«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները բարձրաձայնում են իրենց ոլորտում առկա խնդիրների մասին, սակայն արձագանք չկա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի է հանել 18 ջերմոցային տնտեսություն: Ջերմոցների մեկնարկային գինը կազմում է 22 մլն 225 հազար 725 դրամ: Մեր տեղեկություններով՝ ջերմոցների սեփականատերերն անցած ձմռանը վնասներ կրելուց եւ պարտքեր կուտակելուց հետո իրենց գույքը գրավադրել են բանկերից մեկում, բայց այդպես էլ չեն կարողացել վարկերը մարել: Արդյունքում բանկը դիմել է դատարան՝ ջերմոցատերերից իր պարտքը բռնագանձելու պահանջով: Պահանջը բավարարվել է, եւ այժմ ջերմոցները ԴԱՀԿ-ն հանել է հարկադիր աճուրդի` նրանց պարտքերը մարելու համար: Ստեղծված իրավիճակը լավագույնս բնորոշում է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են աջակցում գյուղատնտեսությանը՝ խոսքերից զատ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: