ՀՅԴ-Ն ԸՆԴԴԵՄ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միասեռականների ու ազգայնականների հարցը որոշ ազդեցություն է ունեցել նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգի վրա: Բանն այն է, որ արեւմտյան երկրների դեսպանատները բավական բացասական են արձագանքել այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջոցով ազգայնական հայտարարություններ են անում: Նույնիսկ տարբեր դեսպանատներից այս ուղղությամբ դիվանագիտական խողովակներով դժգոհություն է հայտնվել Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ նման հայտարարությունները հակասում են ժողովրդավարական արժեքներին:
Շատ վատ է ընդունվել նաեւ ՀՅԴ պահվածքը: Բանն այն է, որ վերջերս ազգայնական երիտասարդներից մեկին կալանքից ազատելու համար միջնորդել ու համապատասխան գրավ էր մուծել ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խոսքը այն տղայի մասին է, որին ձերբակալել էին համասեռամոլների հավաքատեղի համարվող բարերից մեկը այրելու մեջ: Մինասյանը գրավի գումարը մուծելուց բացի, որոշ ազգայնական հայտարարություններ էր արել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՅԴ սփյուռքի կառույցներում այս հարցը սուր արձագանք է գտել: Նույնիսկ տեղեկություններ կան, որ այս ամենի հետեւանքով հնարավոր է՝ Արծվիկ Մինասյանին ստիպեն վայր դնել մանդատը: Մանավանդ որ ՀՅԴ-ում ցանկանում են ամեն գնով խորհրդարան բերել համամասնական ցուցակի յոթերորդ համարը զբաղեցնող Արմեն Բաբայանին:
Ի դեպ, Եվրոպայի Երիտասարդ ընկերվարականների կազմակերպության նախաձեռնությամբ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում սեմինարի ժամանակ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները դատապարտել են ցանկացած գործողություն՝ ուղղված փոքրամասնությունների նկատմամբ բռնության կիրառմանը եւ ճնշման գործադրմանը՝ նշելով, որ ցանկացած ժողովրդավարական պետություն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով փոքրամասնությունների ազատությունը: Քննարկումների արդյունքում մասնակիցների կողմից հնչեցվել են առաջարկություններ, թե ինչպես ընկերվար-ժողովրդավարական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները միասնաբար պետք է պայքարեն ծայրահեղական շարժումների դեմ` հանուն մարդու իրավունքների պաշտպանության եւ համերաշխության հաստատման:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս