
“Պլաստիկ վիրահատության են դիմում այն դեպքում, երբ տվյալ անձն ունի որոշակի թերություններ, որոնք ենթակա են փոփոխության”,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը:
Նրա խոսքերով՝ ՀՀ-ում նկատվում է պլաստիկ վիրահատության թվի աճ. “Դա պայմանավորված է նրանով, որ ժամանակի ընթացքում մարդիկ իրենց արտաքինի հանդեպ դառնում են ավելի բծախնդիր: Առաջին տեղում է քթի պլաստիկ վիրահատությունը, այնուհետև կոպերի, ականջախեցիների, կրծքագեղձի, որովայնի վիրահատությունները”: Խոսելով գնային քաղաքականության մասին՝ վիրաբույժը նշեց, որ գոյություն չունի վիրահատության ստույգ սահմանված գին. “Օրինակ՝ քթի պլաստիկ վիրահատության նվազագույն շեմը 80 հազար դրամն է: Իհարկե, տարիների ընթացքում գների բարձրացում նկատվում է”:
Ըստ վիրաբույժի՝ պլաստիկ վիրահատության համար Հայաստան են գալիս նաև արտերկրից:
Խոսելով, ընդհանրապես, Հայաստանում իրականացվող պլաստիկ վիրահատությունների մասին, բժիշկը նշեց, որ, քանակական առումով, առաջին տեղում շարունակում է մնալ քթի վիրահատությունը, այնուհետև՝ ականջախեցիների, որովայնի շրջանի և կրծքագեղձերի պլաստիկ վիրահատություններն են: