Հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում անհայտ անձը կամ անձինք վնասել էին Վահագն Վիշապաքաղի արձանը: Այս կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հոկտեմբերի 28-ին գրություն էր ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին: Ի պատասխան այդ գրության՝ Կ. Հակոբյանը հայտնել է. «Համաձայն «Պատմամշակութային հուշարձանների արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության մասնաճյուղից ստացված գրության՝ Իջեւան քաղաքի Վասիլյան եւ Անկախության փողոցների խաչմերուկում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը պահպանվում է պետության կողմից, հուշարձանին էական վնաս չի պատճառվել:
Իսկ ինչ վերաբերում է նշված քանդակի հեղինակ Արմեն Դավթյանի գրությանը, որ քանդակի վերականգնման համար հարկավոր է 100.000 դրամի ներդրում, ապա հայտնվում է, որ ոստիկանության Իջեւանի բաժինը ներդրում չի կարող կատարել, այդ հարցով դիմեք ներդրումներ կատարելու իրավասություն ունեցող կազմակերպություններին»: Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ծառայության աշխատակիցները վնասված հուշարձանի լուսանկարներ են արել, որոնցից առավել քան տեսանելի է քանդակին հասցված վնասի չափը:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հոկտեմբերի 25-ին դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ քաղաքի Անկախության փողոցում տույայի ջարդված ծառ են հայտնաբերել: Դրանից առաջ անհայտ չարագործներն Իջեւանում տույայի եւս 2 ծառ են ջարդել: Քաղաքապետի վկայությամբ՝ քաղաքապետարանը 2 տարի առաջ հատը 80-90 հազար դրամով տույայի 12 ծառ է գնել եւ դրանք տնկել Իջեւանում:
Քաղաքային զբոսայգում տեղադրված, խորհրդային տարիներին Իջեւանում քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ արարված քանդակների մի մասը նորոգվելուց հետո տեղափոխվել է Աղստեւի առափնյա փողոց: Դրանք լուսավորվում էին գիշերային լուսավորության լամպերով: Քաղաքապետ Վարդան Ղալումյանի խոսքերով՝ քանդակների գիշերային լուսավորության լամպերից 6-ը անհայտ չարագործների կողմից ջարդվել են: Դրանք ջարդողները եւս հայտնաբերված չեն: Ոստիկանության Իջեւանի բաժինն իրավասու չէ վնասված արձանի, ծառերի, լամպերի վերականգնման համար դրամական ներդրում անել, սակայն կոչված է բացահայտելու այդ հանցագործությունները կատարողներին: Այլապես ի՞նչ է նշանակում «պահպանվում է պետության կողմից» արտահայտությունը:
Ոսկան Սարգսյան