Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀԿ-ում ակտիվորեն քննարկում են ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատելու հարցը: Հավանական է, որ իրար միացվեն ԱԺ արտաքին հարաբերությունների ու եվրաինտեգրացիայի, ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերի, գյուղատնտեսության եւ ՏԻՄ, սոցիալական հարցերի եւ առողջապահության մշտական հանձնաժողովները: Ի դեպ, ԱԺ կանոնակարգում առկա բանաձեւի համաձայն՝ ԱԺ անցած ուժերից միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իրենց ստացած ձայների թվից ելնելով, կարող են հանձնաժողովներում նախագահներ ունենալ, իսկ մյուս ուժերին հանձնաժողովի նախագահի պաշտոն կտրվի միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց տեղը զիջեն: ԱԺ ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ՀՀԿ-ում նման խնդիր բարձրացված չէ: «Դա ԱԺ-ի եւ քաղաքական թիմերի խնդիրն է, ու եթե նպատակահարմար համարեն, ապա համապատասխան որոշում կկայացնեն: Բայց այս պահին նման հարց չկա դրված»,-ասաց նա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ