ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՆՈՐՔԻ ԶԻՆԿՈՄԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի` «Գելի» հորաքրոջ որդու` Նոր Նորքի զինվորական նախկին կոմիսար Ռաֆայել Զախարյանի գործը նոյեմբերի 4-ին ուղարկվել է դատարան: Նախկին զինկոմիսարի գործը կքննի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդանյանը: Ռաֆայել Զախարյանն ի սկզբանե ձերբակալվել էր կաշառք վերցնելու մեղադրանքով, սակայն նախաքննության ընթացքում նրա մեղադրանքը ավելացել է:

Ըստ մեղադրանքի` 2014 թվականի մարտի 17-ին Ռաֆայել Զախարյանն իր աշխատասենյակում Երեւան քաղաքի Ավան 7 փող. 45 տան բնակիչ Գագիկ Վարդանյանից որդու՝ Ալբերտ Վարդանյանի առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է 4 հազար դոլար կաշառք:
Նախկին զինկոմը ի պաշտոնե հանդիսացել է տեղական զորակոչային հանձնաժողովի նախագահը, նրան է տրված եղել նույն զինկոմիսարիատում հաշվառված եւ առողջական վիճակի բերումով տարկետման մեջ գտնվող զորակոչիկներին մինչեւ տարկետման ժամկետի ավարտն այլ ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերելու դեպքում կրկին համապատասխան բուժհիմնարկ ուղեգիր տալու լիազորությունը:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ մարտի 19-ին զինվորական կոմիսարի պահանջը կատարվել է, եւ Գագիկ Վարդանյանից իր աշխատասենյակում ստացել է 3 հազար 9 հարյուր դոլար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Պարզվում է, սակայն, գնդապետ Ռաֆայել Զախարյանի մեղադրանքին եւս մեկ` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածն է ավելացել՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել եւ պահելը: Ըստ մեղադրանքի՝ գնդապետն իր «Տոյոտա Պրադո» 22 SO 111 պետհամարանիշի ավտոմեքենայի պահախցիկում պահել է 24 հատ «ՊՄ» եւ «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտ: Քրգործի նյութերի համաձայն՝ նախաքննության ընթացքում այդպես էլ չի պարզվել, թե այդ փամփուշտները Զախարյանը որտեղից է ձեռք բերել:
Նշենք, որ գնդապետ Ռաֆայել Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ «Գելի» հորաքրոջ որդին է:
Հիշեցնենք, որ երբ նրան պաշտոնանկ արեցին, լուրեր տարածվեցին, որ նրա պաշտոնավարման ժամանակ ոստիկանության զորքերից զենք-զինամթերք էր անօրինական եւ գաղտնի վաճառվել:

Զինվորական կոմիսարը միակ մեղադրյալ
Դեռեւս մարտի 19-ին, երբ տարածվեց զինվորական կոմիսար Ռաֆայել Զախարյանին ձերբակալելու մասին պաշտոնական հաղորդագրությունը, նշվում էր, որ զինկոմի հետ միասին ձերբակալվել է նաեւ Նոր Նորքի զինվորան կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Հովհաննիսյանը: «Ժողովուրդ»-ը սեպտեմբերի 5-ին գրել էր, որ նրան կալանքից ազատ են արձակել, եւ նրա դեմ հարուցված քրեական գործը շուտով կկարճվի` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հատկանիշներով` հանցակազմի բացակայության հիմքով: Դատարան ուղարկված քրեական գործում, պարզվում է, մեկ ամբաստանյալ կա` Ռաֆայել Զախարյանը, իսկ նրա նախկին ենթական այս գործով այլեւս չի մեղադրվում:

 

 
ԳՅՈՒՄՐԻԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ» ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` «Զապի» կալանավորմանը, խորհուրդ տվեց հեռու մնալ այդպիսի բաներից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, բավականին մոտ հարաբերությունների մեջ են Անդրանիկ Սողոյանի հետ: Ավելին՝ ըստ գյումրեցիների՝ տարիներ առաջ Վարդան Ղուկասյանը «երթուղային գիծ է տվել» Անդրանիկ Սողոյանին:
-Պարո՛ն Ղուկասյան, ինչպես եք վերաբերում Անդրանիկ Սողոյանի կալանավորմանը:
-Ով է Անդրանիկ Սողոյանը:
-Գյումրեցի օրենքով գող «Զապ»-ը, Դուք չե՞ք ճանաչում նրան:
-Ինձ այդ հարցերը մի՛ տվեք, ես այդ հարցերին չեմ պատասխանում:
-Ինչո՞ւ, ճիշտ չէ՞, կամ արգելված է՞ «օրենքով գողերի» մասին խոսելը: Ըստ գյումրեցիների՝ Դուք եւ Ձեր որդին իր հետ շատ մտերիմ հարաբերություների մեջ եք:
-է՛, խելք հավաքե՛ք, գարուն է, (շփոթմունք չկա. Ղուկասյանի կարծիքով՝ դրսում այժմ գարուն է,- խմբ.) ախր դա ձեր ինչ գործն է, այդպիսի բաներից հեռու մնացե՛ք, դա ձեր ինչ խելքի բանն է: Մեկն այդ մարդուն է սիրում, մեկը պովրություն է սիրում, մեկը միլիցություն, ախր դա քեզ ինչ: Ամեն մարդ իր ճանապարհը գտել է: Հիմա այդ մարդը այդ ճանապարհով է գնում, թող կանաչ ճանապարհ լինի, մեկը բաքսյոր է, թող բաքսյոր լինի, հիմա ձեր ինչ գործն է, կամ իմ ինչ գործն է: Ինչքան գյումրեցի կա, ես իրենց ցավը տանեմ բոլոր ոլորտներում: Հաջողությո՛ւն ձեզ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Խորենացի փողոցում ձերբակալեցին «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին կամ նույն ինքը՝ «Զապ»-ին: Նոյեմբերի 1-ից Անդրանիկ Սողոյանը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: 2013թ. փետրվարի 28-ին Չեխիայի Հանրապետության դատարանը Անդրանիկ Սողոյանին հեռակա դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Նրան մեղադրում են սպանութուն եւ շորթում («ռեկետ») կատարելու մեջ: 2014-ի հոկտեմբերի 20-ին նրա նկատմամբ տրվել էր եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ԵՂԲՈՐ ԴԵՄ
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը` Ռուբեն Մկրտումյանը, եղբոր մասին սկանդալային հայտարարություններ է անում ոչ թե ներանձնային խնդիրներից ելնելով, այլ արդարության կայացման ակնկալիք ունենալուց դրդված: Այսպես բացատրեց Ռուբեն Մկրտումյանը եղբոր մասին աղմկալի հայտարարություններով հանդես գալու հանգամանքը:
«Եղբորս մեծամտությունը, ամբարտավանությունը, արհամարհական վերաբերմունքը շրջապատի, հատկապես հարազատների հանդեպ, եւ ամենակարեւորը` փողի, շարժական եւ անշարժ գույքի նկատմամբ անսահման սերը եւ, ընդհանրապես, նրա էությունը, բնավորությունը, ինքը ճանաչում է այնքան լավ, որքան ոչ ոք: 1999 թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների նախագահի պաշտոնում իր նշանակումից մեկ տարի էլ չանցած, Երեւանի Թումանյան փողոցի թիվ 32 տանը բնակվող Մկրտումյանը գնել է հարեւան բնակարանը: 2000 թ. միավորել է բնակարանները եւ 150 քմ տարածքով կառուցել երկրորդ հարկ: 2007 թվականին Սարյան փողոցի թիվ 19/20 հասցեում գտնվող նորակառույց շենքում գնել է եւս մեկ երկհարկանի բնակարան` 240 քմ տարածքով: 2009 թ. Թումանյան փողոցում եւս մեկ բնակարան է ձեռք բերել: 2011 թվականին Ձորաղբյուր գյուղում ձեռք է բերել 5.000 քմ տարածք, որի վրա կառուցել է երկհարկանի տուն: Հարգելի՛ պարոն նախագահ, ես չէի ցանկանա կենտրոնանալ ՎԴ նախագահի ֆինանսական խախտումների վրա, որպեսզի չթվա, թե զրպարտում եմ եղբորս, սակայն փողերի վրա, որոնցով նա ձեռք է բերել այդ ամենը, տեսնում եմ կոռուպցիայի հետքեր»,- ահա այսպիսի բովանդակությամբ բաց նամակը` ուղղված Սերժ Սարգսյանին եւ միջազգային մի քանի կառույցների, ընթերցեց Վճռաբեկ դատարանի նախագահի եղբայրը:
Վերջինս վստահեցրեց, որ իր դիմումը նախանձի դրսեւորում չէ «հարազատ» եղբոր հանդեպ, իսկ աշխատանքը թողել է, քանի որ եղբոր հետ կապն իրեն վարկաբեկել է: Ռուբեն Մկրտումյանն անդրադարձավ նաեւ հոր` Յուրի Մկրտումյանի` 2009 թվականի դիմումին, որում նա նշում էր, թե որդին անառակ է, ապերախտ եւ անբարոյական: «Չանցած երկու օր, ՎԴ նախագահը հայտարարեց, որ այդ դիմումն այլեւս իրեն չի անհանգստացնում, քանզի լուծել է խնդիրը` բոլորին ներկայացնելով, թե հայրը խելագար է: ՎԴ նախագահի անպատժելիությունը հանգեցրեց անպատասխանատվության, իսկ որոշ դատավորների` լկտիության: Ինչպես, օրինակ՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի պարագայում, ով դատական քննության ժամանակ «խուժան» անվանեց հայցվորին` «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանին, եւ, չնայած դատավորի էթիկայի կոպիտ խախտմանը, մնաց անպատիժ»,-բաց նամակի ընթերցանությունը շարունակեց ՎԴ նախագահի իրավաբան եղբայրը:
Հարցին` ինչպես ստացվեց, որ մի ընտանիքում այդքան իրարից տարբեր երեխաներ ծնվեցին, Ռուբեն Մկրտումյանը պատասխանեց. «Հորս հարցրեք: Հնարավոր է` մենք դիմագծերով նման ենք, դա էլ գեների փոխանցումով է եղել: Մենք շատ տարբեր մարդիկ ենք: Ու արդեն երկար ժամանակ է` բացարձակապես չենք շփվում»,-ասաց Ռուբեն Մկրտումյանը:

 

 




Լրահոս