165 հազար դրամ՝ մեկ նստարանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անարդյունավետ ծախսեր անելու սովորույթն արդեն վաղուց հայտնի է երեւանցիներին: Մեզ համար «Ավելի լավ Երեւան» ապահովող քաղաքապետը հերթական անգամ քաղաքային բյուջեի հաշվին ձեռք է բերել թանկարժեք նստարաններ եւ աղբամաններ: Մեկ նստարանն արժի 165 հազար դրամ, իսկ աղբամանը՝ 77 հազար:

Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ, որով քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել 30 հատ նստարան՝ վճարելով մոտ 5 մլն դրամ:

Հայաստանում պաշտոնական տվյալներով՝ ամեն երրորդ քաղաքացին համարվում է աղքատ, չափազանց բարձր է գործազրկության մակարդակը, եւ դրան հակառակ` ցածր` տնտեսական ակտիվության ցուցանիշը: Եւ այս տվյալների ֆոնին քաղաքային իշխանությունների, ՀՀ պետական կառույցների անտրամաբանական շռայլությունները մշտապես զայրացնում են մեր հասարակությանը: Մասնավորապես նույն անտրամաբանական ու շատ թանկ գնով տեւական ժամանակ է, ինչ քաղաքային իշխանությունները ձեռք են բերում նստարաններ եւ աղբամաններ, որոնց համար բյուջեից վճարվում են հսկայական չափերի հասնող գումարներ: Շուրջ 400 դոլար ամեն նստարանի համար վճարելը, այն էլ՝ անբարեկարգ եւ փոսառատ փողոցների ֆոնին, իհարկե, մեղմ ասած՝ խայտառակություն է:

Մի կողմ թողնելով այն, որ նմանատիպ նստարանները հնարավոր է ձեռք բերել առավել մատչելի գներով, նշենք, որ քաղաքապետարանի այս ծախսը պատճառաբանված չէ, քանի որ ձմռան ամիսների ընթացքում նստարանները, որպես կանոն, վնասվում են, եւ կարիք է առաջանում դրանք նորերով փոխել: Ավելին՝ այս ամիսներին մարդիկ նստարանների կարիք այդքան էլ չեն զգում, որովհետեւ ցրտի պատճառով բոլորն էլ տուն են շտապում:

Եւ դեռ հարց է, թե նոր տեղադրված նստարանները ինչ տեսք կունենան գարնանը, երբ ձնից մաքրվեն: «Ժողովուրդ»-ը Երեւանի ավագանու անդամ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք տրամաբանական է այն, որ յուրաքանչյուր նստարանի համար վճարվում է 165 հազար դրամ:

«Ես դեռեւս հուլիսին այս թեմայի շուրջ հարցում եմ արել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ հետաքրքրվել եմ, թե ինչու է Երեւանի փողոցներում տեղադրված թանկարժեք նստարանների լաքը թափվում: Մինչդեռ այն չպետք է թափվեր: Չէ որ դա այդ կազմակերպության՝ «Նիկոլ Դուման»-ի պարտականությունների մեջ էր մտնում»,- նկատեց տիկին Բախշյանը, որի հարցմանը քաղաքապետարանի համապատասխան բաժինը պատասխանել է հետեւյալ կերպ. «Երեւան քաղաքում պուրակների, այգիների կահավորման նպատակով ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված նստարանների գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրով նախատեսված է երաշխիքային սպասարկում մեկ տարում, որի արժեքը ներառված է նստարանների ձեռք բերման պայմանագրային գնի մեջ»: «Սա են ինձ պատասխանել: Այսինքն՝ ստացվում է, որ այդ կազմակերպությունը պարտավոր է մեկ տարվա մեջ հետեւել նստարանների որակին: Բայց մենք հակառակն ենք տեսնում: Իսկ ավելի լավ չէ՞, որ մենք առաջնորդվենք ժողովրդական իմաստուն ասացվածքով՝ ոտքդ մեկնիր քո վերմակի չափով, այսինքն՝ կատարենք ծախսեր, որոնք ավելի նպատակային կլինեն: Ես այս մասին զրուցել եմ նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ, ով նշեց, որ այդ կազմակերպությունը բարեխիղճ է, եւ թանկարժեք չէ, իսկ նստարաններն էլ որակով են: Այո՛, շատ գեղեցիկ են, եթե տեսքը չի փոխվում: Ես օրերս Եռաբլուրում էի եւ նկատեցի, որ նստարաններն ամբողջովին լաքազրկված էին: Հիմա ո՞վ պետք է հետեւի դրանց»,- մտահոգվեց ավագանու անդամը:

Նրա համոզմամբ՝ պետք է վերանայվեն այդ գնումների մասին օրենքով սահմանված մրցույթի պայմանները: «Դրա համար էլ մենք 2015 թվականի բյուջեում առաջարկելու ենք, որ վերանայվեն այդ պայմանները, կամ մրցույթին մասնակցեն այլ կազմակերպություններ եւ էժան գնով նստարաններ առաջարկեն»,-տեղեկացրեց տիկին Բախշյանը: Նշենք, որ նախորդ մրցույթին մասնակցող միակ ընկերությունը «Նիկոլ Դումանն» է եղել:

Վերջերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երեւանի փողոցներից թվով շուրջ 18 հատ աղբաման են գողացել: Ինչի արդյունքում քաղաքային բյուջեն 1 մլն 386 հազար դրամի կորուստ ունեցավ: Սակայն այս փաստը, կարծեք թե, առանձնապես չի մտահոգում քաղաքային իշխանություններին, որոնք ձեռնամուխ են լինում նոր, թանկարժեք աղբամաններ պատվիրելուն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս