Կայացել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից armlur.am-ին հայտնում են, որ մայիսի 26-ին Վիեննայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի հերթական նիստը, որը վարել են կազմակերպության փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը և քարտուղար Բագրատ Բուռնազյանը:
Նիստին ներկա է եղել և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում Համահայկական խաղերի կարևորության մասին մասնակիցներին ուղղված խոսքով հանդես է եկել Ավստրիայում և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:
Նիստի մասնակիցները քննարկել են մի շարք օրակարգային թեմաներ, մասնավորապես` Համահայկական ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը, ամառային խաղերի շրջանակներում նոր մարզաձևերի ընդգրկման, խաղերի աշխարհագրության ընդլայնման, Երևանում խաղերի գրասենյակի ստեղծման, բովանդակային ու կազմակերպչական այլ հարցեր: 
Նույն օրը միջոցառման մասնակիցներն այցելել են Վիեննայում տեղակայված Մխիթարյան միաբանության վանական համալիր, ծանոթացել միաբանության թանգարանում պահվող գանձերին: Մխիթարյան միաբանության հանդիսությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ընթացքում կազմակերպության աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման, հայությանը համախմբող նրա դերակատարության վերաբերյալ ելույթներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Միաբանության Վիեննայի մասնաճյուղի հոգևոր առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Ավստրիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ստեփան Դերբեդրոսյանը, Ալբերտ Բոյաջյանը և ուրիշներ:
Մայիսի 27-ին կազմակերպության անդամները մասնակցել են Վիեննայում տեղակայված Հայաստանեայց Առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Պատարագի արարողությանը:




Լրահոս