Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արմավիրի մարզի 30-ամյա բնակիչ Արսեն Սիմոնյանի գործով դատական քննությունը: Արսենը, ով նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ:
Այսպես, Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արսեն Սիմոնյանը «Օdnoklassniki» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սուսաննա Հ.-ի հետ՝ թաքցնելով իր ամուսնացած լինելու փաստը, և սուտ խոստումներ տալու` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նրանից դիտավորությամբ մաս-մաս շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6.700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Սիմոնյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը՝ առանձնապես խոշոր չափերով):
Վերջին դատական նիստին որոշում էր կայացվել ամբաստանյալին հանրային պաշտպան տրամադրելու մասին: Նշենք, որ նախաքննության ընթացքում նա հրաժարվել էր պաշտպան ունենալու հնարավորությունից: