Այս տարի Շիրակի մարզում շուրջ 12.000 հա ցանքատարածություն կարկտահարվեց, որից միայն 11.000-ը հացահատիկի դաշտեր էին: Նաեւ դրա արդյունքում նախորդ տարվա համեմատ այս տարի բերքի նվազ ցուցանիշ է գրանցվել: Անցյալ տարի Շիրակի մարզում հացահատիկի բերքը կազմել էր 130.000 տոննա, այս տարի այն 120.000-ը չի գերազանցում: Նույնքան ցածր է նաեւ կարտոֆիլի բերքատվությունը: Եթե նախորդ տարի միայն Շիրակի մարզում 11.000 տոննա կարտոֆիլ էր հավաքվել, ապա այս տարի, չնայած ցանքատարածությունների ավելացմանը, բերքի քանակը գրեթե նույնն է մնացել:
Գյուղացիների խոսքերով՝ աղետալի է վիճակը կաղամբի դաշտերում, որտեղ կարկտահարությունից հետո ընդամենը բերքի 50 տոկոսն է պահպանվել: Բացի այդ՝ փոքր են կաղամբի չափսերը. նախկինում ամենափոքրը 2-3 կգ էր, հիմա դրանք կշռում են 300-400 գրամ: Վերավաճառողներն այսօր կաղամբը դաշտից գնում են կիլոգրամը 50-60 դրամով, վաճառում 90-100 դրամով:
Ներկայումս գյուղացիները կանգնել են ապրանքն իրացնելու լուրջ խնդրի առաջ: Էժան վաճառել ափսոսում են, պահելու դեպքում բերքն է փչանում: Մեզ հետ զրույցում կարկտահարված համայնքների գյուղացիներն ասացին, որ այդպես էլ պետական ոչ մի աջակցություն չեղավ: Հիշեցրին իրենց կողմից ճանապարհ փակելը, երբ գյուղնախարարը շտապեց հանգստացնել գյուղացիներին, թե փոխհատուցում հաստատ կլինի, սակայն, փաստորեն, խաբեց: Գյուղացիները նաեւ նշեցին, որ դրանից հետո բերել, պարարտանյութ են բաժանել, սակայն հետո գումարը ստիպողաբար հավաքել են:
Անդրադառնալով փոխհատուցմանը՝ հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Շիրակի մարզպետարանի գյուղվարչությունից տեղեկացանք, որ ՌԴ-ից ներկրված ցորենի սերմացուները ճանապարհին են եւ անվճար տրամադրվելու են գյուղացուն, սակայն թե երբ է սերմացուն տեղ հասնելու, դեռեւս անհայտ է:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի