ՍՏՈՐԱԴԱՍՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետընտրական այս օրերին կոալիցիայի շուրջ ինտրիգը մի տեսակ ստվերեց այն  խայտառակ երեւույթը, որը տեղի է ունենում ԱԺ անցած կուսակցությունների ներսում:  Խոսքը մանդատների բաժանման մասին է: Այս օրերին մենք տեսնում ենք, որ այս կամ այն կուսակցությունում  ամիսներ շարունակ հաղթանակի համար պայքարած  գործիչները` ի վերջո ձեռք բերելով այնքան բաղձալի մանդատները,  մեկ էլ վերցնում են ու` ինքնաբացարկ հայտարարում: Ինքնին հասկանալի է, որ դա տեղի է ունենում ամենեւին էլ ոչ վերջիններիս կամքով. նրանց այդ քայլին դրդում են  կուսակցապետերը` յուրաքանչյուրի դեպքում կիրառելով համոզելու  առանձին մեթոդներ: Դեռեւս 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ գրեցինք,  որ նախագահականի հրահանգով, ընտրություններին մասնակցող բոլոր իշխանամետ ուժերի ընտրացուցակների անդամները կանխավ գրել են ինքնաբացարկի դիմումները, ստորագրել ու դրանք հանձնել իրենց կուսակցապետերին: Այդպես էր դա, թե ոչ` դժվար է ասել, սակայն այն, որ կուսակցության ցուցակում անցողիկ տեղ ունենալը դեռեւս բավարար պայման չէ` մանդատ ստանալու համար, արդեն կասկածից դուրս է: Այս իրողությունը  երեւում է ե՛ւ  «Ժառանգության» ներսում ծավալվող քննարկումներից, ե՛ւ ՀՀԿ-ի շարքերի  «զտումից»: Սակայն դա առավել ցայտուն կերպով արտահայտվում է ԲՀԿ-ի դեպքում, որի առաջնորդն այս օրերին կանգնած է  ցուցակի անցողիկ տեղերում հանգրվանած մի քանի առանցքային դեմքերի մանդատազրկման որոշման առջեւ:  Նախընտրական շրջանում իրենց ակտիվությամբ ԲՀԿ-ին ոչ քիչ քվեներ բերած Հմայակ Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը եւ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հնարավոր է եւ` չգնան Ազգային Ժողով: Ու թեեւ կոնկրետ ԲՀԿ դեպքում այդ «զտումները» արվում են  գաղափարական հենքի վրա, եւ ոչ թե այն հիմնավորմամբ, թե այս կամ այն գործիչը «լավ չի աշխատել» կուսակցության համար, միեւնույն է, այս երեւույթը  ամենամեծ կեղծիքն է սեփական ընտրողների հանդեպ: Ի վերջո, այս կամ այն քաղաքական ուժին ընտրելիս մարդիկ հաշվի են առնում, թե ովքեր են ընդգրկված այդ ուժի ցուցակում: Անխտիր բոլոր քաղաքական ուժերը իրենց ընտրողներին ներկայացել են մի կազմով, սակայն ԱԺ են մտնելու ցուցակից էականորեն տարբերվող կազմով:
Ընտրողներին թյուրիմացության մեջ գցելու առումով ոչ պակաս  դատապարտելի էր նաեւ ՀԱԿ-ից դուրս եկած  Արամ Սարգսյանի եւ Աշոտ Զաքարյանի պահվածքը, որոնք  հայտարարեցին, թե իրենք  ընտրություններից առաջ դուրս չեկան, որպեսզի դրանով չթուլացնեին ՀԱԿ-ին ընտրությունների շրջանում: Սակայն այս դեպքում եւս, փաստորեն, անտեսվեցին նրանց ընտրողների շահերը. չէ՞ որ տեսականորեն, զգալի թվով մարդիկ իրենց ձայնը տվել են ՀԱԿ-ին հենց հանուն այդ երկու գործիչների, եւ հիմա, նրանք խաբված են: Այս անգամ եւս հանրային պարտավորությունները ստորադասվեցին քաղաքական պարտավորություններին:




Լրահոս