«Ժողովուրդ»-ը շաբաթ օրը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը միասին որոշել են լուծարել խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Ըստ մեր տեղեկությունների՝ Հ. Թովմասյանը հայտարարել է, որ ինքը ցանկանում է օպտիմալացնել խորհրդարանի աշխատակազմը, բայց այդ օպտիմալացման «ներքո» բաժիններ է լուծարում, որտեղ ընդամենը երկու աշխատակից է եղել: Սակայն Հ. Թովմասյանի այդ որոշման մասին որեւէ մեկը տեղյակ չի եղել, անգամ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ու խորհրդարանի ղեկավարը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱԺ-ն ԱՊՀ բաժին չունի: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն ընտրել է ինտեգրման եվրասիական վեկտորը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ ԱՊՀ բաժնի լուծարման մասին տեղյակ չէ խորհրդարանի ղեկավարությունը. ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեր հարցին, թե ինչու է լուծարվել այդ բաժինը, որեւէ կերպ չէր կարողացել բացատրել.
«Ո՞ր բաժինը, Ազգային ժողովում ի՞նչ ԱՊՀ բաժին… Չեմ կարծում, որ ինչ-որ բաժին է փակվում, եթե բաժին փակվեր, անպայման իմ մակագրությունը կլիներ»,- անցած ուրբաթ պատասխանել էր Գալուստ Սահակյանը: Սակայն պարզվում է՝ Գ. Սահակյանն այդ որոշման «տակ» ստորագրել է դեռեւս հուլիսին, պարզապես, ինչպես եւ ենթադրել էինք, շատ չի խորացել, թե ինչի տակ է ստորագրում:
Երեկ «Ժողովուրդ»-ը նախ փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից պարզել, թե ինչու են որոշել, որ հայրենի խորհրդարանին ԱՊՀ բաժին պետք չէ: Սակայն Հ. Թովմասյանը հայտարարեց, որ ինքը հարցերին պատասխանում է միայն գրավոր. «Գրավոր գրե՛ք, ուղարկե՛ք»: Ի դեպ, նկատենք, որ ինչ Հ. Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, վերջինս որեւէ կերպ լրագրողների հետ չի շփվում, նրան ուղղված բոլոր հարցերը մնում են անպատասխան, քանի որ յուրաքանչյուր հարցից հետո Հ. Թովմասյանը «քթի տակ» ինչ-որ բան է ասում ու «շտապում»:
Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներին, ապա վերջիններս տեղյակ չէին, թե իրականում ինչո՞ւ է Հ. Թովմասյանը նման որոշում կայացրել, իսկ ոմանք էլ հայտարարում էին, թե դա իրենց չի վերաբերում եւ դա իրենց խնդիրը չէ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
-Տիկի՛ն Աճեմյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է լուծարել խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Ըստ Ձեզ՝ այդ բաժինը խորհրդարանին այլեւս պետք չէ՞ր: Ինչո՞ւ է Հ. Թովմասյանը որոշել «ազատվել» ԱՊՀ բաժնից:
-Ես կարդացի, որ այդ բաժինը վաղուց փակված է եղել, եթե ճիշտն ասեմ, ապա այդ Ձեր ասած տեղեկությունը ստացել եմ մամուլից, այնտեղից եմ տեղեկացել, ես չեմ կարող որեւէ բան ասել: Ուրիշ այլ տեղեկություն չունեմ:
-Բայց, ըստ Ձեզ, խորհրդարանին պետք չէ՞ր այլեւս նման բաժին, այն դեպքում, երբ արդեն ընթացքի մեջ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
-Գիտեք ինչ, եթե անկեղծ ասենք, ապա ես պատասխանատու եմ հանձնաժողովների մասով, այսինքն՝ այնտեղ ընթացող գործընթացների վերաբերյալ կարող եմ իմ տեսակետը հայտնել: Ես կարող եմ իմ կարծիքը հայտնել դրա մասով, բայց թե ինչքանով է մեզ պետք… Մենք ունենք միջազգային բաժին, որը բոլոր ոլորտներով, ուղղություններով աշխատանք է իրականացնում, եւ ես չգիտեմ… Եթե աշխատակազմն այդպես է ճիշտ գտել, ես որեւէ բան այդ առումով չեմ կարող ասել: Ես աշխատակազմի մասով բան չեմ կարող ասել, բայց հստակ կարող եմ ասել, որ մենք ունենք միջազգային բաժին, որը նաեւ հենց այդ հարցերով է զբաղվում: Կարծում եմ՝ դա է խնդիրը:
-ՌԴ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, վերջերս անգամ ԱԺ-ում հատուկ ռուսերեն գրքերի գրադարան բացվեց, չե՞ք կարծում, որ այս քայլից ռուսները կարող են նեղանալ…
-Եթե դրանից Դուք մեծ պատմություն չսարքեք, ես կարծում եմ, որ մեր ռուս գործընկերները դրա մասին չեն էլ անհանգստա: Կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ բաներ գտնել այդ ամենի մեջ:
ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, ինչո՞ւ եք Ազգային ժողովի ԱՊՀ բաժինը լուծարել:
-Ես տեղյակ չեմ, այդ հարցով դիմեք Ազգային ժողովի աշխատակազմին:
-ԱԺ աշխատակազմը համարել է, որ այդ բաժինն այս պահին պետք չէ, քանի որ փորձում են այդ կերպ օպտիմալացնել խորհրդարանի աշխատակազմը: Արդյո՞ք, երբ ընթացքի մեջ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, պետք էր նման որոշում կայացնել:
-Խնդրում եմ՝ ինձ այնպիսի հարց ուղղեք, որը վերաբերում է իմ լիազորություններին:
-Բայց դա այն հարցն է, որը վերաբերում է բոլորին, Աժ յուրաքանչյուր պատգամավորի...
-Ես արդեն ասացի՝ դա իմ լիազորություններին չի վերաբերում:
Հ. Գ. Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ, լսելով «Ժողովուրդ»-ի հարցը, հայտարարեց, թե ինքը շտապում է հանդիպման ու չի կարող մեր հարցերին պատասխանել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ