ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻ ՓՈՔՐ «ՀԱՄԱԶՈՒՍՊ» ԵՂԵՔ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ինչպես հայտնի է՝ ՀՀ ՍԴ-ում պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին` մյուս ուրբաթ: ԵՏՄ պայմանագիրը քննարկելու մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման համաձայն՝ գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Վլադիմիր Հովհաննիսյանը եւ օրերս Եվրոդատարանից Հայաստան վերադարձած Ալվինա Գյուլումյանը:

Վերջինիս այս գործով զեկուցող նշանակելու փաստն ինքնին ուշագրավ է: Գյուլումյանը ՍԴ անդամի իր լիազորությունները ստանձնել է այս տարվա հոկտեմբերի 23-ից: Մինչ այդ նա տասը տարի շարունակ եղել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում կամ, ինչպես ընդունված է ասել, Եվրոդատարանում Հայաստանի կողմից նշանակված դատավորը: ԵՏՄ համաձայնագրի գործը ՍԴ անդամի պաշտոնում վերանշանակվելուց հետո լինելու է առաջինը, որտեղ նա հանդես է գալու որպես զեկուցող: Հիրավի զավեշտ է: Ալվինա Գյուլումյանը, որը տասը տարի ապրել է Եվրոպայի սրտում` Ստրասբուրգում, կարելի է ասել՝ վայելել է եվրոպական քաղաքակրթության բերկրանքը, այժմ պետք է հիմնավորի, որ Ռուսաստանի մաս դառնալը չի հակասում ՀՀ սահմանդրությանը: Կասկած չկա, որ նա դա կանի, թեկուզ իր վերանշանակումն արդարացնելու համար:
Ի դեպ, ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկման հարցում ՍԴ-ն, մեղմ ասած, սպրինտային արագություն է դրսեւորել: Պայմանագրի քննարկման նպատակով նիստը, փաստորեն, նշանակել են փաստաթղթի մուտք լինելուց ընդամենը երկու շաբաթ հետո: Սովորաբար ՍԴ-ն միջազգային համաձայնագրերի քննարկումը նշանակում է համապատասխան աշխատակարգային նիստից առնվազն մի 20 օր հետո: Այդ մոտեցման նպատակն այն է, որ ՍԴ աշխատակազմը հնարավորություն ունենա ուսումնասիրելու միջազգային համապատասխան համաձայնագիրը եւ եզրակացություն պատրաստելու: ԵՏՄ-ի դեպքում աշխատակարգային նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին: Քանի որ ի սկզբանե որոշված էր, թե ՍԴ-ն ինչ պետք է գրի իր որոշման տեքստում, որոշել են անիմաստ ժամանակ չկորցնել:
Արդեն հայտարարվել է, որ ՀՀ իշխանությունները ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացումը նախատեսել են նոյեմբերի 17-18-ին, այդ օրերին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում: Սակայն այս բլիցի ընթացքում փոքրիկ «խոչընդոտներ» կարող են լինել` շաբաթ-կիրակի օրերի տեսքով: Բանն այն է, որ ՍԴ-ի նիստն ուրբաթ օրն է նշանակված, եւ եթե անգամ ՍԴ-ն ձեւական կողմը չպահպանի ու հենց նույն օրը նիստ հրավիրելուց անմիջապես հետո հայտարարի, որ որոշումը պատրաստ է, եւ անմիջապես այն ուղարկեն ԱԺ, միեւնույն է՝ «խոչընդոտի» խնդիրը չի լուծվում:
Ի դեպ, ՍԴ-ն խորհրդարանից մի հարյուր մետր է հեռու, ասենք՝ ՍԴ անդամ Կիմ Բալայանը կարող է փաստաթուղթը քայլելով տանել եւ մի 5 րոպեից դնել Գալուստ Սահակյանի սեղանին: Բայց մեկ-երկու աշխատանքային օր էլ է հարկավոր լինելու, որպեսզի պայմանագիրն ԱԺ-ում պատշաճ շրջանառության մեջ դրվի, համապատասխան հանձնաժողովում քննարկվի եւ այլն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները կա՛մ պետք է հերթական անգամ ՀՀ օրենսդրությունը խախտեն` ռուսներին իրենց հնազանդությունը մեկ օր շուտ ի ցույց դնելու համար, կա՛մ էլ ահը սրտներում՝ ԱԺ արտահերթ նիստը մի երկու օրով հետաձգեն: Այս ուշացման վտանգը կայանում է նրանում, որ ոչ իշխանականները կարող են առիթից օգտվել եւ փորձել ռուսներին համոզել, որ իրենք ավելի հնազանդ են ու եթե իրենք լինեին, նման դավադիր ձգձգումներ չէին անի:
Ինչեւէ, փաստ է, որ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, չնայած հոկտեմբերի 10-ին ստորագրվել է, բայց միեւնույն է՝ այն դեռեւս ուժի մեջ չի մտել, եւ Հայաստանն էլ ԵՏՄ անդամ չէ: Սակայն ՀՀ կառավարությունը վերջին մեկ ամսում փաթեթով որոշումներ է ընդունում, որոնք բխում են Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից: Կառավարության անցած շաբաթվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր նախագծերի մի ամբողջ տրցակ ներկայացրել, այս շաբաթ էլ` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Հասկանալի է, որ փաստաթուղթը ՍԴ-ի քննարկմանն ուղարկելը ձեւական բնույթ է կրում, այդ մարմինը` Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, կազդարարի, որ ԵՏՄ պայմանագիրը ոչ միայն չի հակասում ՀՀ սահմանադրությանը, այլեւ, ընդհակառակը, հենց մեր մայր օրենքից է բխում: ԱԺ-ն էլ ջախջախիչ մեծամասնությամբ կվավերացնի պայմանագիրը. ոչ իշխանականներն ու ՀՀԿ-ականներն իրար ոտատակ կտան` ԵՏՄ-ի անդամակցությունը գովելու համար՝ փորձելով ապացուցել, թե իրենցից ով է ամենառուսահպատակը: Բայց կարելի է, չէ, գոնե ձեւական կողմը պահել եւ սպասել, մինչեւ փաստաթղթի վավերացման իրավական ընթացակարգն ավարտվի: Ի վերջո, իշխանական եւ ոչ իշխանական «կոդլով» իբր պետություն են ներկայացնում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳԱԼՈՒՍՏԻ ԸՆԿԵՐԸ
«Ժողովուրդ»-ը երկու շաբաթ առաջ գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հասարակական հիմունքներով իրեն խորհրդական է նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով): Երեկ փորձեցինք Գալուստ Սահակյանից պարզել, թե Լեւոն Սարգսյանն իրեն ինչ խորհուրդներ է տալիս: Ի պատասխան՝ ԱԺ նախագահը հայտարարեց, թե նման բան գոյություն չունի: Միեւնույն ժամանակ Գալուստ Սահակյանը չցանկացավ Լեւոն Սարգսյանից ընդհանրապես հրաժարվել («ատկազ» գալ) եւ ասաց. «Լեւոն Սարգսյանն իմ խորհրդականը չէ, այլ իմ շատ լավ ընկերն է»: Ի դեպ, հասարակական հիմունքներով խորհրդականները ԱԺ կադրերի բաժնում չեն գրանցվում: Պարզապես ԱԺ նախագահի կարգադրությամբ նրանց տրվում է խորհրդարան մուտք գործելու վկայական:

 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԳՆԱՃԸ
Գնաճը Հայաստանում շարունակվում է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի 10 ամիսների տվյալներով սպառողական ապրանքների ինդեքսը կամ այլ կերպ ասած՝ համախառը գինը միայն վերջին մեկ ամսում 1,1 տոկոսային կետով աճել է: Մասնավորապես պարենային ապրանքների մասով գնաճը մեկ ամսում կազմել է երկու տոկոսային կետ, իսկ հագուստի եւ կոշիկի գներն ավելացել են 4,3 տոկոսային կետով: Մյուս կողմից փաստ է, որ վերջին երկու ամիսներին էապես նվազել են ՀՀ բնակչության եկամուտները, ինչը պայմանավորված է ռուսական ռուբլու շարունակվող արժեզրկմամբ: Ավելին՝ ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին, Ամանորի մոտեցող տոներով պայմանավորված, գնաճը Հայաստանում շարունակվելու է: Այսինքն, եթե, ինչպես փորձագետներն են կանխատեսում, ռուբլու արժեզրկումը շարունակվի, ապա Հայաստանի բնակչության մի զգալի մասը լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու: Հայտնի փաստ է, որ արտասահմանից եկող տրանսֆերտների ամենամեծ չափաբաժինը հենց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին է իրականցվում: Այդ գումարների զգալի մասն էլ գալիս է հենց Ռուսաստանից:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Երեկ լրացավ «Սասուն» ջոկատի լեգենդար հրամանատար Սասուն Միքայելյանի ծննդյան 57-րդ տարեդարձը: «Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորում է Սասուն Միքայելյանին եւ մաղթում քաջառողջություն, համբերություն եւ հաջողություն բոլոր նախաձեռնություններում:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան երեկ Երեւանում փոխըմբռնման երկկողմանի հուշագրեր են ստորագրել դեղերի, բժշկական սարքավորումների եւ կենսաակտիվ հավելումների շրջանառության, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաեւ՝ առողջապահական համակարգերի միջեւ տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության եւ հեռաբժշկության ոլորտներում համագործակցության մասին:

 

ՈՎ Է ԵՂԵԼ ՂԵԿԻՆ
Հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են այս գործով մեղադրյալները: Ինչպես արդեն «Ժողովուրդը» գրել էր, Նիվա մակնիշի մեքենան հարվածել էր Միցուբիշի մակնիշի մեքենային, ինչից հետո Նիվայի վարորդը հեռացել էր: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Նիվայի ղեկին եղել է Սյունիքի մարզպետի թիկնապահը` Նիկոլայ Աբրահամյանը, որի ծնոտը վթարի հետեւանքով ջարդվել էր, եւ նա տեղափոխվել էր հիվանդանոց: Գորիսում տարածված խոսակցությունների համաձայն, սակայն, իրականում Ն. Աբրահամյանը եղել է ոչ թե ղեկին, այլ մեքենան վարող, Գորիսի մարզպետի որդու` Տիգրանի կողքին:

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեին, որը ՀՀ ԱԳ նախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները։

 

ԻՐԵՆՔ ԷԼ ԳԻՏԵՆ
Որքանո՞վ լեգիտիմ կլինի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն քաղաքական եվ հասարակական կոնսենսուսի բացակայության պարագայում՝ հաշվի առնելով, որ Վենետիկի հանձնաժողովը կարեւորել է դա: Պատասխանելով 168.am-ի այս հարցին՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանն ասել է. «Երկրի հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը: Սակայն նույնիսկ այդ պարագայում, հաշվի առնելով բարեփոխումների որոշ հիմնադրույթների քաղաքական ընդգծված ուղղվածությունը, հատկապես կառավարման խորհրդարանական ձեւի առնչությամբ, մասնագիտական հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ կոնկրետ այդ խնդրին վերաբերող հիմնադրույթը կարող է կյանքի կոչվել բացառապես քաղաքական փոխհամաձայնության պարագայում»:

 

ԱՐԴԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
Եվրամիությունը չի բացառում, որ Հայաստանի հետ նոր համաձայնագիր կստորագրի մոտ ապագայում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Երեկ այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ընդգծելով, որ այդ հարցի շուրջ այժմ կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում:

 

ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում երեկ բացվել է լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանը: Նկատենք, որ այն կոնստրուկտորի առաջին արձանն է աշխարհում: Բացմանը մասնակցել է նաեւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:

 




Լրահոս