67 ամյա Օֆիկ Պետրոսյանի ընտանիքը խիստ կարիքի մեջ է: Թոշակառու կինն իր՝ 7 հոգուց բաղկացած ընտանիքով բնակվում է Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղում: Հուսահատված կինը մեզ է դիմել՝ ներկայացնելով ընտանիքի տխուր վիճակը: Ինչպես տիկին Օֆիկն է ասում՝ այն տեսնել է պետք, բառերով նկարագրելն այնքան էլ տպավորիչ չէ:
Օֆիկ Պետրոսյանը տառապում է քաղցկեղով, այս պահին քիմիոթերապիա է անցնում: Նրա թոշակն ու ընտանեկան նպաստն ամբողջությամբ ծախսվում է դեղերի վրա: Սակայն հիվանդ կնոջ հիմնական մտահոգությունը 4 անչափահաս թոռներն են, հաշմանդամ որդին եւ հիվանդ հարսը: Երեխաների հայրը՝ Օֆիկի որդին, հիվանդանոցում է, անաշխատունակ: Հարսը տանն է պառկած, երկար ժամանակ է՝ բուժվում է մի շարք հիվանդությունների դեմ, սակայն նկատելի արդյունք չկա:
Տատիկը մեզ ցույց տվեց դատարկ սառնարանը՝ ասելով, որ օրվա մեջ գոնե մեկ անգամ երեխաներին նորմալ կերպով սնել չի կարողանում: 4 տարեկան թոռնուհին եւ 3 տարեկան թոռը մանկապարտեզ են հաճախում, ինչն ընտանիքի հոգսը որոշակի թեթեւացնում է: Առավել դժվար է 9 եւ 11 տարեկան դպրոցահասակ աղջիկների հարցը, որոնց ծախսն ընտանիքի համար դժվար է: Ի դեպ, ուսուցիչների գնահատմամբ աղջիկները շատ համեստ են ու խելոք: Մեզ հետ զրույցում փոքրիկները, ինչպես բոլոր երեխաները, համեղ բաներ խնդրեցին՝ կոնֆետներ, քաղցրավենիք…, իսկ ավելի մեծերը՝ տաք հագուստներ եւ հիգիենայի պարագաներ:
Այս ընտանիքի միակ մխիթարությունը թերեւս այն է, որ բնակարանը գոնե իրենցն է, հակառակ դեպքում, ինչպես տանտիրուհին ասաց, ամեն ինչ վաղուց կորած էր:
Արեւիկ Հակոբյան