Հայկական ամենախորհրդավոր ձայներից մեկը՝ Միստր Իքսը (Արթուր Հակոբյան), ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ այնտեղից հետեւում է հայաստանյան կյանքին եւ շատ է ուզում, որ Հայաստանից չգնան, որ մեզ մոտ հնարավորությունները մեծ լինեն, աշխատատեղերը՝ շատ, իսկ մարդիկ հայրենիքում մնան հաճույքով, այլ ոչ թե ստիպված:
Մենք զրուցել ենք նաեւ երգչի անձնական կյանքում սպասվող փոփոխություններից:
-Արթո՛ւր, այժմ ԱՄՆ-ում ստեղծագործական ի՞նչ գործունեություն եք ծավալում: Նոր երգեր եւ հոլովակներ ակնկալե՞նք:
-Այո՛, ներկա պահին ավելի շատ համերգային գործունեությամբ եմ զբաղված: Մյուս տարվա ընթացքում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում պետք է հանդես գամ մեծ մենահամերգներով: Ունեմ մի շարք նոր երգեր, որոնք գրվում են: Դրանք իմ հանդիսատեսին կփոխանցեմ տեսահոլովակների միջոցով, նաեւ կներկայացնեմ համերգների ժամանակ բեմից:
-Հայաստանյան հանդիսատեսը ե՞րբ սպասի Ձեր մենահամերգին:
-Ցավոք, դեռեւս չեմ կարող հստակ ասել. մենահամերգը կլինի մյուս տարվա կա՛մ գարնանը, կա՛մ աշնանը:
-Գաղտնիք չէ, որ համերգներով հանդես գալու համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ: Փաստորեն ԱՄՆ-ում աշխատելով՝ կարողանում եք այդ գումարները վաստակել, թե՞ հովանավորներ ունեք:
-Դրանք փոքր միջոցառումներ են. մեծ համերգներ չեն: Առհասարակ, պետք է նկատենք, որ Հայաստանում եւ Ռուսաստանում շատ ավելի հեշտ է երգարվեստի ասպարեզում գումար վաստակել, քան ԱՄՆ-ում: Այստեղ շատ փող չեն կարողանում տալ: Իսկ հովանավորներ չունեմ. ես ինքս եմ իմ հովանավորը:
-Եթե Հայաստանում ավելի հեշտ է Ձեր ոլորտում գումար աշխատելը, այդ դեպքում ինչո՞ւ եք մեկնել ԱՄՆ:
-Նկատի ունեմ՝ Հայաստանում «շոու-բիզնես» հասկացությունն ավարտվում է հարսանիքով: Այսինքն՝ երգիչներն իրենց հիմնական գումարներն աշխատում են հարսանիքներին մասնակցելու միջոցով: Իսկ ահա այստեղ լսարանն ընդլայնելու փորձեր են արվում, աշխատում են այլ ազգերի համար երգելու, միջազգային ճանաչում ստանալու ուղղությամբ, բայց դա եւս շատ դժվար է իրականացնել, շատ…
-Ի՞նչպիսի խոչընդոտների եք բախվել ԱՄՆ-ում:
-Նման խոչընդոտներ չեն եղել. երկիրն ամեն հնարավորություն էլ ընձեռում է, որպեսզի ինչ ուզում ես՝ անես: Պարզապես մեծ գործեր ձեռնարկելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, իսկ դրանք, հաճախ, չի ստացվում կատարել:
-Այնտեղի մրցակցությանը դիմանո՞ւմ եք:
-Այստեղ մրցակցությունը շատ մեծ է, ԱՄՆ-ում ամեն տեսակի ու ազգի երգիչ կա, նրանցից շատերը նույնիսկ փողոցում են…Հեշտ չէ: Շատերին թվում է, թե գալու են Հոլիվուդ, եւ արդեն օդանավակայանից դիմավորելով՝ իրենց ասելու են. «Վա՜յ, արդեն եկե՞լ եք, դե, ուրեմն սկսենք նկարահանման եւ ձայնագրման աշխատանքները»: Իրականում այդ ամենն իրականացնելը շատ դժվար է, բայց, իհարկե, անհնար էլ չէ…
-Արթո՛ւր, ԱՄՆ-ից հասցնո՞ւմ եք հետեւել հայաստանյան կյանքին: Ձեզ մտահոգող ի՞նչ խնդիր կա այստեղ, որը կուզենաք լուծված տեսնել:
-Կուզենայի, որ մարդիկ Հայաստանից չգնային…Բայց եւ չմնային հայրենասիրությունից դրդված եւ ստիպված, այլ հաճելի, ցանկալի լիներ հայրենիքում մնալը: Կուզենայի, որ հնարավորությունները մեծ լինեին, աշխատատեղերը՝ շատ, որ մարդիկ իրենց տանն ապրեին:
-Ձեր վերադարձին սպասե՞նք:
-Այո՛, անպայման. իմ տունը եղել է եւ մնում է Հայաստանը:
-Իսկ ո՞ր դեպքում կվերադառնաք հայրենիք:
-Ես չեմ էլ հեռացել. մտքով միշտ Հայաստանի հետ եմ: Պարզապես աշխատանքի բերումով ԱՄՆ-ում եմ: Հուսամ՝ հաջորդ տարվա ընթացքում մենահամերգով կգամ հայրենիք եւ երկար կմնամ այդտեղ, որպեսզի կարոտս առնեմ:
-Ձեր ընտրյալը՝ հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը, ով նաեւ երգեր է գրում, հասցրե՞լ է Ձեզ համար ստեղծագործել:
-Այո՛, գրել է եւ շարունակում է գրել. հիմա մի քանի երգերի վրա ենք աշխատում:
-Ե՞րբ սպասենք Ձեր ամուսնությանը. այն պլանավորում եք անցկացնել հայկակա՞ն, թե՞ ամերիկյան տարբերակով:
-Ամուսնությանը սպասեք հաջորդ տարվա ընթացքում: Այն կլինի հայկական, բայց յուրահատուկ հարսանիք: Մնացած մանրամասները հայտնի կդառնան հենց հարսանքի ժամանակ:
Աննա Բաբաջանյան
Լուսանկարները՝ Bravo.am-ի