Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե գնում է աղոթելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ կարող է անհարմար վիճակի մեջ հայտնվել: Նա երեկ հանդես է եկել հայտարարությանբ, որով ոչ իշխանական եռյակի մյուս երկու գործընկերներին, կարելի է ասել, վերջնագիր է ներկայացրել: Նա հայտարարել է, որ իրենց շարժման առաջ գնալու համար անհրաժեշտ է, որ ստորագրվի փաստաթուղթ` «Համաժողովրդական շարժման հռչակագիր»: Նա հրապարակել է «Հռչակագրի» նախագծի իր տարբերակը, որում մասնավորապես ասվում է.

«Մենք, ի կատար հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացիների կամքի, հայտարարում ենք համաժողովրդական շարժման ստեղծման մասին: Շարժման հիմնական նպատակն ազատ, անկախ եւ սահմանադրական Հանրապետության հաստատումն է: Դրան հասնելու հիմնական միջոցն է անհապաղ, ամբողջական եւ համակարգային իշխանափոխությունը՝ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրամայականով, որի միակ թիրախը ժողովրդին եւ քաղաքացուն պատկանող հաշվետու, իրավակարգ իշխանության ձեւավորումն է:

Այս ուղղությամբ շարժումը պատրաստ է դիմելու սահմանադրական բոլոր եղանակներին՝ մասնավորապես Հայաստանի ամբողջ տարածքով մեկ գործարկելով կենտրոնակայաններ (շտաբներ) ու զորակցման օղակներ, հաստատելով համապետական նշանակության քաղաքական խորհուրդ եւ հարակից այլ մարմիններ:
Շարժմանը վերաբերող բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես մեր միակարծության (consensus-ի) հիման վրա: Շարժումը բաց է յուրաքանչյուր հայի ու հայաստանցու առջեւ:

Ուստի հանուն Հայրենիքի, մեր ժողովրդի եւ նրա ապագայի մենք ստորագրում ենք սույն հռչակագիրը մայրաքաղաք Երեւանում, 2014 թվականի նոյեմբերի …-ին»:
Նախագծի վերջում, իբրեւ հետգրություն, մի տեքստ է գրված, որի առաջին մասի իմաստը նույնիսկ Հովհաննիսյանի կուսակիցները մասնավոր զրույցներում չեն կարողանում բացատրել. «Հ.Գ.՝ եւ ոչ միայն: Սերժ, Բակո, Սեյրան, Մովսես, տղերք՝ մի մասդ դե յուրե, մյուսդ դե ֆակտո, արդեն գրեթե միեւնույնն է: Արցախի պետականության հռչակումից 23 տարի անց քանի ուղղաթիռներ, սպաներ, զինվորներ, հայ մարդիկ պետք է թշնամու գնդակից ու «դիվանագիտությունից» զգետնվեն, որ վերջապես հասկանաք՝ ՁԵՐ եւ ՄԵՐ մեղքն ու սխալը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Խոնարհվում ենք նրանց առջեւ»,- գրել է Հովհաննիսյանը, իսկ թե ինչ է ուզեցել ասել այս խոսքերով, մեր համար եւս այդքան էլ հասկանալի չէ. գուցե հեղինա՞կն իմանա: Հետգրության երկրորդ մասում Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ պնդել է, որ անհրաժեշտ է՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Ինչեւէ, նկատենք, որ նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ «Ժառանգության» առաջնորդը փաստացի սահմանափակել է ոչ իշխանական եռյակի` միասին առաջ գնալու հնարավորությունները: Իհարկե, Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե ինչ տեղի կունենա, եթե ոչ իշխանական եռյակի մյուս երկու գործընկերները կամ նրանցից մեկը հրաժարվի իր մատնանշած կամ դրան համարժեք որեւէ այլ փաստաթուղթ ստորագրելուց: Սա այն դեպքում, երբ փաստաթղթի ստորագրումը «Ժառանգության» առաջնորդի համար «առաջ շարժվելու» ուղին է: Արդյո՞ք ոչ իշխանական եռյակի մյուս երկու կուսակցությունները կցանկանան փաստաթղթով ամրագրել իրենց քաղաքական նպատակներն ու պարտականությունները: Իհարկե, ՀԱԿ-ի դեպքում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ անհրաժեշտության դեպքում այս կուսակցությունը կարող է հռչակագրի իր տարբերակը ներկայացնել:

ԲՀԿ-ի դեպքում փաստաթղթով նպատակների, այն էլ կոնկրետ արձանագրելու տարբերակը եւ դրանց արտահերթ ընտրություններով հասնելու հեռանկարը, մեղմ ասած, ֆանտազիայի ժանրից է: ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Հայաստանում փոփոխություններ են հարկավոր, բայց նա երբեք չի ասել, որ դրանք պետք է լինեն արտահերթ նախագահական եւ ԱԺ ընտրությունների միջոցով, ինչպես ցանկանում է արձանագրել Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ինչպես պատկերացնում են ՀԱԿ-ում: Ծառուկյանը երբեք չի ասել, որ Հայաստանում սահմանադրական կարգը խախտված է, եւ այն անհրաժեշտ է վերականգնել:

Եթե ԲՀԿ առաջնորդի խոսքն ուշադիր լսենք, գրավոր հարցազրույցները կարդանք, կտեսնեք, որ նրա նպատակը ներկայից ավելի ազատ տնտեսական պայմաններ ստեղծելն է, որպեսզի կրպակատերերը եւ մնացած փոքր գործարարները շնչահեղձ չլինեն: Նա հայտարարել է, որ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը պետք է կոտրվի, բայց երբեք չի ասել, որ այդ կուսակցությունն իշխանությունից պետք է հեռանա: Այլ կերպ ասած՝ նա իշխանություններից մաս է ուզել, բայց ոչ թե փոքր մասը, որը միշտ նրան առաջարկվել է, այլ մեծ մասը` իշխանության «հսկիչ փաթեթը»:

Այսինքն՝ առավել հավանական է, որ առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրվի ոչ իշխանական եռյակի իր գործընկերներին փակուղու առաջ կանգնեցնելու եւ իրենց ժողովրդական շարժումը քանդելու մեջ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս