Պրահայում ձերբակալվել է ուկրաինական մաֆիայի պարագլուխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի ոստիկանությունն ուրբաթ օրը ձերբակալել է երկրում ուկրաինական մաֆիայի պարագլուխներից մեկին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Էվա Կրաուսովան, ով, սակայն, հրաժարվել է հրապարակել ձերբակալվածի անունը: Նա նշել է, որ Չեխիայում ուկրաինական մաֆիայի ղեկավարը նախկինում արդեն դատապարտվել էր արժույթի կեղծման, մեքենայության, ապօրինի զենք կրելու և թմրանյութերի առքուվաճառքի համար, սակայն կարողացել է փախչել երկրից:

Հանցագործը ձերբակալվել է Պրահայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա ուղեկցում էր վիրահատության եկած իր սիրուհուն: Ձերբակալության ժամանակ ուկրաինացու մոտ սառը զենք են գտել, սակայն նա չի հասցրել դիմադրություն ցույց տալ:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ փախչելով Չեխիայից՝ հանցագործը կեղծ փաստաթղթերով թաքնվել է Ուկրաինայում և Ռուսաստանում:

Ներկայումս չեխական ոստիկանությունում հաշվառված է Ուկրաինայի 127 հազար քաղաքացի, սակայն ենթադրվում է, որ այնտեղից ապօրինի ներգաղթյալների թիվը կազմում է 20-30 հազար մարդ:




Լրահոս