Հայտարարվել է Օձունի վանքի վերականգնման մրցույթի հաղթողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կիրականացնի “ԼևԳուգ” ՓԲԸ-ն: Մրցույթի հաղթողը պարտավորվում է ավարտել V-VII դարերի հայ ճարտարապետության մարգարիտի նորոգումն ու վերականգնումը երեք տարվա ընթացքում: Նախագծի արժեքը կազմում է 320 մլն դրամ:
Սույն թվականի մարտի 27-ին հայտարարված մրցույթին մասնակցել են 8 հայկական շինարարական ընկերություններ: Մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և “Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի” բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, երեք փուլերի ընթացքում քննարկելով հայտերը, ընտրեց երկու հավակնորդի: “Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լավագույնը համարեց “ԼևԳուգ” ՓԲԸ առաջարկությունը:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կսկսվի շինարարական աշխատանքների կատարման թույլատրություն ստանալուց հետո: Այդ ժամանակացույցի պահպանումը և աշխատանքի որակը վերահսկելու է համատեղ իրազեկ հանձնաժողովը, հեղինակային վերահսկողությունը դրված է նախագծի կազմողների վրա: Արդեն ստորագրված է պայմանագիր տեխնիկական վերահսկողությունն իրականացնող մասնագետների հետ: 
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնման ծրագրի իրականացումը կդառնա պետության և մասնավոր բիզնեսի համագործակցության անդրանիկ օրինակը: Վերանորոգողները պարտավորվում են վերականգնել իրենց հանձնարարված շինությունը` խստագույնս համաձայն գիտականորեն հիմնավորված նախագծի:




Լրահոս