ԱԺ նախագահի պաշտոններում կլինեն ՀՀԿ ներկայացուցիչներ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը տեղի կունենա մայիսի 30-ին, որից հետո պարզ կդառնա, թե ովքեր կլինեն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
“Մայիսի 30-ին կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի հաջորդ օրը՝ մայիսի 31-ին, ՀՀ կառավարությունը սահմանված կարգով կներկայացնի հրաժարական և կկազմվի նաև ՀՀ նոր կառավարությունը”,-տեղեկացրեց նա։
Հարցին, թե ճի՞շտ է, որ գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, իսկ ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն էլ կվերադառնա ԱԺ նախագահի պաշտոնին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ մասին ինքը դեռ այս պահին ոչինչ չի կարող ասել, քանի որ չկա կուսակցության որոշումը։ Սակայն վերջինս նշեց, որ թե՛ վարչապետի, թե՛ ԱԺ նախագահի պաշտոններում կլինեն ՀՀԿ ներկայացուցիչներ:
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ին չի պատկերացնում ընդդիմության դերում, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ ինքը հարգում է վարչապետի եւ մյուս քաղաքական գործիչների կարծիքները, բայց ինքը մնում է  իր կարծիքն եւ չի մեկնաբանում այդ ուժերի դիրքորոշումները:
“Ժամանակը ցույց կտա ԲՀԿ-ն  ընդդիմություն է, թե` իշխանություն: Այդ հարցերն ուղղեք ԲՀԿ-ի մեր գործընկերներին եւ հետեւեք խորհրդարանի աշխատանքներին”,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, ընդդիմությունն էլ կարող է լավը լինել, իշխանությունն էլ եւ հակառակը: “Քաղաքականությունը մնում է քաղաքականություն: Ընդդիմությունը կարող է շատ լավ բան անել երկրի համար եւ հակառակը: Նույնն է իշխանության պարագայում, հետեւաբար եւ ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է գործեն երկրի, պետության համար եւ լինեն ակտիվ”,- առաջարկեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հրաժարվեց դառնալ նոր քաղաքական կոալիցիայի մաս:




Լրահոս