ՀԻՄԱ ԷԼ ՍՓՅՈՒՌՔԻ ՍԱՐԵՐԸ ՇԱՐԺԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունում սկիզբ առած խնդիրներին գնալով նորերն են ավելանում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը, մտահոգված լինելով կոալիցիայի մշուշոտ հեռանկարով, փորձում է նաեւ այլ ուժերի, այդ թվում եւ՝ «Ժառանգության» հետ հարաբերություններ ստեղծել: Պատահական չէր, որ օրերս իր ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, թե իրենք քաղաքական բանակցություններ են վարում ԱԺ անցած բոլոր ուժերի հետ, բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան անմիջական հանդիպում առայժմ տեղի չի ունեցել: Սակայն իշխանությունները «Ժառանգության» հետ առայժմ բանակցում են միջնորդների միջոցով: Այժմ որպես միջնորդ հանդես է գալիս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին էլ հաջողվել էր առժամանակ կամուրջ լինել Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ՝ կազմակերպելով նրանց երկխոսությունը: Այլ հարց, թե հետագայում ինչ ընթացք ստացավ այս երկխոսությունը:
Եւ ահա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ջոն Հեֆֆերնը օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Այնուհետեւ նա հանդիպել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ու փոխանցել իշխանությունների առաջարկը, որ «Ժառանգության» ղեկավարը զբաղեցնի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնը: Հեֆֆերնը նաեւ հորդորել է «Ժառանգության» առաջնորդին. «Ամեն դեպքում ինչ որոշում կայացնես, կայացրո՛ւ վերջնական: Մանդատի նման կիսատ չթողնես»: Ր. Հովհաննիսյանը կոնկրետ պատասխան չի տվել: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, «Ժառանգություն»-ում առայժմ այս հարցով չկա կոնկրետ որոշում:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ «Ժառանգություն»-ում թեժ քննարկումներ են համամասնական ցուցակով պատգամավորների հարցի վերաբերյալ. նրանք ԱԺ-ում ունենալու են հինգ պատգամավոր: Ու հիմա դեռ որոշված չէ, թե ովքեր են լինելու այդ 5 հոգին. բանն այն է, որ «Ժառանգություն»-ում ցանկանում են պատգամավոր դարձնել ոչ անհայտ Թեւան Պողոսյանին, որը համամասնական ցուցակի 6-րդ համարն է: Իսկ դրա համար հարկավոր է, որպեսզի մեկն ինքնաբացարկ հայտնի: Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախարար դառնալու դեպքում շատ հեշտությամբ կլուծվի այս հարցը, քանի որ համամասնական ցուցակի մյուս ներկայացուցիչները համառորեն չեն ցանկանում հանուն Պողոսյանի վայր դնել մանդատը: Իշխանություններն էլ են շահագրգռված իրենց մարդուն պատգամավոր դարձնելու համար մի պաշտոն տալ Րաֆֆի Հովհաննիսյանին, մանավանդ որ սա նրա համար ամենասազական պաշտոնն է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ համագործակցությանը, ապա այս հարցում կարծիքները բաժանվել են երկու մասի. «Ժառանգության» իշխանամետ հատվածը, այնուամենայնիվ, ցանկանում է գնալ համագործակցության: Այս տեսակետի կողմնակից է նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամների մի հատվածը, որոնք նույնիսկ նշել են, թե որ պաշտոնները կցանկանան զբաղեցնել:
Մինչդեռ, «Ժառանգության» ներսում կա նաեւ լուրջ դիմադրություն ոչ միայն իշխանությունների, այլեւ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ համագործակցության վերաբերյալ: «Ժառանգության» այս հատվածն ակտիվորեն համոզում է Րաֆֆի Հովհաննիսյանին առաջադրվել 2013թ. նախագահի ընտրություններում: Մինչդեռ ՀՀԿ-ի հետ համագործակցության դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը պարզապես կվտանգվի: Հասկանալի է, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը ենթադրում է նաեւ համաձայնել 2013թ. ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելուն: Այլապես անտրամաբանական կլինի, ունենալով բացարձակ մեծամասնություն, պաշտոնների մի մասը զիջել ուրիշ կուսակցությունների: Պատահական չէ, որ ե՛ւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ե՛ւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բազմիցս հայտարարել են, թե կոալիցիա կազմելն իրենց համար ինքնանպատակ չէ, այլ կոալիցիա պետք է ձեւավորվի ծրագրերի ու միասնական ղեկավարի շուրջ:
Ինչեւէ, երեկ մեկնաբանությունների համար դիմեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին, որը, սակայն, նշեց. «Անհեթեթությունները չեմ մեկնաբանում»: Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ դեսպան Հեֆֆերնի հանդիպման լուրը հերքեց նաեւ նախագահականի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս