ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ 2015թ. բյուջեի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ են ստացել ինչպես պատգամավորներից ու խմբակցություններից, այնպես էլ առանձին հանդիպումների ժամանակ:
Նրա խոսքով, երկրում ստեղծված ֆինանսական հարցերում ակտիվ մասնակցություն ունենալով է հնարավոր լուծումներ գտնել։
«Շնորհակալ եմ այն գործընկերներին, որոնք կառուցողական առաջարկներ են արել, շատ առաջարկությունների մեջ կան հետաքրքիր դրույթներ, որոնք հաշվի կառնվեն: Այն դրույթները, որոնք հնարավոր չէ իրականացնել, մենք դրա մասին էլ տեղյակ կպահենք պատգամավորներին: Եթե չկա մասնագիտական տվյալների բազաների վերլուծություն և համընկնում հնարավորությունների հետ, մենք պատրաստ ենք լրացուցիչ քննարկումների՝ ձեր իսկ նախընտրած ֆորմատով, որպեսզի մեր հայացքները մոտեցնենք իրար»,- ընդգծեց նա:
Ֆինանսների նախարարը նշեց, թե շատերի մոտ կա ԱԺ ամբիոնն այլ նպատակով օգտագործելու ցանկություն: «Կառավարության անունից կարող եմ վստահեցնել, որ կքննարկենք, իսկ նրանք, որոնք այս պահին հնարավոր չէ լուծել, կփորձենք լուծման եղանակներ գտնել»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ բյուջեի նախագծի քննարկումը կընդմիջվի առնվազն 4 օրով:
«Պատգամավորները և խմբակցությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները 24 ժամվա ընթացում»,- հայտարաեց նա: