Հայաստանե հիմնադրամի պատվիրակությունը, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ մայիսի 27-ին հանդիսավորությամբ բացել է Երեւանի Շենգավիթի հիմնանորոգված գիշերօթիկ մանկապարտեզը: Շենքի ամբողջական հիմնանորոգումն ու կահավորումն իրականացրել է Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը: Բացմանը մասնակցել են Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսը, որոնց եւ տրվել է կարմիր ժապավենը կտրելու պատիվը:
“Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի հայ համայնքին, ում ջանքերով նոր կյանք ստացավ այս կրթօջախը”,- հայերենով ողջույնի խոսք ասաց դեսպանը:
“Մեր սիրելի բարերարներ, սերունդներ կգան-կանցնեն, բայց աստվածաշնորհ ձեր գործը երկար կապրի”,- հուզական խոսքով հյուրերին դիմել է մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանը: Հիմնանորոգվել է խորհրդային շրջանի երեք մասնաշենքից բաղկացած ընդարձակ կառույցը, որը համալրվել է նոր, գեղեցիկ շքամուտքով: Սենյակներն ու խոհանոցը կահավորվել են անհրաժեշտ գույքով: Բարեկարգվել է բակը, ստեղծվել նոր խաղահրապարակ:
Սա մայրաքաղաքում գործող միակ գիշերօթիկ մսուր-մանկապարտեզն է, որը սպասարկում է Երեւանի սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ ընտանիքների երեխաներին: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում 2-ից 7 տարեկան ավելի քան 180 երեխա, որոնցից 70-ը` գիշերակացով: Մանկապարտեզն ունի նաեւ հոգեբան եւ թերապեւտ:
“Սերմը, որը ջրվում ու խնամվում է, կմեծանա ու կզորանա: Այս երեխաներն էլ, վստահ եմ լավ մարդիկ կդառնան, քանի որ այստեղ կան լավ պայմաններ եւ հոգատարություն”, – ասաց Արմինե Կարապետին:
Բացման արարողությանը հաջորդել են պատվիրակության այցելությունները Երեւանի Նորքի տուն-ինտերնատ /նախկին ծերանոց/ եւ” ՙԳրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ վերանորոգվել են տուն ինտերնատի “Ա” մասնաշենքի III եւ IV հարկերը եւ բժշկական կենտրոնի դիալիզի եւ նեֆրոլոգիայի բաժանմունքները: