Երեւանում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին: Հայցվոր ՍՊԸ-ները դատարանին միջնորդել են, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել կոմբինատի գույքի եւ դրամական միջոցների վրա, դատարանը մերժել է այդ միջնորդությունները: Այս դատավարությունները ներկայումս ընթանում են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Նույն դատարանում ավարտվել է «Բենտոնիտի» պարտքերին վերաբերող եւս մեկ դատավարություն: Հրազդանում գործող «Արջերմեկ» ՍՊԸ-ն 2014 թ. մարտին դատի էր տվել «Բենտոնիտին»:
«Արջերմեկ» ՍՊԸ տնօրեն Հայկ Արաբյանից տեղեկացանք, որ իրենց ընկերությունն Իջեւանի բենտոնիտ կոմբինատում ջերմամեկուսացման աշխատանքներ է կատարել, որոնք ավարտվել են 2013թ. սեպտեմբերին: Նրա վկայությամբ՝ իրենք այդ աշխատանքների կանխավճարը ստացել են, սակայն հիմնական գումարը՝ ոչ: «Արջերմեկը» քաղաքացիական հայցով պահանջել է «Բենտոնիտ» ԲԲԸ-ից բռնագանձել 3 միլիոն 593 հազար դրամ: 2014թ. հոկտեմբերի 31-ին դատավոր Արման Կուրեխյանը կայացրել է վճիռը: Քանի որ «Արջերմեկ» ՍՊԸ ներկայացուցիչը պնդել է, որ «Բենտոնիտն» այդ պարտքն արդեն մարել է, դատավորը որոշել է գումարի բռնագանձման հայցը մերժել:
Երբեմնի հսկա գործարանը խրվել է պարտքերի մեջ, սակայն աշխատատեղերի ստեղծման, սահմանագոտու զարգացման մասին խոսող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարներն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում՝ «Բենտոնիտի» խնդիրները պարզելու, հարկ եղած դեպքում՝ կոմբինատին աջակցություն ցուցաբերելու համար:
Ոսկան Սարգսյան