Երեկ՝ մայիսի 23-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 1961թ.-ին ծնված Լեւոն Գեւորգյանը:
«Լեւոն Գեւորգյանը դատապարտվել է մի քանի անգամ: Վերջին անգամ՝ գողության մեղադրանքով: Նախնական վարկածով՝ դատապարտյալը մահացել է սրտի կաթվածից (ինֆարկտ), սակայն վերջնական ստույգ պատասխան կտա դատաբժշկական փորձաքննությունը»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին պետ Գոռ Ղլեչյանի վկայությամբ Լ. Գեւորգյանն առողջական խնդիրներով երբեք չի դիմել քրեակատարողական հիմնարկի բժշկին. «Այդ օրն առաջին անգամ նա անձամբ իջել է բժշկի սենյակ, տեղեկացրել, որ վատ է զգում եւ օգնություն խնդրել: Մինչ բժիշկը փորձել է որեւէ քայլ ձեռնարկել, Գեւորգյանը մահացել է»:
Զրուցեցինք Լեւոն Գեւորգյանի հետ նույն խցում գտնվող դատապարտյալներից մեկի կնոջ հետ, որը պատմեց, որ Լեւոնն առավոտից բողոքել է սրտի ծակոցներից: Խցի ընկերները կալանավայրի բժշկին են կանչել, սակայն բժիշկն ուշացել է: Հսկիչին նորից են խնդրել, որ կանչի բժշկին, վերջինս ասել է, թե «ա՛յ մարդ, պաժա՞ր ա, գալիս եմ, էլի՜»: Եւ այսպես, ահազանգից 2 ժամ հետո նոր բժիշկը բարեհաճել է գնալ: Ու հենց հիվանդին հանել են խցից, դռների մոտ մահացել է:
Նշենք, որ Լեւոն Գեւորգյանին «Նուբարաշեն» ՔԿՀ են տեղափոխել սույն թվականի մայիսի 16-ից: Դատարանը հաստատել է նրա մեղքը եւ դատապարտել ազատազրկման 2,5 տարի ժամկետով:
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻ ԲԺԻՇԿՆ ՈՒՇԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ