Անասունների գլխաքանակն աճել է, բայց կաթի ընդունման կետ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի տարի առաջ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տարբեր ծրագրերով գործարկվեցին կաթի ընդունման կետեր: 2010թ. սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ստեղծվեց «Վարդաշեն» կաթի սպառողական կոոպերատիվը: Սակայն այն գործեց ընդամենը 15 օր եւ փակվեց, որովհետեւ գյուղացիները չէին ցանկանում էժան գնով կաթ հանձնել:

Տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ կաթի ընդունման կետեր են ստեղծվել Բերդի տարածաշրջանի Նավուր, Վարագավան, Տավուշ, Նորաշեն գյուղերում, սակայն դրանք եւս փակվել են: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Տավուշի մարզում անասնապահությունը զարգացնելու համար, նա նաեւ նշեց, թե անասունների գլխաքանակն աճել է:

Հեռագնա արոտների կառավարման ծրագրով Տավուշի մարզի սարերի արոտավայրեր տանող ճանապարհները նորոգվել են, կառուցվել են անասունների խմելու ջրի ավազաններ, արոտավայրերը ջրարբիացվել են: Մարզպետը նշեց, որ Տավուշում դեռեւս կաթնամթերքի շուկան ձեւավորված չէ: Կաթ ընդունող եւ վերամշակող մասնավոր ընկերությունների առաջարկած ընդունման գինը գյուղացիներին ձեռնտու չէ: Այս տարվա ամռանը «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամն Իջեւանի սարերում կաթի սառնարաններ է տեղադրել եւ գյուղացիներից լիտրը 150 դրամով կաթ ընդունել:

«ՀիմաՏավուշը» նախատեսում է Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում կաթի ընդունման կետ բացել: Իսկ սահմանամերձ Բերդի տարածաշրջանում ընդհանրապես կաթի ընդունում չի կատարվում:




Լրահոս