ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Ըստ Tert.am-ի, Հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հայցադիմում կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի: Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը 2009թ. գնել է «Սիփան-1» ընկերությունը, եւ այդպիսով նրան է պատկանում Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու արտոնագիրը: Սակայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը որոշ ժամանակ անց հրահանգել է զրկել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրին արդյունահանման արտոնագրից:
ԴՊՐՈՑԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ
ՀՀ նախագահի նստավայրի դիմաց երեկ հավաքվել էին Ապարանի ֆիզմաթ թեքումով դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները եւ պահանջում էին, որպեսզի չեղյալ համարվի դպրոցը փակելու մասին կառավարության որոշումը։ Ցուցարարների ձեռքին կային «Հավատում ենք, որ կփոխեք N231 որոշումը», «Հարգե՛ք 8000 բնակիչների կամքը» վերտառությամբ ցուցապաստառներ։ Ըստ կառավարության որոշման՝ պետք է փակվի Ապարանի 127 աշակերտ ունեցող ֆիզմաթ դպրոցը, ուր հաճախում են մոտակա 40 գյուղերի երեխաներ:
ՓՈՂ ՉԿԱ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդանում գործող «Միկա ցեմենտ» ՓԲԸ անվտանգության աշխատակիցները արգելել են գործարանի աշխատակիցներին դուրս գալ եւ իրենց բողոքը հայտնել այն մասին, որ գործարանի թվով 500-ից ավել աշխատակիցներ մի քանի ամիս է, ինչ կանոնավոր չեն ստանում իրենց աշխատավարձը։ Տնօրինությունը պատճառաբանել է, որ աշխատավարձը չեն կարողանում կանոնավոր տալ, քանի որ իրենք վճարումներ են կատարում գազի, էլեկտրաէներգիայի համար, բայց ինքնաթիռ են գնում:
ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլընտրանքային ընտրությունների միջոցով հարկավոր է նոր ընտրություններ անցկացնել եւ հասնել իշխանափոխության: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը՝ նշելով, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը: «Մենք գտնում ենք, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Մեր նախագիծը ունենալու է համահայկական նշանակություն: Մենք երկու փուլով պետք է հասնենք իշխանափոխության: Կնքվելու են քաղաքացիական պայմանագրեր, կազմավորվելու է այլընտրանքային քաղաքացիական նախախորհրդարան»,-ասել է նա:
ՀԱՆԳԻՍՏ ԵՂԵՔ
Henaran.am-ի տեղեկություններով՝ մամուլում տարածված լուրերը, թե վարչապետ է նշանակվելու ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, բուռն քննարկումների առիթ են դարձել կառավարությունում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ իր թիմակիցներին, աշխատակազմին հանգստացրել է՝ ասելով, որ շարունակեն աշխատել բնականոն ձեւով: Նա հերքել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու լուրերը` ասելով, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորին գործադիր չեն տեղափոխի:
Այն հարցին, թե նախագահական ընտրություններից հետո հնարավոր է, այնուամենայնիվ, գործադիրի ղեկավարի փոփոխություն, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Մինչեւ այդ շատ ջրեր են հոսելու, կապրենք, կտեսնենք»: