«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը «Արմավիա» ավիաընկերությանը սնանկ է ճանաչել: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է դեկտեմբերի 16-ին: Հայաստանի երբեմնի ազգային փոխադրողին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» եւ «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը նույն Միխայիլ Բաղդասարովն է: Դատավոր Կատվալյանի` «Արմավիային» սնանկ ճանաչելու մասին վճռի համաձայն՝ ավիաընկերությունը «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պարտք է 38 միլիոն 378 հազար դոլար:
Նկատենք, որ 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Միխայիլ Բաղդասարովը համարվում էր Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Ցորենի, բենզինի, դիզվառելիքի հիմնական ներկրողը հենց նրան պատկանող ընկերություններն էին: Նախկին «Հայխնայբանկի» հիմնական բաժնետերն էր, Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատերը եւ այսպես շարունակ: Բաղդասարովի «անկումը» սկսվեց այն բանից հետո, երբ նա 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ փորձեց իրեն դրսեւորել որպես «ազատ» գործարար: Դրանից հետո նրա գործերը մի փոքր վատացան: Սակայն 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ էլ նա իշխանություններից իրեն հեռու պահեց, որից հետո սկսվեց նրա «ազատ անկումը»: Երեք տարում նրա ընկերությունները մեկը մյուսի ետեւից սկսեցին սնանկանալ, եւ այսօր նրան նույնիսկ խոշոր գործարար չես կարող համարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: