Վաղը ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի սահմանադրականության հարցը: Սա ՀՀ իշխանությունների համար վերջին շանսն է՝ Հայաստանը հերթական փորձությանը չտանելու եւ մոտալուտ աղետից ետ պահելու համար:
Նույնիսկ ռուս տնտեսագետներն արդեն երկար ժամանակ է՝ կանխատեսում են, որ առաջիկայում Ռուսաստանը տնտեսական ծանր ճգնաժամում է հայտնվելու, եւ որ ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը ոչինչ է ապագայում սպասվող զարգացումների համեմատ: Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ չափից ավել մեծ կախվածություն ունի Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներից: Ռուսական ռուբլու փոխարժեքի շարունակվող անկման պայմաններում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ այսօր լուրջ սոցիալական խնդիրների առաջ են կանգնած: Արտագնա աշխատանքի մեկնած նրանց հարազատների ուղարկած գումարներն օրեցօր կորցնում են իրենց արժեքը, եւ մարդիկ չեն կարողանում իրենց կարիքները հոգալ: Ռուբլու անկման պայմաններում Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ խնդիրների առաջ է կանգնած:
Նման պայմաններում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նույն է, թե նստել մի նավ, երբ ի սկզբանե գիտես, որ խորտակվելու է: Այսինքն՝ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում ավելի չխորացնելու եւ ՌԴ տնտեսության փլատակների տակ չմնալու համար ՀՀ իշխանություններն ինչ-որ ձեւ պետք է գտնեն ԵՏՄ անդամակցությունը ներկա վիճակով սառեցնելու համար:
Մյուս կողմից հայտնի փաստ է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական ոչ մի ռեսուրս չունեն ԵՏՄ անդամակցությունը կանգնեցնելու կամ սառեցնելու համար: Արդյունքում՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանն այսօր լրջագույն վտանգների առաջ է հայտնվել:
ՀՀ ՍԴ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկումը, թերեւս, վերջին շանսն է՝ այդ վտանգից խուսափելու համար:
Ցանկության դեպքում Սերժ Սարգսյանն իր հարեւանին` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երեկոյան զբոսանքի կարող է հրավիրել եւ տեղեկացնել, որ դեմ չի լինի, եթե ՍԴ-ն ԵՏՄ անդամակցության պայմանագրում մի քանի հակասահմանադրական պահեր գտնի: Դրանից հետո ՍԴ-ն հաստատ իր գործը կանի եւ կազդարարի այդ փաստաթղթի հակասահմանդրական լինելու փաստը:
Իհարկե, ռուսական կողմը մեզանից լավ գիտի, որ կարեւոր հարցերում ՀՀ ՍԴ-ն առանց անմիջական Սերժ Սարգսյանի հրահանգի որոշում չի կայացնում: Սակայն, եթե նման բան տեղի ունենա, ապա ձեւական առումով ՀՀ իշխանությունները` մասնավորապես Սերժ Սարգսյանը, դրանում դերակատարում չեն ունենա: Ավելին՝ նման որոշում ընդունելուց հետո Սերժ Սարգսյանը, ասենք, կարող է ՍԴ անդամներին իր մոտ կանչել եւ տեսախցիկների առաջ մի լավ մունաթ գալ:
Բացի այդ՝ ՀՀ իշխանությունները կարող են ռուսների առաջ արդարանալ` ասելով, որ մեզանից հասանելիք ամեն ինչ արել ենք, նույնիսկ ձեզնից շուտ էինք ուզում ձեր միությանն անդամակցել, բայց, դե, Հայաստանի ՍԴ-ն՝ եվրոպացիների գրանտներով Վենետիկի հանձնաժողովներում ման եկող այդ Գագիկ Հարությունյանը, մեզ համար անսպասելի նման որոշում կայացրեց: Հասկանալի է, որ ռուսներն այդ արդարացումներին կոպեկի արժեք չեն տա, բայց միեւնույն ժամանակ հիմք չեն ունենա՝ Հայաստանի դեմ ինչ-որ կոնկրետ գործողություններ սկսելու համար:
Արդյունքում՝ Հայաստանն իր համար անչափ կարեւոր մի քանի ամիս ժամանակ կարող է շահել, որի ընթացքում առավել տեսանելի կլինեն Ռուսաստանի տնտեսությունում ընթացող գործընթացները, եւ միգուցե ռուսներն այլեւս ԵՏՄ-ի մասին մոռանան, քանի որ իրենց թոշակառուների համար գումարներ հայթայթելով զբաղված կլինեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ