ԱՄՆ-ն բացահայտել է Քոչարյանի կառավարման ամբողջ «փիլիսոփայությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված փաստաթղթերից հերթականը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը 2008թ. մարտի 10-ին: Սույն զեկուցագրում դիվանագետը գնահատում է երկում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ մատնանշում հնարավոր զարգացումները: Հատկանշական է, որ հեղինակն առանձին-առանձին վերլուծում է իրադարձությունների մի քանի հնարավոր սցենարներ: Ուշագրավ են ամերիկացի պաշտոնյայի գնահատականները Սերժ Սարգսյանի գործողություններին, ինչպես նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած իշխանության մասին: Փաստաթղթում ամփոփված են նաեւ դիվանագետի՝ ԱՄՆ բարձրագույն իշխանություններին ուղղված առաջարկները Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններ հաստատելու կապակցությամբ:

Փաստաթղթի հեղինակի կարծիքով` իրադարձությունների զարգացման հավանական սցենարներից մեկը կլինի այն, որ Հայաստանում կհաստատվի երկարատեւ փակուղի՝ ուղեկցվելով անկայունության եւ բռնաճնշումների գործողություններով: Հեղինակը հայտնում է իր կարծիքն առ այն, որ սրա հավանականությունը խիստ մեծ է, երբ Սերժ Սարգսյանը, հենվելով ռեժիմի ներսում գտնվող առանցքային տարրերի վրա, կխորացնի հարցերը լուծելու կոշտ մեթոդների կիրառությունը: Դիվանագետը փաստում է, որ Սերժ Սարգսյանը պարզապես թերագնահատել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ հասարակության վստահության չափը, ուժն ու խորությունը: Հեղինակի համոզմամբ՝ շարունակելով նույն գործելակերպը՝ Սարգսյանը փորձելու է տապալել ընդդիմությանն իր ոստիկանության, անվտանգության մարմինների եւ դատախազների օգտագործման միջոցով: Փենինգտոնը հավելում է, որ Սերժ Սարգսյանն իրեն կդնի այն իրավիճակի մեջ, երբ ստիպված պիտի հենվի քաղաքական ճգնաժամի ու անկայունության վրա՝ պահպանելու իր կառավարումը: Արդյունքում՝ նա Հայաստանում այնպիսի բռնապետական իշխանություն կհաստատի, որպիսին չի եղել նույնիսկ խորհրդային ժամանակներում: Փենինգտոնն այստեղ մի փոքր ծայրահեղացրել է, քանզի Սարգսյանի իշխանությունը բռնապետական կառավարման համեմատաբար «փափուկ» տեսակն է: Այսուհանդերձ, Սերժ Սարգսյանը չխորշեց սեփական իշխանությունը պահպանել անկայունության ու բռնաճնշումների կիրառման միջոցով:

Որպես երկրորդ հավանական սցենար Փենինգտոնը համարում է Քոչարյանի վարկածը, որը վերջինս ներկայացրել էր նույն օրերին Մ.Բրայզայի հետ հանդիպման ժամանակ: Հեղինակը նկատում է, որ եթե Քոչարյանը ճիշտ դուրս գա, ապա ժողովրդական ըմբոստությունը կհաղթահարվի, իսկ երկիրը կվերադառնա ստոյկիզմի ճիրաններին՝ ցավի ու դժվարության դիմադրությանը, առանց զգացմունքների ու բողոքի դրսեւորումների: Քոչարյանը նշել է, որ ընդդիմության կողմնակիցներին բանտերում պահելը նպաստելու է ցույցերի զսպմանը, որի հետեւանքով հասարակությունը կվերադառնա իր նախկին դիրքին: Քոչարյանի կառավարման տարիները նկատի ունենալով՝ դիվանագետը շեշտում է, որ այս դեպքում իրավիճակը կվերադառնա կիսաավտորիտարիզմին, երբ էլեկտրոնային լրատվամիջոցները մնում են ռեժիմի սպասարկուների լիակատար վերահսկողության ներքո, եւ բոլորը կվերհիշեն սահմանները չանցնելու պարտավորության մասին: Այսպիսի կառավարումը, որը հոգեհարազատ է եղել «քոչարյանական ժամանակներին», Փենինգտոնի կողմից համարվում է փակուղայնության ռեցեպտ, երբ կեղծ ժողովրդավարության եւ արեւմտականության թիկունքում համառորեն խորանում է քաղաքական եւ տնտեսական կոռուպցիան, մինչեւ որ նոր ճգնաժամը չի պայթի: Քոչարյանական կառավարման այս բնութագրական գնահատականով Փենինգտոնը պարզապես բացահայտել է Քոչարյանի կառավարման ամբողջ «փիլիսոփայությունը», որը ճանապարհ է դեպի կեղծիքն ու փակուղին:

Անդրադառնալով ԱՄՆ պաշտոնական մոտեցման ձեւավորման խնդրին՝ հեղինակը նկատում է, որ մոտակա ժամանակում իրենց համար լավագույն մարտավարությունը կլինի ամեն միջոցով Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող ցանկացած անկեղծ ջանքի գործադրմանն աջակցությունը, երբ վերջինս ձգտի ազգային համաձայնություն ստեղծել եւ իշխանությունից հեռացնել կոռուպցիոներներին: Հետաքրքիր է, որ Փենինգտոնն այստեղ մոռանում է Սերժ Սարգսյանի մասին իր եւ նախորդ դիվանագետների կարծիքները եւ անիրական հույսեր փայփայում առ այն, որ վերջինս կոռուպցիան հաղթահարելու ձգտում կցուցաբերի: Այստեղ հավանաբար կրկին խոսում է ԱՄՆ պետական շահի գիտակցությունը. հովանավորել Հայաստանի իշխանություններին սեփական նպատակների իրականացման դիմաց: Փենինգտոնը հավելում է, որ իրենք շարունակելու են իշխանությունների առաջ ճշմարտությունը բարձրաձայնել եւ չթուլացնել քննադատությունը հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ: Այս ամենով հանդերձ՝ ամերիկացին արձանագրում է, որ չի կարելի երկար ժամանակ հույսեր փայփայել Սերժ Սարգսյանի դրական բնույթի շուրջ, եթե վերջինս գործնական ու վստահելի քայլերով դա չապացուցի:

Արժանահիշատակ է ԱՄՆ գործերի նախկին հավատարմատարի այն պնդումը, որ չպետք է որեւէ ձեւով սասանել հայ հասարակության կարծիքը ԱՄՆ-ի՝ ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության հանդեպ ունեցած պատասխանատվության մասին: Սրանով հանդերձ՝ Փենինգտոնն անցում է կատարում Սերժ Սարգսյանի հաղթանակի առթիվ Սպիտակ տան կողմից շնորհավորական ուղերձի թեմային: Հեղինակը տեղեկացնում է, որ Մ.Բրայզայի այցի ընթացքում դիվանագիտական տարբեր շրջանակներում քննարկումներ ընթացել են այս հարցի առնչությամբ: Սեփական կարծիքը ներկայացնելով՝ դիվանագետը հայտնում է, որ Վաշինգտոնը պետք է շնորհավորական ուղերձը հղի արտակարգ դրության ավարտից հետո կամ էլ Սարգսյանի երդմնակալության արարողության նախօրյակին: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի՝ կեղծիքների միջոցով նախագահի աթռին բազմելը քանիցս արձանագրած դիվանագետը խոստանում է չսասանել հայ հասարակության վստահությունը եւ նույն պահին խորհուրդ տալիս շնորհավորել քաղբանտարկյալներ պահող ու Մարտի 1-ի սպանդի միջոցով իշխանությանը տիրացած գործչի «հաղթանակը»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս