխշահավետ համագործակցության ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ»,- ընդգծել է Էրիկաս Պետրիկասը:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի մի շարք փաթեթների, ինչպես նաև համագործակցությունն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ: