ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԽՈՇՈՐ ՊԱՐՏՔԵՐ Է ԿՈՒՏԱԿԵԼ
Հրազդանի ցեմենտի գործարանը` «Միկա Ցեմենտը», դարձյալ անելանելի վիճակում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ավելի քան տասն օր է, ինչ գործարանը չի աշխատում: Պատճառն այն է, որ գործարանի գազամատակարարումն անջատված է: Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գործարանի աշխատակիցները մի քանի ամսվա աշխատավարձ չեն ստացել, իսկ գործարանի տնօրինությունը նրանց առաջարկել է ցեմենտ աշխատավարձի փոխարեն: Սակայն երեկ էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գործարանի տնօրինությունը չի մարել ոչ միայն աշխատակիցների աշխատավարձերը, այլեւ սպառած գազի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի եւ այլ կոմունալ վարձավճարները:
Հիշեցնենք, որ ցեմենտի գործարանը 2013թ. սնանկ ճանաչվելուց հետո գրավադրվել էր, այնուհետեւ անցել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի կառավարմանը՝ վերանվանվելով «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ: Այդ ամենից հետո գործարանը ցանկացել էր գնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, թեեւ նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե գնողն ինքը չէ, այլ իր մոսկվաբնակ ընկերները, ովքեր մեծ ցանկություն են հայտնել աշխատեցնել գործարանը, իսկ ինքն էլ ընդամենը նրանց օգնում է գործարանի գնման եւ փաստաթղթերի կարգավորման հարցում: Երեկ «Ժողովուրդ»-ը Մելքոնյանից հետաքրքրվեց՝ իր ընկերներն ինչո՞ւ չեն գնել գործարանը: Նա մեր այս հարցին կարճ պատասխանեց. «Ես չգիտեմ, իրենք արդեն գնացել են, չեն գնել գործարանը: Հավանաբար չի ստացվել»:
Մոտ օրերս «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Հրազդանի ցեմենտ»-ի գործարանի աշխատակիցները մի քանի ամսվա աշխատավարձ չեն ստացել, իսկ գործարանն էլ տեւական ժամանակ է, ինչ չի աշխատում: Երեկ գործարանի տնօրինությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ գործարանի աշխատանքն ամեն տարի այս ժամանակահատվածում դադարեցվում է պլանային տեխնիկական աշխատանքների իրականացման նպատակով: «Գործարանը սովորականի պես կվերագործարկվի 2015 թվականի փետրվարին` Հայաստանում շինարարական սեզոնի մեկնարկից առաջ: Աշխատակիցների հանդեպ ունեցած աշխատավարձային պարտավորությունների հիմնական մասը վճարված է, մյուս մասը կվճարվի մինչ սույն թվականի վերջը, պլանային աշխատանքների ժամանակահատվածում աշխատակիցները կստանան աշխատավարձ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան»,-նշված է հայտարարության մեջ:
Սակայն, չնայած գործարանի տնօրինության այս հայտարարությանը, այնուամենայնիվ, աշխատակիցները հակառակն են պնդում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից մի քանիսը վրդոված հայտարարեցին, որ գործարանի տնօրինությունը դեռ մի քանի ամսվա աշխատավարձ է պարտք: Ավելին՝ նրանց պատմելով՝ գործարանի տնօրինությունը վաճառել է ցեմենտը, բայց դրանով այլ պարտքեր է մարել: «Մարդիկ կան, ովքեր դեռ մայիս ամսվանից մինչ օրս աշխատավարձ չեն ստացել: Իրենք դա պատճառաբանում են նրանով, որ գործարանը վերագործարկելուց հետո խոշոր չափի պարտքեր են կուտակվել: Իսկ արտադրանքը վաճառելու դեպքում տնօրինությունը դրանով կարողանում է միայն այդ պարտքերը մարել»,-զայրացած ներկայացրին աշխատակիցները:
Բացի աշխատավարձերի պարտքերից՝ գործարանը չի վճարել նաեւ սպառած գազի, էլեկտրաէներգիայի վարձավճարները: Արդյունքում՝ «Գազպրոմ-Արմենիա»-ն գործարանի տնօրինությանը զգուշացրել է այն մասին, որ պարտքը չվճարելու դեպքում կանջատվի գործարանի գազամատակարարումը: Աշխատակիցների պատմելով՝ գազն արդեն իսկ անջատվել է, ինչի արդյունքում գործարանը դադարեցրել է իր աշխատանքը: Բացի այս՝ գործարանի տնօրինությունը չի վճարել նաեւ հեռախոսավարձը: Իսկ երբ աշխատակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում, տնօրինությունը հայտարարում է, որ գործարանի հաշիվները կալանքի տակ են դրված:
Վերջին տեղեկությունը «Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց ճշտել, քանի որ գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Նշենք, որ տարվա մեջ մի քանի անգամ փորձ է արվում այս գործարանը վերագործարկել, սակայն ապարդյուն: Տարօրինակ է նաեւ այն, որ սեփականատերերի փոփոխության արդյունքում էլ ոչինչ չի փոխվում, եւ գործարանը ոչ մի կերպ չի կարողանում ոտքի կանգնել: Շատերի կարծիքով գործարանի ներկայիս վիճակը կապված է Հայաստանում շինարարության անկման հետ:
Այսօր գործարանն ունի արտադրանքն իրացնելու խնդիր: Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի առիթով ծավալված հսկայական շինարարության համար անհրաժեշտ ցեմենտի մի մասը հնարավոր էր` մատակարարեր Հրազդանի ցեմենտի գործարանը: Սակայն այս ծրագիրն էլ չիրականացվեց, եւ մինչ օրս գործարանի արտադրանքի արտահանման հարցը շարունակում է օդում կախված մնալ: Իսկ թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այս գործարանի համար ինչ հեռանկարներ կբացի, դեռեւս հայտնի չէ: Հնարավոր է, որ հետագայում Հայաստանը կարողանա ցեմենտ արտահանել: Քանի որ ներքին շուկայում այս արտադրանքը իրացման լրջագույն խնդիր ունի:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում կա ցեմենտ արտադրող երկու խոշոր գործարան, առաջինը Հրազդանի ցեմենտի գործարանն է, իսկ երկրորդը՝ Արարատինը, որը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Զարմանալի է, որ ի տարբերություն «Միկացեմենտի», Արարատի գործարանն անխափան աշխատում է: Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է լինում, որ մեկի մոտ դա ստացվում է, իսկ մյուսի մոտ՝ ոչ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ
Երեկ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Նա առաջարկում է, որ յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո բոլոր պատգամավորները հանդես գան հաշվետվությամբ եւ ներկայացնեն, թե ի՞նչ գործունեություն են ծավալել այդ նստաշրջանի ընթացքում:
Պատգամավորի դիտարկմամբ` սույն օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց, թափանցիկ եւ հաշվետվողական դարձնելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները: «Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ընտրված պաշտոնյա՝ իր գործունեության հինգ տարիների ընթացքում որեւէ ձեւով պատգամավորը հաշվետու չի լինում իր ընտրողների առջեւ: Հաշվետու լինելու ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա շահագրգռել պատգամավորին աշխատել, խթանել մրցակցությունը պատգամավորների միջեւ»,-որպես հիմնավորում ներկայացրել է Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս նշել է նաեւ, որ նման մոտեցումը հնարավորություն կստեղծի, որպեսզի պատգամավորը շահագրգիռ լինի ցուցաբերելու ակտիվություն, որովհետեւ իր պատգամավորական գործունեության ընթացքում ցուցաբերած ակտիվությունից է մեծապես կախված լինելու նրա վերընտրվելու հավանականությունը:
Զարուհի Փոստանջյանի այս նախաձեռնությանը պատգամավորներից միայն 4-ը կողմ քվեարկեց, իսկ 6 պատգամավոր դեմ քվեարկեց:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց` բնական է, որ նման կերպ են արձագանքել իր առաջարկած լրացումներին: «Ցանկալի չէ, որ նման պարտականություններ լինեն: Եթե անգամ լինեն էլ, չեմ կարծում, որ այդ մարդիկ փոխվեն եւ գան մասնակցեն, ընդգրկված լինեն պատգամավորական գործունեության մեջ»,-ասաց պատգամավորը՝ հավելելով. «Ինքներդ էլ տեսնում եք, թե ովքեր են գալիս, ովքեր են ելույթ ունենում, բայց կան այնպիսի պատգամավորներ, ովքեր մի ձայն անգամ չեն հանել ԱԺ-ում, մինչդեռ Ազգային ժողովը մտքերի փոխանակման կենտրոն է, դրա համար էլ հիմնադրվել է այս կառույցը: Մեր հանրությունը, մեր հարկատուները դրա համար հսկայական գումարներ են տալիս, մենք հենց այնպես չենք այս ինստիտուտը ստեղծել»,-եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ