ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշեր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դարձյալ քննարկել են իշխող կոալիցիայի հարցը, թե ում քանի նախարարական, մարզպետական պորտֆել է հասնում եւ ԱԺ-ում ինչքան հանձնաժողովի տեղեր` ու դարձյալ համաձայնության չեն եկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը մասնակցել է նաեւ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Տեսնելով, որ Սերժ Սարգսյանն անդրդվելի է ՀՀ վարչապետի հարցում եւ բացի Տիգրան Սարգսյանից, որեւէ մեկին տեսնել չի ուզում, Ծառուկյանն առաջարկել է Հովիկ Աբրահամյանին նշանակել գոնե ԱԺ նախագահի պաշտոնում: Մեր տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը դեռ վերջնական դրական պատասխան չի տվել՝ փոխարենը պայման է դրել Հովիկ Աբրահամյանի առջեւ. նա պիտի ԲՀԿ-ի հետագա քայլերի պատասխանատվությունն անձամբ իր վրա վերցնի, որպեսզի ճակատագրական պահերին ԲՀԿ-ն անկանխատեսելի բաներ չանի: Իսկ բուն հուշագրի կամ համաձայնագրի տեքստի մասով էլի քննարկելու բաներ են մնացել: ԲՀԿ-ն ձգտում է, որ մինչեւ մայիսի 31-ը որեւէ բան չհայտարարվի, եւ ԱԺ առաջին նիստը կայանա առանց կոալիցիոն համաձայնագրի: Մինչդեռ Սերժ Սարգսյանը չի համաձայնում:
Ավելին, երեկվա գիշերային հանդիպման ժամանակ հպանցիկ քննարկվել է նաեւ ԲՀԿ ցուցակում հայտնված Հմայակ Հովհաննիսյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի հարցը: Սարգսյանն ասել է, որ նրանք իր համար անցանկալի թեկնածուներ են:




Լրահոս