Հայաստանում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացը թեպետ Սերժ Սարգսյանի կողմից առայժմ վերջնական հանգրվանի չի հասցվել, այդուհանդերձ, հաջորդ տարում խոստանում է անշրջելի իրողություն դառնալ: Այսօրվանից «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է գալիս «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» փաստաթղթի քննարկման նախաձեռնությամբ՝ մանրամասնորեն անդրադառնալով նրանում առկա բոլոր կարեւորագույն դրույթներին: Հընթացս կփորձենք «Հայեցակարգում» ներառված հիմնախնդիրները քննարկել տիպիկ օրինակներով՝ կենտրոնանալով ներհայաստանյան ամենացցուն իրադարձությունների վրա, ինչպես նաեւ՝ ներկայացնել միջազգային փորձը՝ հատկապես արեւմտաեվրոպական երկրների սահմանադրական համապատասխան նորմերի համեմատականությամբ:
Հատկանշական է, որ 1995թ. Սահամանդրության ընդունումը եւ ապա 2005 թ. սահմանադրական փոփոխությունները հստակորեն վայելում էին միջազգային շրջանակների աջակցությունը, իսկ Հայաստանի քաղաքական վերնախավն այդ հարցում կարծես տարակույս չուներ:
Մինչդեռ այսօր իրավիճակը միանշանակ այլ է, քանզի Սահմանադրության փոփոխման հանդեպ ընդդիմադիր կեցվածք որդեգրած ուժերը վճռականորեն խոստանում են տապալել այդ գործընթացը: Անշուշտ, առաջիկայում կպարզվի՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանին կհաջողվի փոխել Հայաստանի կառավարման համակարգը, թե՞ ընդդիմությունը կկարողանա իրականացնել սահմանադրական փոփոխությունների կանխման եւ իշխանափոխության իր խոստումները: Մինչ այդ, սակայն, հարկ է անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի» կողմից մշակված եւ հանրության դատին հանձնված «Հայեցակարգում» առկա մտքերին ու առաջարկներին: Ըստ էության, սույն փաստաթուղթը լինելու է նոր՝ առաջարկվող Սահմանադրության նախագծի հիմնասյունը: Ենթադրելի է, որ հրապարակված «Հայեցակարգում» տեղ գտած դրույթները պարզապես որոշ շտկումներից հետո կրելու են իմպերատիվ բնույթ եւ վերածվելու են Սահմանադրության համապատասխան հոդվածների:
Ընդհանրականորեն գնահատելով «Հայեցակարգը»՝ հարկ ենք համարում նկատել, որ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հանձնաժողովի ներկայացրած այս փաստաթղթից այնպիսի տպավորություն է առաջանում, որ Հայաստանում այսօր Սահմանդրություն գոյություն չունի: Բավական է նկատել, որ այս փոփոխությունների առաջին հիմնավորումներից մեկն այն է, որ նոր սահմանադրությունը լինելու է «մարդակենտրոն»: Իրականում սահմանադրություն երեւույթը ներմուծվել է մարդկային գործունեության արդյունքում, եւ մարդն է մշտապես ընկալվել որպես դրա կենտրոնական հանգույց: Արդ, «մարդակենտրոնության» պնդումը «իշխանակենտրոնություն» եզրույթին հակադրելով՝ «Հայեցակարգը» բնավ չի կարողանում արժանի հիմնավորումներ ներկայացնել միայն ու միայն այն պատճառով, որ այդպիսի խաչաձեւումն ինքնին սխալ է: Ի վերջո, չէ որ իշխանությունը ներկայացնում է ոչ թե կենդանիների կամ այլմոլորակային արարածների, այլ հենց մարդկանց խումբ: Ուստի իշխանության եւ սովորական քաղաքացու այդօրինակ հակադրությունը թույլ է տալիս խոսել իշխանության ու քաղաքացիների միջեւ առաջացած լայն ճեղքի մասին:
«Հայեցակարգի» շրջանակներում կարեւորագույն տեղ է գրավում «Ներածությունը», որտեղ հեղինակները փորձում են հիմնավորել փոփոխությունների անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարելով սահմանադրական նախորդ փորձառնություններին՝ փաստաթուղթը արձանագրում է, որ 2005թ. սահմանադրական փոփոխությունները եղել են հիմնավոր եւ առաջադրել են մի շարք հրատապ հիմնահարցերի համար հարիր լուծումներ, ինչպես օրինակ՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, դատական իշխանության եւ այլ ինստիտուտների առնչությամբ: «Հայեցակարգը» պնդում է, որ ներկայումս հնարավոր չէ արձանագրել, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր հիմքերի վրա է, մարդու իրավունքները պաշտպանված են, կառավարման համակարգն արդյունավետ է, իսկ դատարաններն անկախ են ու անաչառ:
Ավելին՝ Հայաստանում պետաիշխանական լիազորություններով օժտված մարմինների սահմանադրական գործառույթներն ու իրավասությունը ներդաշնակ չեն, եւ իշխանության սահմանափակման իրական նախադրյալներ չկան: «Հայեցակարգի» հեղինակները, սակայն, սրանում մեղավոր են տեսնում ոչ թե քաղաքական կամքի բացակայության եւ ապօրինության պարագան, այլ լոկ ներկայիս Սահմանադրությունը: Նկատելի է, որ այսօր գործող Սահմանադրությունը ոչ մի հարցում չի խրախուսում իշխանության անսահմանափակ դիրքը: Վերջիվերջո, Սահմանադրությունն իր առանձին հոդվածներով հստակորեն մատնանշում է պետական մարմինների փոխհարաբերությունների սահմանագիծը, որից հետո նաեւ օրենքներով կարգաբերվում են դրանց խախտման պատժամիջոցները: Ուստի, եթե որեւէ պաշտոնյա դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից, ապա դրա մեղավորը Սահմանադրությունը չի կարող լինել:
Հատկանշական է նաեւ «Հայեցակարգի» հաջորդ պնդումը, ըստ որի՝ պետաիշխանական մարմինների կողմից իրականացվող գործունեության շրջանակներում առկա են սուբյեկտիվիզմի եւ կամայականության դրսեւորումներ: Այստեղ եւս հիմնական մեղքը վերագրվում է գործող Սահմանադրությանը, մինչդեռ հնարավոր չէ պնդել, թե ներկայիս Սահմանադրությունը կոչ է անում կամ նույնիսկ պարտավորեցնում է պաշտոնյաներին կամայականություններ գործել: Վերջերս ՀՀ Կառավարության որոշմամբ Սյունիքում նոր մարզպետ նշանակվեց, ով հաջորդ օրն արդեն այցելեց իր աշխատավայր ու անցավ իր պարտականությունների կատարմանը:
ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ մարզպետին նշանակի ՀՀ Կառավարությունը, սակայն դա պետք է հաստատվի Նախագահի ստորագրությամբ: Տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը գտնվում էր ԱՄՆ-ում, ուստի չէր կարող մարզպետի նշանակման փաստաթուղթ ստորագրել: Արդյունքում՝ ՀՀ Սահմանադրությունը խախտվեց ՀՀ Կառավարության կամ իր նշանակման վերահաստատմանը սպասող մարզպետի կողմից: Թեպետ կոնկրետ այս կամայականությունը հստակորեն արգելվում է գործող Սահմանադրությամբ, այդուհանդերձ, որոշ պաշտոնյաների համար դա խոչընդոտ չհանդիսացավ: Արդ, այդ ի՞նչ կախարդական հնարքներ են գործարկվելու նոր սահմանադրությամբ, որ կանխվեն նմանօրինակ կամայականություններն ու ապօրինությունները:
Նժդեհ Հովսեփյան
Լուսանկարը` Iravaban.net-ի