Հակառակ ժողովրդին՝ Հովիկ Աբրահամյանը շարունակում է ծաղկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին, գյուղերի կյանքում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, ասել էր, որ ով չի տեսնում, ակնոց պետք է դնի, որ լավ տեսնի: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը շարունակում է իր նախորդի եւ իր նախագահի` Սերժ Սարգսյանի գործելաոճը` Հայաստանում տիրող իրավիճակի սեփական` իրական կյանքի հետ կապ չունեցող պատկերացումները հանրությանը պարտադրելով:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ժամանակին` 2008-ի աշնանը, բոլորին հորդորում էր տնտեսական ճգնաժամի մասին չխոսել, որպեսզի այն չգա Հայաստան: Տնտեսական ճգնաժամը ոչ միայն եկավ, այլեւ քարուքանդ արեց Հայաստանի տնտեսությունը: Բայց ո՞վ էր դրա համար պատասխանատու: Իհարկե, այն մարդիկ, ովքեր օրուգիշեր գուժում էին միջազգային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցության մասին: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեղավոր չէ, նա իրենից հասանելիք բոլոր «շամանություններն» արեց՝ չարակամների գույժերը չեզոքացնելու համար, բայց, դե, հիմա չստացվեց:

ՀՀ ղեկավարության կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը իրականության հետ կապ չունեցող վարդագույն լույսի ներքո ներկայացնելու գործելաոճը, առաջին հայացքից, կարող է թվալ, թե գիտակցված ստախոսություն է: Իրականում դա ավելի խորքային խնդիր է եւ մատնում է այդ մարդկանց ընկալումները: Ասենք, երբ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ գյուղում փոփոխությունները հնարավոր չէ չնկատել, նա չի ստում, պարզապես նայած թե ով ինչ է տեսնում: Հովիկ Աբրահամյանը, օրինակ, տեսնում է, որ կյանքը զարգանում է, առաջ է գնում, եւ ամեն ինչ փայլուն է: Մի քսանհինգ տարի առաջ ինքը գրեթե ոչինչ չուներ, ավտոմեքենաներ դզել-փչելով էր գումար վաստակում: Իսկ այսօր Արարատի մարզի մոտ 80 տոկոսն իր ընտանիքին կամ նույնն է թե՝ իրեն է պատկանում, այդ թվում նաեւ՝ այն ավտոսպասարկման արտադրամասը, որում նա ժամանակին աշխատել է: Արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն իրավունք չունի ասելու, որ Հայաստանում կյանքը ծաղկում է:

Ավելին, երբ Հովիկ Աբրահամյանը գնում է մարզեր, բոլոր հանդիպումների ժամանակ մարդիկ նրան քծնում են, գովում են, թե էս ինչ լավ մարդ է Արգամիչը: Դրանք այն նույն գյուղացիներն են, որոնց հարազատները թողել, հեռացել են Հայաստանից` դրսում ավելի լավ կյանք գտնելու հույսով: Եթե կյանքն այդքան վատ է, ինչու քայքայված գյուղերում մնացած մարդիկ, որոնք այդ նույն տնավեր եղած մարդկանց ծնողներն ու մնացած ազգականներն են, իրենց դժբախտության համար պատասխանատու պաշտոնյաներին տեսնելիս պոմիդորներով կամ ձվերով չեն հարվածում: Ինչո՞ւ մարդիկ իրենց բողոքը չեն արտահայտում, որ պաշտոնյաներն էլ իմանան, թե իրականում գյուղում ինչ իրավիճակ է:

2013-ի նախագահական ընտրություններից մի քանի օր անց` մարտի 18-ին, Սերժ Սարգսյանը Հայաստանում տիրող իրավիճակի մասին ասել էր. «Մեր երկիրը փոփոխվում է, ով աչք ունի՝ կտեսնի: Ով աչք ունի եւ ցանկություն ունի՝ շատ կտեսնի: Իսկ ով չունի՝ առավոտից երեկո կարող է ասել, որ ոչինչ չի փոխվել… Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չէ, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա…»: Չգիտես ինչու՝ վերը բերված խոսքերից ամենամեծ ուշադրության արժանացավ «գաղջ մթնոլորտ» որակումը, որը վաղուց Հայաստանում թեւավոր խոսքի է վերածվել:

Իրականում առավել կարեւորը Սերժ Սարգսյանի վերը բերված մտքի առաջին մասն է.«Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն»: Սա Հայաստանի կառավարման համակարգի բնույթն է, եւ ամենակարեւորը՝ այդ համակարգին հասցեագրված ուղերձը` նրանց ոչինչ չի սպառնում: Իսկապես, ինչու պետք է Սերժ Սարգսյանին կաշառակերները եւ հանցագործները անհանգստացնեն: Մի պահ փորձենք իրերին նրա տեսանկյունից նայել. կաշառակերները եւ հանցագործները Հայաստանի կառավարման համակարգի ողնաշարն են, կաշառակերությունը եւ հանցավորությունը նրանց նյութափոխանակությունն են: Հենց այդ համակարգին է Սերժ Սարգսյանը պարտական իր այսօրվա պաշտոնավարման համար: Պատկերացնում եք՝ ինչ կլիներ, եթե Հայաստանի կառավարման համակարգը ուղնուծուծով կաշառակերության եւ հանցավորության մեջ թաղված չլիներ: Մեկ բան հաստատ է՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին չէր ապրի, եւ բացառվում է, որ նրա անվան դիմաց երբեւէ գրվեր «ՀՀ նախագահ»: Ուստի մարդը անկեծ է, երբ ասում է, որ իր համար ամենամեծ խնդիրը գաղջ մթնոլորտն է, որը պետք է վերանա: Մարդն ուզում է վայելել իր ձեռքբերումը, իսկ ինչ-որ չկամներ անընդհատ կաշառակերներից, հանցագործներից են խոսում, ուզում են իմանալ, թե պետական պաշտոնյաներին որտեղից այդքան ունեցվածք:

Հայաստանում վաղուց ժամանակն է հասկանալու, որ իշխող էլիտայի համար «զարգացում», «առաջընթաց» եւ նմանատիպ հասկացություններն ուղղակի ասոցացվում են իրենց հարստանալու, հերթական թալանված գյուղի հողերն իրենց անունով գրելու հետ: Իշխող էլիտայի համար կարեւորն իր համակարգը պահպանելն է, իսկ բոլոր այն մարդիկ, ՀՀ այն քաղաքացիները, որոնք սպառնում են նրանց համակարգին, կարող են կորչել գրողի ծոցը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս