ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՈՒՄ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ ԲՀԿ-ի կոալիցիա մտնել-չմտնելով՝ Հայաստանի քաղաքական կյանքում որեւէ կարդինալ փոփոխություն չի լինելու:
-Պարո՛ն Կարապետյան, որպես քաղաքական դաշտի «երրորդ կողմ»՝ կարո՞ք եք օբյեկտիվորեն բացատրել, թե ինչու Հայաստանում չի հաջողվում իշխանություն ձեւավորել:
-Չի հաջողվում, որովհետեւ ընտրություններն անցել են ծրագրավորված, բայց ինչպես նման գործընթացներում լինում է, եղել է մի փոքր վրիպում: ԲՀԿ-ն ընտրությունների ընթացքում ավելի խիստ հռետորաբանություն վերցրեց, քան պետք էր: Եւ որպեսզի փրկի իր դեմքը եւ որոշ չափով պահպանի իշխանության չափաբաժինը, այն կիսելու ժամանակ նաեւ ապագա կուրսի փոփոխության պահանջ է դնում:
-Այսօր այնպիսի իրավիճակ է, որ մի ողջ երկիր սպասում է Գագիկ Ծառուկյանի խոսքին:
-Դա ռուսերեն կոչվում է политес: Նայե՛ք՝ Հայաստանի առաջ բազում խնդիրներ են կանգնած՝ ֆինանսատնտեսական՝ դոլարի, գնաճի հետ կապված, արտագաղթի տեմպերն աճում են, Սիրիայում հայկական համայնքի պրոբլեմներ են հասունանում, Չիկագոյում ընդունված փաստաթուղթը եւ այլն, իսկ մենք ի՞նչ ենք տեսնում՝ политес: Իշխանությունը մեր մեջ փորձում է հետաքրքրություն առաջացնել՝ կազմո՞ւմ են կոալիցիա, թե՞ չեն կազմում:
Կարծում եմ, որ թե՛ իշխանությունը, թե՛ ԲՀԿ-ն, միմյանց հետ պայմանավորված, երկարացնում են խաղը, եւ մենք էլ, կտրվելով իրականությունից, ընտրությունների ընթացքի եւ արդյունքների քննարկումից, պետության առաջ ծառացած խնդիրներից, զբաղվում ենք պաշտոնակռվի թամաշայով:  
-Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն հլու-հնազանդ ձեւով մաս կկազմի՞ կոալիցիային:
-Հլու-հնազանդը չգիտեմ, բայց որ կգնա, դրանում չեմ կասկածում: Հիմա դա հուշագրի, թե համաձայնագրի անվան տակ կլինի, չգիտեմ: Ու եթե դրսից ճնշումները չլինեին, ԲՀԿ-ն ավելի վաղ էր կոալիցիա կազմել:
-Եւ ի՞նչ կփոխվի դրանից շարքային քաղաքացու կյանքում:
-Բնականաբար ոչինչ: Էլի պարողը լինելու է Սերժ Սարգսյանը, քեֆ անելու է Սերժ Սարգսյանը, իսկ ժողովուրդը կշարունակի արտագաղթել:
-«Դրսից ճնշումներ» ասվածը արդյո՞ք վերաբերում է ՌԴ-ին եւ տեղավորվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում:
-Եկե՛ք մեկ անգամ ասենք ու այս հարցին այլեւս չանդրադառնանք: Եթե հիշում եք Քոչարյանի ելույթը ընտրություններից առաջ, ապա այնտեղ մեջբերված էր նաեւ Պուտինի հետ հանդիպումը: Այսինքն՝ Քոչարյանն իր PR-ի մեջ փորձում է օգտագործել Ռուսաստանի, Պուտինի ֆակտորը: Դրանով իսկ փորձ է արվում ցույց տալ, որ ՌԴ-ն ավելի շատ Քոչարյանի կուրսի ջատագովն է, քան այսօր տարվող քաղաքականության:
-Չկա՞ նման բան:
-Իհարկե ո՛չ: Կարծում եմ, որ Քոչարյանը եւ Սարգսյանը նույն մարդիկ են: ՀՀ-ում քաղաքական համակարգային փոփոխությունների առումով երկուսն էլ գտնում են, որ պետք է ամեն ինչ մնա նույնը: Այստեղ գնում է ընդամենը իշխանության չափաբաժին կիսելու խնդիր: Իմ կարծիքով՝ սա գիտեն նաեւ ՌԴ-ում: Բայց նույն ՀՀԿ-ն էլ իրենց միջոցառումներում ԲՀԿ-ի նման գովազդում է, թե Պուտինն ուղերձ հղեց, նամակ գրեց, հեռագիր տվեց եւ այլն: Ու հետո էլ ասում են, թե ինչու եք մեզ կապում դրսի հետ: Բայց դուք եք չէ՞ կապում:
-Ինչո՞վ է բացատրվում այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը երբ գնում է Մոսկվա, նրան Պուտինն ընդունում է, իսկ Սերժ Սարգսյանին՝ մերժում:
-Իմ տպավորությամբ Քոչարյան-Սարգսյան-Պուտին փոխհարաբերությունները ստեղծվել են 10 տարուց ավել: Քոչարյանն է այն երաշխավորը, որը վստահեցրել է, որ Սարգսյանը պրոռուսական առումով լինելու է իր իրավահաջորդը: Այս երաշխիքները թույլ էին տվել ՌԴ-ին գեոքաղաքական առումով ընկալել Սարգսյանի նախագահությունը: Չէ՞ որ մարտի 1 եղավ, մարդիկ զոհվեցին, բայց բոլոր մայրաքաղաքներում այդ էջը փակվեց, արյունը մոռացվեց (համոզված եմ՝ առայժմ): Ու երբ Սերժ Սարգսյանը երբեմն շեղվում է ուղուց, իմ կարծիքով՝ Պուտինը նրան ինչ-որ բաներ է փոխանցում հենց Քոչարյանի միջոցով: Հավանաբար սրա մեջ է գաղտնիքը: Միանշանակ է, որ նրանք իրար հետ կոնսուլտացիաներ անելուց հետո են գնում հանդիպումների. մեկը Մոսկվային է ներկայացնում իրենց տեսակետը, մյուսը՝ Վաշինգտոնին եւ Բրյուսելին: Այդ զույգի քայլերը սինխրոն են, եւ սրա մասին կան բազում փաստեր: Ու երբ այս խաղը աշխարհի կենտրոնները հասկանում են, դառնում է շատ վտանգավոր թե՛ իրենց, թե՛ Հայաստանի համար:
-ՀՀԿ-ն հայտարարեց, որ քաղաքական բոլոր ուժերի հետ կոնսուլտացիաներ են անում՝ ապագա կառավարության շուրջ: Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ եռյակից բացի, էլի ինչ-որ ուժեր ներգրավվեն իշխանության կազմում:
-Իմ ունեցած ինֆորմացիայով կոնսուլտացիաները գնացել են ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ ձեւաչափով: Ընտրություններից հետո նմանատիպ հանդիպում եղել է ՀՅԴ-ի հետ, բայց համաձայնություն չի եղել: Իսկ ոչ պաշտոնական ուղիներով բոլորի տրամադրություններն էլ շոշափում են՝ այդ թվում եւ դեսպանատների մակարդակով: Բայց կոնկրետ առաջարկներ դեռ չեն արվում, ի դեպ, ասեմ, որ բացի ՀԱԿ-ից:
-Իսկ ՆԺԿ-ն՞:
-Մենք որեւէ փոխհարաբերություն չունենք ո՛չ իշխանության, ո՛չ խորհրդարան անցած ընդդիմության հետ: Այլ ուժերի հետ, իհարկե, խորհրդակցություններ անում ենք՝ կապված նոր ընդդիմադիր ուժի վերադասավորումների հետ:
-Կհաջողվի՞ մեր երկրում նոր ընդդիմադիր բեւեռ ձեւավորել:
-Իմ տպավորությամբ մինչեւ հունիսի կեսերը կշարունակվեն խորհրդակցությունները ու կգնան սեպտեմբեր: Այդ ժամանակ արդեն ռեալ հնարավորություն կլինի հայտարարել նոր ընդդիմադիր բեւեռի մասին, եթե ստացվի: Կարծում եմ, որ Հայաստանում իրավիճակը գնալով թելադրելու է նոր արմատական ուժի ստեղծման անհրաժեշտություն:
-Առայժմ չե՞ք գաղտնազերծում, թե որ ուժերի միավորման մասին է խոսքը:
-Ո՛չ, դրանք դեռ խորհրդակցություններ են:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս